«Թուրքիան պետք է գիտակցի կարգավորման նկատմամբ իր շահը, այն չի կարող նրան պարտադրվել: Նույն իրավիճակն է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների դեպքում: Անհնար է ողջամիտ գործել եւ միջնորդ լինել մի իրավիճակում, երբ կողմերից մեկն իր բնակչությանը նախապատրաստում է բացառապես առճակատման»,- այս մասին երեկ հայտարարել է «Հայաստանի եվրոպական ընկերներ» կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեկը` պատասխանելով հարցին, թե չե՞ն կարող ԱՄՆ-ը ու Արեւմուտքը կարգավորման գործընթացի այս փուլում արդյունավետ միջնորդի դեր խաղալ: Նրա դիտարկմամբ` ՀՀ ոչ մի կառավարություն, բացի ներկայիս կառավարությունից, չի ունեցել նման ողջամիտ եւ խիզախ ռազմավարություն` իր բնակչությանը պատրաստելով լավագույն ապագայի:
«Նման քաղաքականությունը Հայաստանին տվել է շատ առավելություններ, քանի որ միջազգային հանրությունը գիտակցել է, թե ով է հուսալի գործընկերը, իսկ ով` ոչ: Մասնավորապես, Եվրոպական Միությունը հոգնել է այն բանից, որ Թուրքիան փաստաթղթեր է ստորագրում եւ չի կատարում դրանք, ինչպես Կիպրոսի դեպքում»,- ասել է Քամբեկը` ընդգծելով, թե պատահական չէ, որ Հայաստանն այսօր լուրջ առաջընթաց է արձանագրում «Արեւելյան գործընկերության քաղաքականության Գործողությունների ծրագրի» իրականացման գործում, իսկ Եվրոպական Հանձնաժողովի փոխնախագահ Էշթոնի` վերջերս արած հայտարարությունները եւ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների կատարած մի շարք այցերը Երեւան վկայում են այն մասին, որ ԵՄ ղեկավարության օժանդակությունը Հայաստանին երբեք չի եղել այնքան ուժեղ, որքան այսօր: Անդրադառնալով շրջանառվող տեսակետներին, թե հայ-թուրքական գործընթացի դադարն առավել ցավալի է Վաշինգտոնի, քան ՌԴ-ի համար, Քամբեկն ասել է. «Ռուսաստանը գերադասում է տարաձայնություններ չունենալ թե Հայաստանի` Կովկասում իր առանցքային դաշնակցի, թե Թուրքիայի` Մերձավոր Արեւելքում իր խոշորագույն գործընկերոջ հետ: Ոչ ոք չգիտի` որքան կշարունակվի ռուս-թուրքական նոր բարեկամությունը, քանի որ նրանք մրցակցում են երկու երկրների համար ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկ ոլորտում»:
Նաեւ նշել է, թե միջազգային բոլոր գործընկերները շահագրգռված են Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատմամբ: «Ներկայումս Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ գոյություն ունի կոնսենսուս այն մասին, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը կծառայի բոլոր կողմերի շահերին: Հենց այդ պատճառով հատկապես ցավալի է, որ Թուրքիան չցանկացավ վավերացնել արձանագրությունները «ողջամիտ ժամկետներում»` չնայած դա անելու Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի կողմից բազմիցս հնչեցված կոչերին: Ամենայն հավանականությամբ, «հնարավորությունների պատուհանը» ներկայումս փակ է, եւ մնում է սպասել` կպահպանվի՞ արդյոք այդ կոնսենսուսը համաշխարհային խոշոր դերակատարների միջեւ առաջիկա 3-5 տարիների ընթացքում»,- ասել է Մայքլ Քամբեկը: