Բոլորն էլ գիտեն, որ մեզանում տնտեսական աճ կոչվածը ինքնանպատակ ցուցանիշ է։ Այսինքն՝ թվերն աճում են, բայց եկամուտների խիստ բեւեռացվածության պատճառով դրա բարենպաստ ազդեցությունն իր վրա զգում է առավել ապահովված խավը։
Այդուհանդերձ, երբ ընթացիկ տարվա առաջին ամիսներին տնտեսական ցուցանիշները սկսեցին բարելավվել, աղոտ հույսեր ծագեցին, որ տնտեսությունը աշխուժության նշաններ ցույց կտա։ Առանձին ցուցանիշների դիտարկումը լավատեսություն ներշնչում էր. աճեցին հարկերը, արտաքին ապրանքաշրջանառության ծավալները եւ այլն։ Կարծես ամեն ինչ փոխկապակցված ձեւով է ընթանում։ Սակայն մակրոտնտեսական ցուցանիշների ամբողջության ֆոնին բոլորից մեկուսացած եւ անհասկանալի մնաց գործազրկության ցուցանիշը։ Տնտեսությունը այս տարվա առաջին 4 ամիսների կտրվածքով արձանագրեց 5.5% աճ, սակայն գործազրկության մակարդակը տարվա սկզբի համեմատ մնաց անփոփոխ՝ 7.3%։ Իսկ գործազուրկների թիվը տատանվում է 85 հազարի սահմաններում։
Այս իրողությունը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայության» գործակալության պետ Սոնա Հարությունյանը երեկ այսպես ձեւակերպեց. «Այսօրվա դրությամբ աշխատաշուկայում նկատվում է լարվածության մեղմում ու գործազրկության մակարդակի կայունացում: Մայիսի 1-ի դրությամբ Հայաստանում գործազրկության մակարդակը տարեսկզբի համեմատ մնացել է անփոփոխ»։
Փաստորեն՝ տնտեսական աճը աշխատաշուկայի պարագայում արտացոլվել է այնպես, որ գոնե գործազրկության մակարդակը չի ավելացել։ Ցանկության դեպքում, իհարկե, կարելի է այս երեւույթին տնտեսագիտական բացատրություն տալ։ Օրինակ՝ ասել, որ զբաղվածության վրա տնտեսական աճի ազդեցությունը լագային ազդեցություն ունի. այսինքն՝ որոշակի ժամանակ պետք է անցնի, մինչեւ աստիճանաբար ոտքի կանգնող տնտեսությունը լրացուցիչ աշխատուժի պահանջ զգա։ Միգուցե 2-3 ամիս հետո կսկսի բարելավվել նաեւ գործազրկության ցուցանիշները, եւ մեր պաշտոնյաները լուրջ դեմքերով կսկսեն խոսել նաեւ այդ «աճի» մասին։
Սակայն վերը նշված տվյալների հիման վրա վերլուծություններ անելը անշնորհակալ եւ, կարելի է ասել, անիմաստ զբաղմունք է։ Այն պարզ պատճառով, որ գործ ունենք պաշտոնական ցուցանիշների հետ։ Այսինքն՝ 85 հազար հոգին այն մարդիկ են, ովքեր ոչ միայն աշխատանք չունեն, այլեւ աշխատանք են փնտրում եւ հաշվառված են «Զբաղվածության պետական ծառայությունում»։ Ընթերցողներից յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն բանավոր հաշվարկ անել։ Օրինակ՝ հաշվել, թե քանի՞ ծանոթ-բարեկամ ունի, ովքեր աշխատանք չունեն, եւ նրանց քանի՞ տոկոսն է հաշվառման կանգնել այս գործակալությունում։ Շատ քչերը, այնպես չէ՞։ Անգամ զբաղվածության պետական ծառայության պետ Ս. Հարությունյանի խոսքերով՝ իրական գործազրկությունը շուրջ 3 անգամ գերազանցում է պաշտոնական ցուցանիշը։ Մասնավորապես, ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդաբանությամբ անցկացված ուսումնասիրությունների, գործազրկության մակարդակը Հայաստանում 27.5 տոկոս է:
Մարդիկ չեն հաշվառվում պետական այս մարմնում, չնայած Գործակալությունն իր կայքէջում հորդորում է այցելել տարածքային զբաղվածության կենտրոններ, խոստանալով, որ աշխատանք փնտրողներին «կտրամադրվի աշխատանքի խորհրդատվություն, տեղեկատվություն թափուր աշխատատեղերի, զբաղվածության ծրագրերի վերաբերյալ, կիրականացվի աշխատանքի միջնորդություն»։ Թե ինչո՞ւ մարդիկ չեն հաշվառվում պետական այս մարմնում, տկն Հարությունյանը բացատրում է մի շարք հանգամանքներով, օրինակ՝ տեղեկատվության պակասով կամ անվստահությամբ, որ այդ միջոցով կարող են աշխատանք գտնել։
Սակայն էականը դա չէ։ Ավելին, պետական քարոզչամեքենայի համար որոշ իմաստով ձեռնտու է մարդկանց անտարբերությունը Զբաղվածության գործակալության նկատմամբ։ Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ կլինի, եթե Հայաստանի բոլոր գործազուրկները վաղը որոշեն դիմել այս կառույցին։ Աշխատանքի կտեղավորվի նրանց չնչին մասը, իսկ գործազրկության պաշտոնական ցուցանիշը կաճի 3 անգամ՝ մեզ խայտառակ անելով միջազգային ֆինանսական կառույցների առաջ։
Ավելի կարեւոր է այն, թե ինչպե՞ս է ստացվել, որ 10 տարի երկնիշ տնտեսական աճ ունեցող Հայաստանում գործազրկության մակարդակը 27.5% է։ Բացատրությունը, որքան էլ զարմանալի հնչի, կարելի է գտնել նույն Զբաղվածության գործակալության կայքէջում։ Մասնավորապես, «ՀՀ աշխատաշուկային ուսումնասիրություն» կոչվող վերլուծությունից մեջբերենք հետեւյալ հատվածը. «Անցյալ տասնամյակում Հայաստանի տնտեսական աճի բարձր տեմպերը չեն զուգորդվել զբաղվածության աճով: Ինչպես անցումային շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում տեղի է ունեցել «աշխատատեղեր չապահովող աճ» կամ անգամ «աշխատատեղերի կորստով զուգորդված աճ»։
Այս պնդումը, ըստ էության, խիստ քննադատություն է իր մեջ պարունակում՝ «պատիվ տալու տեղեր» ստեղծող տնտեսական աճի վերաբերյալ։ Եթե չիմանայինք ով է հեղինակը, կվերագրեինք ընդդիմադիր տնտեսագետներից որեւէ մեկին։ Ավելին, մյուս պնդումն ավելի շատ է պատռում «երկնիշ աճի» տասնամյակի դիմակը. «Տնտեսության գլխավոր ճյուղերում տեղի են ունեցել զբաղվածության կառուցվածքի էական փոփոխություններ. արդյունաբերության եւ շինարարության մեջ զբաղվածների թվաքանակը 1990թ. 41.6%-ից նվազել է մինչեւ 2005թ. 15.4%-ը, գյուղատնտեսության եւ անտառտնտեսության մեջ զբաղվածների տեսակարար կշիռը 1990թ. 17.7%-ից դարձել է 46.2%»: Պարզ ասած, սա նշանակում է, որ ինդուստրիալ տնտեսությունից պոստ-ինդուստրիալին անցում կատարելու փոխարեն մենք ետ ենք գնացել՝ վերածվելով ագրարային երկրի։ Ի դեպ, բավականին ուշագրավ է այն դիտարկումը, որ շինարարության ոլորտում զբաղվածների թիվը նվազել է։ Սա ուշագրավ է հատկապես շինարարական բումի ֆոնին։ Սա պարզորոշ ցույց է տալիս, որ շինարարական աճ կոչվածն էլ մեզանում հիմնականում պայմանավորված է շինանյութերի, հողի եւ անշարժ գույքի անիմաստ թանկացմամբ։ Իսկ ամենացավալին այն է, որ նույն հրապարակման համաձայն, զբաղվածների թվի ամենամեծ կրճատումը դիտարկվել է գիտության ոլորտում: Իսկ մենք, ինչպես մեզ տարիներ շարունակ համոզում են իշխանությունները, կայուն կերպով շարժվում ենք դեպի գիտելիքահենք տնտեսություն։