Չեն ուզում գյուղացուն թալանել, բայց ստիպված են

11/05/2010 Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ

ՀՀ առեւտրային բանկերից ու վարկային կազմակերպություններից նախորդ տարի վերցրած վարկերի բարձր տոկոսադրույքները, բառիս բուն իմաստով, դարձան տասնյակ գյուղացիների դժբախտության պատճառ:

«Ոտքի կանգնելու» փոխարեն, նրանցից շատերը կորցրեցին իրենց միակ ունեցվածքը` տունն ու հողը: Ոմանք շուկայականից տասնապատիկ ցածր գնով վաճառեցին այն, իսկ ոմանց բնակարանն էլ բռնագանձվեց դատական կարգով` բանկերի ու վարկային կազմակերպությունների օգտին:

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից մեզ տրամադրված տեղեկատվության համաձայն, ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում հարուցվել է 3790 կատարողական վարույթ` բանկերի օգտին բռնագանձման պահանջով: Բռնագանձման ընդհանուր գումարը գերազանցել է 2,8 միլիոն դրամը:

Բացի առեւտրային բանկերից, նախորդ տարի գյուղացիների հետ աշխատել են նաեւ մի քանի վարկային կազմակերպություններ, որոնցից ամենաակտիվները «Արեգակ» եւ «Ֆինքա» ընկերություններն են: «Արեգակն» ունի մասնաճյուղերի ընդարձակ ցանց ՀՀ մարզերում, այդ իսկ պատճառով էլ բազմաթիվ գյուղացիներ, ավելորդ քաշքշուկից խուսափելու համար օգտվել են հենց վերջինիս ծառայություններից:

Գյուղական վարկերի վերաբերյալ մեր նախորդ հոդվածում զրուցել էինք պատգամավորների հետ, որոնք այս օրերին հայեցակարգ են մշակում` դատարաններում հայտնված գյուղացիներին օգնելու նպատակով: Մեզ հետ զրույցում անկուսակցական պատգամավոր Լյովա Խաչատրյանը մասնավորապես ասել էր. «Դա վարկ չի, դա նախօրոք ծրագրված թալան է: Բանկերն ի սկզբանե համոզված են, որ գյուղացիներն աշխատանք չունեն եւ չեն կարողանալու այդ գումարները հետ վերադարձնեն»: Ըստ պատգամավորի` այդ վարկերը տրվում են տարեկան 28 տոկոս տոկոսադրույքով, իսկ վարկատու ֆինանսական կառույցներն էլ շատ լավ գիտակցում են, որ այն մարելու համար գյուղացին ոչ մի եկամուտ ու հնարավորություն չունի: «Ուրեմն միտումնավոր ու դիտավորյալ են այդպես աշխատում: Եթե հնարավոր լինի ապացուցել, որ այդ վարկերը տրվել են դիտավորյալ ու հանցավոր միտումով, ապա դրանք պետք է չվերադարձվեն»,- ասում է Լ. Խաչատրյանն ու հավելում, որ դիտավորությունը կայանում է մարդկանց տներն ու ունեցվածքը խլելու մեջ:

ԴԱՀԿ-ից տեղեկացանք նաեւ, որ այս տարվա առաջին 3 ամիսներին վարկային կազմակերպությունների օգտին բռնագանձման պահանջներով հարուցվել է 642 վարույթ, որից 222-ը՝ «Արեգակ» ՈՒՎԿ-ի, իսկ 254-ը` «Ֆինքա» ՈՒՎԿ-ի օգտին: Հատկանշական է, որ նշված երկու կազմակերպությունների վարույթների հանրագումարից միայն 158-ն են հարուցվել Երեւանում գրանցված տնտեսվարողների նկատմամբ, ինչից էլ կարելի է ենթադրել, որ դրանք՝ հիմնականում գյուղական վարկեր են: Արդյո՞ք նման մեծաքանակ կատարողական վարույթները չեն նշանակում, որ ֆինանսական կառույցներում գործում է ռիսկի գնահատման ոչ արդյունավետ համակարգ: Այս եւ պատգամավոր Լ. Խաչատրյանի հնչեցրած հարցադրումների վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ «Արեգակ» եւ «Ֆինքա» վարկային կազմակերպություններից, որոնք, ըստ ԴԱՀԿ-ի, մյուսների համեմատությամբ, կատարողական վարույթների թվով ռեկորդակիր են:

Մեզ հետ զրույցում «Արեգակ» վարկային կազմակերպության գործադիր տնօրեն Մարիամ Եսայանն ասաց. «Նախ պարզաբանեմ, որ նշված թվով վարույթները ոչ թե հարուցվել են 2010թ. առաջին եռամսյակում, ինչպես նշվել է, այլ հարուցվել են առ 2010թ. առաջին եռամսյակի դրությամբ, ինչն էապես այլ պատկեր է ստեղծում 12 տարի ֆինանսական շուկայում գործող կազմակերպության համար: Միեւնույն ժամանակ, «մեծաքանակ» բառը պետք է համադրել կազմակերպության վարկառուների թվի հետ, որը ներկայումս գերազանցում է 31 հազարը, իսկ նշված վարույթների թիվը չի գերազանցում մարզաբնակ վարկառուների

0,7%-ը, ինչը վկայում է կազմակերպության ռիսկերի գնահատման բարձր մակարդակի մասին»: Մ. Եսայանը, պատասխանելով պատգամավորի պնդումներին` ասում է. «Պնդումը շատ հետաքրքիր է, անգամ ժպիտ է առաջացնում ինձ մոտ, քանի որ մեր կազմակերպության կողմից տրամադրվող վարկերի 98 տոկոսն առանց գրավի են: Իր գործունեության 12 տարիների ընթացքում «Արեգակը» որեւէ տուն, մեքենա, հող կամ հեռուստացույց չի բռնագանձել: Ի՞նչ է հարգարժան պատգամավորների առաջարկը, եթե վարկառուն չի վճարում պարտքերը, ի՞նչ պետք է անի բանկը կամ վարկային կազմակերպությունը: Կարծում եմ, օրենսդրական այլ տարբերակներ, քան կիրառվում են, դեռեւս չկան»: Մ. Եսայանը կարծում է նաեւ, որ բոլորովին էլ տեղին չէ այն կարծիքը, թե գյուղացիները վարկը վերցնում են անճարությունից դրդված ու հաճախ չեն կարողանում ռեալ գնահատել իրենց հնարավորություններն ու ռիսկը: «Գյուղացիներն իրականում շատ բանիմաց են, լավ պատկերացնում են իրենց ծախսերը եւ եկամուտները եւ բավականին գրագետ կազմակերպում իրենց թեկուզ փոքր գործարարությունը, որոնցում հիմնականում ընդգրկված են ընտանիքի բոլոր չափահաս անձինք: Ինչ վերաբերում է ճարահատյալ վարկ վերցնելուն, ապա դա այդպես չէ, քանի որ յուրաքանչյուր, թեկուզ շատ փոքր կամ թե գերմեծ ցանկացած գործարարության համար ամենուր պահանջվում է պարբերական ֆինանսական ներդրումներ»,- ասում է Մ. Եսայանը: Ֆինանսական կազմակերպություններին ձեռնտու է, երբ վարկառուն չի կարողանում վերադարձնել վարկը, քանի որ այս դեպքում կրկնակի ավելի եկամուտ է ունենում` գույքի բռնագանձման միջոցով: Հաճախ հնչող այս մեկնաբանության առնչությամբ էլ տիկին Եսայանն ասում է. «Հարցն ուղղեմ այլ բնագավառ. դասախոսին ձեռնտո՞ւ է ուսանողին անբավարար նշանակել, եթե ուսանողը պատրաստ չէ քննության, չէ՞ որ ավելորդ անգամ կամ անգամներ ստիպված է լինելու ժամանակ վատնել` լրացուցիչ քննություն անցկացնելու համար»:

Գյուղացիների դեմ դատարան ներկայացրած հայցերի քանակով «Ֆինքա» վարկային կազմակերպությունն առաջին տեղում է եւ անգամ գերազանցում է որոշ առեւտրային բանկերի: Նախորդ շաբաթ գրավոր հարցեր էինք ուղղել ընկերության գործադիր տնօրեն Երվանդ Բարսեղյանին` պարզելու, թե ո՞րն է վարկառուների դեմ հարուցած նման մեծաթիվ հայցերի պատճառը: Բացի այդ, մեզ հետաքրքրում էր նաեւ, թե ստեղծված իրավիճակից ելնելով՝ չի՞ պատրաստվում արդյոք ընկերությունը վերանայել գյուղացիներին տրվող վարկի տոկոսադրույքները: Սակայն ընկերության ղեկավարությունը գերադասեց մեր հարցերին չպատասխանել: Նշենք, որ «Ֆինքան» դատարաններում գտնվող գյուղացիներին վարկը տրամադրել է ճիշտ նույնքան տոկոսադրույքով, որքան` բիզնեսի ներկայացուցիչներին` տարեկան 24 տոկոսով: Թերեւս նման բարձր տոկոսադրույքն էլ պատճառ է դարձել ընդամենը 3 ամսում` 254 բռնագանձման պահանջի վերաբերյալ հայցի: