Արդարության հասնելու ակնկալիքով խմբագրության օգնությանը դիմելուց առաջ Վարդան Այվազյանը երկար ճանապարհ է անցել` դատարան, փաստաբաններ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, հասարակական կազմակերպություններ եւ այլ հաստատություններ, որտեղից վերջինիս բողոքին ի պատասխան, ըստ նրա, որպես կանոն, նշել են` «Անտեր երկիր է… ի՞նչ արդարություն»: «Հասկանո՞ւմ եք, ո՞նց կարելի է մարդուն սթրեսի մեջ գցել, ինչ է թե՝ իշխանություն են պահում: Ի՞նչ է, մեջքիս ետեւում գրված է` «ավանա՞կ»: Թող չհիմարացնեն, էշի տեղ չդնեն ինձ, ես արդարություն եմ ուզում, ուրիշ ոչ մի բան»,- վրդովված ասում է Վ. Այվազյանը` մի կերպ զսպելով բարկությունը: Բանն այն է, որ 2009թ. նոյեմբեր ամսին ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը Վ. Այվազյանին պատկանող «Օփել աստրա» մակնիշի մեքենան տեխզննության չենթարկելու համար նրան ենթարկել է 50.000 դրամ վարչական տուգանքի: Վ. Այվազյանը պնդում է, որ թեեւ ինքը օրինապաշտ քաղաքացի եւ վարորդ է, այդուհանդերձ, սկզբունքորեն մեքենայի տեխզննումը չի իրականացրել. «Իսկ ինչի՞ պիտի անեի: Իրենք` թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը ընտրություններից առաջ եկել են մեր մարզ, ծանոթացել են տարածքին եւ խոստացել են ընտրվելուց հետո բարեկարգել տարածքը: Մեր փողոցներն ավերակներ են, մեքենաս ջարդուխուրդ եղած, բակում կանգնած է: Ինչո՞ւ ասֆալտապատում չարեցին, իսկ իրենց ո՞վ պիտի պատասխանատվության առաջ կանգնեցնի: Հասկացե՛ք, ես ընդամենն արդարություն եմ ուզում, ոչ էլ գումարը վճարելուց եմ խուսափում»,- ասում է Վ. Այվազյանը, ում մեքենան վարչական տուգանքի ենթարկելուց եւ տուգանքը չվճարելուց հետո ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը հայց է ներկայացրել դատարան: 2010թ. ապրիլ ամսին ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը դիմում է ներկայացրել Վարչական դատարան` պահանջելով վճարման կարգադրություն` Վ. Այվազյանից արդեն 230.000 դրամ տուգանքի գումար բռնագանձելու համար: «Տուգանքը չվճարելու, տեխզննումը չիրականացնելու համար հիմա պարտավորեցնում են 230.000 դրամ վճարել: Ես գյուղացի մարդ եմ, տարեկան մոտ 2 հա-ից ավելի հող եմ մշակում, տարեկան 3-4 մլն-ից ավելի ծախս եմ անում իմ հողերի վրա: Առավոտյան գալիս եմ քաղաքից երեք հոգի բանվոր տանելու, օրական իրենց տալիս եմ 12.000 դրամ: Առավոտյան ժամը 8-ին պիտի բանվորին դաշտ տանեմ, բայց ժամը 12:00-ին նոր հասցնում եմ դաշտ: 4 ժամվա համար ես վարձավճար եմ տալիս, բայց նրանց չեմ կարողանում ժամանակին հասցնել ճանապարհների անբարեկարգ, ավերակ լինելու պատճառով: Էլ չեմ ասում, որ երեկոյան ժամը 8-ին պիտի տանեմ, բայց 5-ից շարժվում եմ, որ գոնե 8-ին իրենք տանը լինեն: Աշխատողներին աշխատացնում եմ 3 ժամ, բայց վճարում եմ ամբողջ օրվա համար: Դրա համար ինձ ո՞վ պիտի պատասխան տա էս անօրինական, անպետք, կեղտոտ երկրում»,- հարցնում է Վ. Այվազյանն` ասելով, թե ինչո՞ւ փողոցների ծայրաստիճան վատ վիճակի համար մեր երկրի պատասխանատուներին տուգանքի չեն ենթարկում նույն եռանդով, որով շարքային քաղաքացուն ու գյուղացուն են «պատին դեմ տալիս»: Նա վստահեցնում է, որ Արմավիրի մարզի Խորունկ գյուղից մինչեւ Երեւան բերող անանցանելի ճանապարհը նույնիսկ ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ հեռուստաընկերություններն իրենց ռեպորտաժներով «ռասկրուտկա» են արել, որի ժամանակ թեկնածուները որպես խիստ անբարեկարգ ճանապարհ՝ խոստացել են ասֆալտապատել: Նա այժմ դժգոհում է ճանապարհների անմխիթար վիճակից` ասելով, որ օրական 5 լիտր բենզինի փոխարեն՝ ծախսում է 10 լիտր: «Ինձ նայե՛ք, ես ինձ վրա տարվա մեջ 20.000 դրամ չեմ ծախսում, բայց ինչի՞ պետությանն էդքան գումար տամ, որ ընտրությունների ժամանակ նորից խաբե՞ն, էշի տե՞ղ դնեն: Ո՞ւմ դիմեմ արդարության համար, ասե՛ք, ուր դիմեցի, ասեցին` անտեր երկիր է` ի՞նչ արդարություն: Թե՞ գնամ տեռորիստ դառնամ»,- ասում է նա` վստահեցնելով, որ եթե այսպես շարունակվի, ճանապարհների պատճառով «ջարդված» իր մեքենան գազով լիցքավորելու ու ՀՀ կառավարության շենքի առաջ պայթեցնելու է: Վ. Այվազյանը Ղարաբաղյան պատերազմի մասնակից է եւ շուտով որդուն ճանապարհելու է զինվորական ծառայության: Մինչդեռ մեր իշխանություններից նրա հիասթափությունն այնքան մեծ է, որ արդարության չհասնելու դեպքում հրաժարվելու է ՀՀ քաղաքացիությունից եւ մեկնելու է Թուրքիա: Վ. Այվազյանը մեր ղեկավարներին կոչ է անում` կառուցել ճանապարհները, այնուհետեւ ՀՀ քաղաքացիներից պահանջել տուգանքները վճարել։ «Սկզբունքորեն չեմ տալու: Թող ճանապարհները կառուցեն` ես էլ վճարեմ: Բա իմ վնասների համար ո՞վ պիտի փոխհատուցի: Ինձ ամեն օր պետությունը թալանում, վնասում է, ինչո՞ւ պետությունն իր վնասածների համար չի հատուցում: Էջմիածնի քաղաքապետարանը բերեց իր տարածքը մինչեւ Արտիմեդ գյուղն ասֆալտեց, իսկ 20 մետր էն կողմ քանդված, անանցանելի ճանապարհին ձեռք չտվեց, ինչ ա թե՝ խեղճ ու կրակ գյուղացիների ամենօրյա ճանապարհն ա: Մետրանոց փոսեր են, որտեղ ավտոն ընկնում, ջարդվում ա: Հենց հիմա իրենց պատճառով իմ մեքենան ջարդած, տունը գցած ա: Արհեստավորը 200.000 դրամ ա սարքելու համար ուզում, բայց ավելի լավ ա էդ ավտոն դեն գցեմ, քան սարքեմ»,- բարկացած ասում է Վ. Այվազյանը: «Շուկա եմ գնում-գալիս, մեքենայի կեսը թողնում եմ ճանապարհին»,- դժգոհում է նա` հավելելով, որ տարվա մեջ 100.000 դրամ միայն անվադողերի վրա է ծախսում, այն դեպքում, երբ պետությունից 12 մլն դրամ վարկ է վերցրել ջերմոցային տնտեսությամբ զբաղվելու համար, սակայն գումարի մեծ մասը վատնում է ճանապարհների հետեւանքով ստեղծված վնասները վերացնելու վրա: «Ամբողջ տարին աշխատում եմ՝ պետության բարձր տոկոսները չեմ կարողանում վճարել, թալան ու խուժանություն է: Երբ գյուղատնտեսության վարկ եմ վերցնում, մի ժամ ուշացնում եմ` ինձ գցում են՝ ժամկետանց ու միլիոններով տույժ ու տուգանք դնելով վրաս, վարկից զրկում են: Ճանապարհների պատճառով 1 ժամվա փոխարեն ես 5 ժամ ժամանակ եմ կորցնում, իսկ իմ ժամանակն ո՞վ է ինձ տալու: Ես գումարի համար չեմ ասում, ես արդարություն եմ ուզում, հասկացե՛ք, էս անարդարությունից սիրտս պայթում է: Խոսք եք տվել` կատարեք, նոր ինձնից պահանջեք: Պետությունն ինձ ամեն օր վնասում է, իմ հոգեկան ապրումները հերիք են, 3 ամսվա մեջ ներվերիցս նիհարել եմ: Ամեն գնալ-գալուց հայհոյում, սթրես եմ ապրում»,- ասում է Վ. Այվազյանը: