Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը երեկվա ասուլիսում անդրադարձել է Շուշիի ազատագրման մասնակից, ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի այն հայտարարությանը, ըստ որի` 1992-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը «խոհեմ, խելացի չգտնվեց, որ չվերցրին Նախիջեւանը»: «Նախիջեւանը գրավելու համար այն ժամանակ բավարար էր ընդամենը մի ջոկատ: Իսկ ՀՅԴ-ն չուներ այդ ջոկատը: Այն ժամանակ անկառավարելի ջոկատները թափառում էին ՀՀ-ի ամբողջ տարածքում: Այդ թվում՝ ամենաանկառավարելի ջոկատները ՀՅԴ-ի ջոկատներն էին: Իսկ Նախիջեւանը գրավելու համար պետք էր ընդամենը մեկ ջոկատ: Թող մտնեին գրավեին, էդ էլ կլիներ նրանց վաստակը: Իսկ Լ. Տեր-Պետրոսյանի խոհեմությունը, այդ պահին, ես կարծում եմ, այն է, որ ինքը շատ լավ պատկերացնում էր, թե ինքն ինչպիսի վիճակի մեջ կդնի Հայաստանը, եթե ունենա 2-3 ճակատ»,- ասել է նա` հավելելով, թե մի բան է, երբ պետությունն է մտնում Նախիջեւան, ուրիշ բան` երբ անկառավարելի ջոկատն է մտնում այդ տարածք: «Ժողովուրդը փախչում էր այնտեղից, սահմանները ջարդել էին դեպի Պարսկաստան ու Թուրքիա: Համարյա ժողովուրդ չէր մնացել, կանգնած էր խորհրդային 75-րդ դիվիզիան, Թուրքիայի սահմանը փակել էր, եւ այն ժամանակ կարելի էր ամբողջը մարսել ինչ-որ կերպ: Իսկ եթե պետությունը դա աներ, դա անմարսելի էր լինելու»,- ասել է նախկին փոխնախարարը: Իսկ ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե Լ. Տեր-Պետրոսյանը տեղյակ չի եղել Շուշիի ազատագրման օպերացիայի մասին, ապա Վ. Շիրխանյանի ասելով` 1992թ. Հայաստանում այնպիսի իրավիճակ էր, որ Լ. Տեր-Պետրոսյանը չէր կարող տեղյակ չլինել Շուշիի գրավումից: Ի դեպ, Շիրխանյանը խորհուրդ է տվել սպասել, մինչեւ Լ. Տեր-Պետրոսյանն ինքը կգրի` Իրան գնալուց տեղյա՞կ էր, որ 2 օր հետո Շուշին ազատագրվելու է, թե՞ ոչ: «Սպասենք՝ թող ինքն այդ բացահայտումն անի»,- նշել է նա: