ԿԲ գերնպատակը
Գնաճի (ինֆլյացիա) նպատակադրումը ԿԲ նախագծած այն 23 հայեցակարգերից մեկն
է, որ մինչեւ տարվա վերջ կամ հաջորդ տարվա սկզբի ամիսներին հավանաբար
կիրագործվի: Փորձենք բացատրել նախագծի էությունը: Ինչպես գիտենք, ԿԲ
գլխավոր նպատակը գների կայունության պահպանումն է, որն էլ ամրագրված է
օրենքում: ԿԲ-ն իր առջեւ նպատակ է դնում գնաճի որոշակի միջակայք,
այնուհետեւ, վերջինիս հասնելու համար, կարգավորում է տնտեսության մեջ փողի
քանակը: Մասնագիտորեն ասած՝ «անվանական խարիսխն» այս դեպքում դրամական
ագրեգատներն են: Այսուհետ այդ «խարիսխը» լինելու է գնաճի նպատակադրված
տոկոսը, որը կանխատեսում է ԿԲ-ն: Վերջինս հայտարարում է, որ պետք է
տնտեսությունում գների աճը չշեղվի որոշակի միջակայքից (վերջինիս հարցը դեռ
քննարկվում է, սակայն, հավանաբար, կլինի մոտ 3%-ի սահմաններում): Շեղվելու
դեպքում ԿԲ-ն պատասխանատվություն է կրում, սակայն նա տնտեսության մեջ փողի
քանակի նպատակային ցուցանիշների տատանումների համար արդեն պատասխանատու չի
լինելու: Թերեւս սա ավելի ճկուն մեխանիզմ է եւ հնարավորություն կտա ԿԲ-ին
նաեւ փոխարժեքի կտրուկ տատանումները հարթելու նպատակով արտարժույթ գնել ու
վաճառել: Ի դեպ, գնաճի նպատակադրման ռեժիմին այսօր անցում է կատարում
երկրների գերակշիռ մասը:
Երեքը մեկում
Ֆինանսական շուկայի 3 սեգմենտները՝ բանկային համակարգը, ապահովագրությունն
ու արժեթղթերի շուկան, անցնում են միասնական վերահսկողության համակարգի:
Արժեթղթերի հանձնաժողովը եւ Ֆինանսների նախարարության՝ ապահովագրական
ընկերությունների վերահսկողություն իրականացնող մարմինը լուծարվելու են,
եւ 3 դաշտերի վերահսկողությունն իրականացնելու է ԿԲ-ն: Այս հայեցակարգը
նույնպես «իրեն արդարացրել» է շատ երկրներում, այդ թվում՝ Սկանդինավյան
պետություններում: Նախագծի կողմ հիմնական փաստարկը մասշտաբի էֆեկտն է:
Այսինքն, Հայաստանի նման փոքր երկիրը չի կարող (ֆինանսական տեսանկյունից)
«իրեն թույլ տալ» 3 վերահսկող ունենալ ֆինանսական շուկայում: Ընդ որում,
այսօր համակարգի գրեթե 90%-ը բանկերն են, որոնցից մի քանի խոշորները
նույնիսկ ձեւավորել են կոնգլոմերատներ արժեթղթերի շուկայի եւ
ապահովագրական ընկերությունների հետ: Բացի այդ, ԿԲ նախագահ Տ. Սարգսյանի
կարծիքով, տարիների ընթացքում Արժեթղթերի հանձնաժողովում գիտական հզոր
ներուժ է ստեղծվել, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ
իրականացնել միասնական վերահսկողությունը: Իհարկե, հայեցակարգը զերծ չէ
նաեւ հնարավոր բացասական հետեւանքներից: Օրինակ, միեւնույն մարմնի ներսում
կարող է շահերի բախում տեղի ունենալ:
Վստահություն բանկերի նկատմամբ
Բանկերը յուրօրինակ կազմակերպություններ են, քանի որ նրանք աշխատում են
«ուրիշի» փողերով, իսկ եթե նրանց նկատմամբ վստահություն չլինի, այդ
«ուրիշների» չեզոքությունը կխոչընդոտի բանկային համակարգի զարգացմանը:
Կորպորատիվ կառավարման հայեցակարգն ապահովելու է բոլոր մասնակիցների, այդ
թվում՝ բաժնետերերի եւ ավանդատուների շահերի պաշտպանությունը: Հստակ
սահմանվելու են բանկերի տնօրենների խորհրդի եւ գործադիր տնօրենի
լիազորությունները: Տնօրենների խորհրդում լինելու են միայն որակյալ
մասնագետներ, ինչն այսօր Հայաստանում չի համապատասխանում իրականությանը:
Մեծամասամբ բանկի սեփականատերը (իհարկե, ոչ ոլորտի մասնագետ) տնօրենների
խորհրդի նախագահն է, շատ բանկեր նույնիսկ «ընտանեկան» բիզնես են: Որոշ
բանկեր («գրպանային»), որոնք նույնականացվում են մի անձի հետ, բնականաբար,
վստահություն ներշնչել չեն կարող եւ շատ հաճախ պայթյունավտանգ են: Այս
հարցերի կարգավորմամբ, իհարկե, բանկի ներսում տարբեր սուբյեկտների շահերը
կբախվեն, եւ ո՞վ կշահի: Անշուշտ, բաժնետերերն ու ավանդատուները: Մնում է
միայն ճշգրիտ եւ հետեւողական կերպով իրականացնել այս «քաղաքականությունը»:
«Կարգապահ» արժութային շուկա
Այսօր Հայաստանում չկան արժութային գործարքների կնքման միասնական
համակարգ, փոխարժեքի ռիսկից պաշտպանվելու մեխանիզմներ: ԿԲ-ն առաջարկում է
արժութային շուկայի բոլոր մասնակիցներին կենտրոնացնել մի տեղ՝ արժութային
բորսայում, ինչպես ընդունված է զարգացած երկրներում: Պարզ ասած, ԿԲ-ն
ուզում է ստեղծել «արժույթի քաղաքակիրթ առեւտուր»: Նախատեսվող արժութային
բորսայում առաջարկի ու պահանջարկի միջոցով կձեւավորվի գինը, մասնակիցները
հնարավորություն կստանան փոխարժեքի մասին տեղեկություն ստանալ
յուրաքանչյուր պահի դրությամբ, կգործեն գործարքների կնքման արագ եւ ճկուն
մեխանիզմներ: Քանի որ առանձին կառույց ստեղծելը հսկայական ֆինանսական
միջոցներ է պահանջում, ուստի ԿԲ-ն առաջարկում է արժութային բորսան
ձեւավորել Հայաստանի Ֆոնդային բորսայի կազմում՝ որպես առանձին հարթակ: Իսկ
հաշվարկային բանկը լինելու է ԿԲ-ն, այսինքն` բոլոր մասնակիցները ԿԲ-ում
ունենալու են թղթակցային հաշիվներ, որոնց միջոցով փոխանցվելու են
գործարքների գումարները: Արժութային բորսան հնարավորություն կտա նաեւ
առավել արդյունավետ ձեւով ինտեգրվել միջազգային արժութային շուկաներին:
Նախագssssծերը մշակող ԿԲ մասնագետների կարծիքով, խորը վերլուծությունները
եւ միջազգային փորձը խոսում են գործնականում դրանց արդյունավետության
մասին, իսկ թե ինչպես կազդեն մեր ֆինանսական համակարգի զարգացման վրա,
ցույց կտա ժամանակը: