«Դասախոսություն»՝ եվրոպացիների համար

11/05/2010

Մայիսի 6-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ելույթ է ունեցել Չեխիայի Կառլովի Վարի քաղաքում անցկացվող Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբակցության բյուրոյի նիստում` «Արեւելյան գործընկերություն. Եվրոպական մայրցամաքի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով: Նշենք, որ Տ. Սարգսյանի ելույթը գրեթե չի տարբերվել այն դասախոսություններից, որոնք նա սովորաբար կարդում է Հայաստանի կառավարության նիստերի ընթացքում:

Նշելով, որ Եվրոպական Միության երկրներում «արեւելյան» եզրույթի շուրջ բուռն բանավեճ է ընթանում, նա ասել է. «Մենք պետք է ուսումնասիրենք Արեւելյան գործընկերությունը ժամանակակից փոփոխվող աշխարհի եւ Եվրոպայի ու Հայաստանի վրա դրա ազդեցության համատեքստում: Այս ընթացքում, երբ մենք խոսում ենք, տեղի է ունենում փոփոխություն: Մենք մտածում ենք, թե ինչպիսին կլինի աշխարհը 10, 20 կամ 50 տարի հետո: Ի՞նչ տեսք կունենա այն, ի՞նչ տեսակի աշխարհում ենք ապրելու, արդյո՞ք կարող ենք այն դարձնել այնպիսին, որտեղ կցանկանայինք ապրել: Հիմնականում այս հարցերի պատասխաններն են որոշում այն բովանդակությունը, որ մենք ցանկանում ենք ներարկել Արեւելյան գործընկերության ծրագրում»: Ըստ Տ. Սարգսյանի` մի քանի դրույթ որոշակիացնում է Հայաստանի կառավարության ծրագիրը: «Առաջին. Ժամանակակից աշխարհում փոփոխությունների արագությունը շարունակ աճում է: Մենք պետք է կառուցենք այդ փոփոխություններին համահունչ հասարակություն: Երկրորդ. Աշխարհը փոքրանում է, ինչը հանգեցնում է ավելի շատ շփումների ու փոխկապակցվածության: Անհրաժեշտ են երկխոսության ու գոյակցության նոր ձեւեր: Երրորդ. Գիտելիքը դառնում է ժամանակակից հասարակությունների շարժիչ ուժը: Կրթական համակարգերը պետք է դյուրացնեն գիտելիքահենք տնտեսության զարգացումը: Չորրորդ. Ինքնությունը դառնում է առավել կարեւոր թե՛ մեծ, թե՛ փոքր ազգերի համար: Ինչպե՞ս են ժողովուրդներն իրենց պատկերացնում քսանմեկերորդ դարում, ո՞ր քաղաքակրթությունների հետ են իրենց կապում, եւ ինչպե՞ս պետք է կազմակերպվի երկխոսությունը հռչակած ու գոյություն ունեցող արժեքների միջեւ: Հինգերորդ. Անհատական ազատությունների նկատմամբ հարգանքի անհրաժեշտությունը քսանմեկերորդ դարում դառնում է ակնհայտ: Յուրաքանչյուր կառավարություն, որ կառուցում է արդի հասարակություն, պետք է առաջ քաշի ինքնադրսեւորման պայմաններ, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր անհատ հնարավորություն ունի իրականացնել իր մտավոր կարողություններն ու տաղանդը: Այս շրջանակի վրա հիմնվելով, արդյո՞ք մենք կարող ենք ներդրում բերել Արեւելյան գործընկերության բովանդակությանը: Ես հավատում եմ, որ մենք պետք է գլոբալ մտածենք եւ լոկալ գործենք»,- ասել է Տ. Սարգսյանը: Շարունակելով իր «դասախոսությունը», նա ասել է, որ Հայաստանը որոշել է կենտրոնանալ երեք հիմնական խնդիրների վրա։ «Առաջին. Մեր տարածաշրջանում շարունակվող լարվածության ու հակասությունների ներուժը գերիշխում է փոխադարձ ընդունելի որոշումների հասնելու կարողության վրա, ինչի վկայությունը փակ սահմանների գոյությունն է։

Արեւելյան գործընկերության ծրագիրը մենք դիտարկում ենք՝ որպես բարեփոխումների ու մտածողության փոփոխության հզոր ազդակ` մեր երկրներում ստեղծելու Եվրոպական արժեքներին հավատարիմ մարդկանց մեծամասնական զանգվածգ: Գլոբալացման դարում բազմազանության դերը չափազանց մեծ է: Մարդու իրավունքների ու ազատությունների, ինչպես նաեւ հանդուրժողականության ու տարբերությունների նկատմամբ հարգանքի դերը պետք է առաջնայնություն ստանան նույնականացման նկատմամբ: Եվրոպան բազմազանության համերաշխության հաջողության պատմություն է: ԵՄ տեսանկյունից Արեւելյան գործընկերությունը կարող է օգնել հաղթահարել անհստակություններն ու մեր տարածաշրջանը դարձնել առավել կանխատեսելի: Երկրորդ. Մեր տարածաշրջանի պետություններում առկա է խզում հռչակված նպատակների ու դրանց հասնելու հնարավորությունների միջեւ: Մենք դիտարկում ենք Արեւելյան գործընկերության ծրագիրը, որպես արդիական հասարակություն կառուցելուն ուղղված բարեփոխումներն իրականացնելու արդյունավետ գործիք: Երրորդ. Մարդիկ պետք է հնարավորություն ունենան ապրելու ու գործելու արագ զարգացող ու սեղմվող աշխարհում, որտեղ գիտելիքն առաջընթացի հիմնական շարժիչ ուժն է»,- ասել է Տ. Սարգսյանը: Սակայն ամենաուշագրավն այն է, որ նորաթուխ հանրապետական Տ. Սարգսյանը եվրոպական բարձր ամբիոնից խոսել է նաեւ ՀՀԿ գաղափարախոսության մասին: «Համընդհանուր արժեքներն, ինչպիսիք են ազատությունը, պատասխանատվությունը, հավասարությունը, արդարությունն ու համերաշխությունը, ՀՀԿ գաղափարախոսության հիմքերն են կազմում: Անդամակցությունը ԵԺԿ համայնքին, որն ունի քաղաքական ծրագրերի զարգացման ու իրականացման հարուստ փորձառություն, կօժանդակի համեմատաբար երիտասարդ ՀՀԿ-ինգ»,- ասել է Տ. Սարգսյանը: