ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիտդին:
Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր: Արձանագրելով, որ կոնկրետ քրեական գործերով գերմանացի գործընկերների հետ ձեւավորվել է համագործակցության դրական փորձ` գլխավոր դատախազը կարեւորել է փոխօգնության, համագործակցության կարգավորումը իրավական փաստաթղթերով: Դեսպանը հավաստել է իր պատրաստակամությունը աջակցելու եւ առավել զարգացնելու դատաիրավական ոլորտի համագործակցությունը: Հանս-Յոխեն Շմիտդի խնդրանքով Ա. Հովսեփյանն անդրադարձել է նաեւ Չարենցավանի ոստիկանության բաժնում գողության կասկածանքով բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան դեպքին. «Ինչպես ընդհանրապես, այնպես էլ հարցաքննությունների ժամանակ իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունների գործադրումը պետք է բացառվի: Անընդունելի է բռնությամբ ցուցմունքներ վերցնելը: Այս աշխատաոճն անընդունելի է»,- ասել է Ա. Հովսեփյանը` նշելով, թե հետամուտ է լինելու դեպքի լիարժեք բացահայտմանը: Նաեւ հավելել է. «Նախաքննական մարմնի` ՀՔԾ-ի առջեւ խնդիր է դրվել ապահովել քրեական գործի բազմակողմանիությունն ու լրիվությունը: Արդեն իսկ կատարվել է հսկայածավալ աշխատանք, եւ բոլոր մեղավոր անձանց գործողություններին կտրվի համապատասխան իրավական գնահատական, ինչը, կարծում եմ, կանխարգելիչ նշանակություն կունենա հետագայում»:
Դեսպանն, ի դեպ, բարձր է գնահատել դեպքի վերաբերյալ քննության հրապարակայնությունը` համակարծիք լինելով, որ համապատասխան պատժողական քաղաքականությունը կունենա կանխարգելիչ լուրջ նշանակություն: