Պարտքը հասել է 300 մլն դոլարի

10/05/2010

Մեր տեղեկություններով՝ «Նաիրիտ» գործարանի պարտքը ԱՊՀ Միջպետական բանկին արդեն հասել է 300 մլն դոլարի: 2006թ., երբ «Ռայնովիլ» ընկերությունը գնեց «Նաիրիտը», 70 մլն դոլար վարկ վերցրեց Միջպետական բանկից: 40 մլն դոլարը վճարեց գործարանը գնելու համար, իսկ մնացած 30 մլն դոլարի ճակատագիրն այդպես էլ անհայտ մնաց: Սակայն այդ 70 մլն դոլարի դիմաց «Նաիրիտը» գրավադրվել էր այդ բանկում: 2006-ից հետո «Նաիրիտի» գլխավոր տնօրեն Վահագն Մելքոնյանը կարողացել է այլ վարկեր վերցնել այդ բանկից: Եվ այս 4 տարիների ընթացքում վերցրած վարկերն ու դրանց չվճարած տոկոսները կազմում են մոտ 300 մլն դոլար: Մեր տեղեկություններով՝ Վ.Մելքոնյանն այդ բանկից վարկեր վերցնելու համար ՀՀ կառավարությունից երաշխավորագրեր է ներկայացրել: Եվ հիմա Միջպետական բանկը ՀՀ կառավարությունից է պահանջում դա ձեւակերպել՝ որպես պետական պարտք: Կառավարությունն առայժմ հրաժարվում է վճարել եւ փորձում է թիրախն ուղղել դեպի «Նաիրիտն» ու դրա ղեկավարությունը: Ի դեպ, հիմա, մեր տեղեկություններով, այդքան գումարների փոշիացումը բացահայտելու համար «Նաիրիտում» ստուգումներ են անցկացնում Գլխավոր դատախազության քննիչները: Նշենք, որ մեր տեղեկություններով՝ գործարանի գլխավոր տնօրենի եւ նրա երեք տեղակալների աշխատավարձերը կազմում են ամսական մի քանի տասնյակ միլիոն դրամ: Հիշեցնենք, որ «Նաիրիտի» տնօրենի տեղակալներից մեկն էլ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրն է: