Զեկույց` անտեղյակների համար

10/05/2010

ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը նախօրեին Ժնեւում հրավիրված Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման նստաշրջանում ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ ՀՀ կառավարության զեկույցը: ԱԳՆ փոխանցմամբ` զեկույցում անդրադարձ է եղել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության եւ խրախուսման ոլորտում կատարված քայլերին եւ օրենսդրական բարեփոխումներին: Ա. Կիրակոսյանը ներկայացրել է առկա խնդիրներն ու առաջիկա ծրագրերը: Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, ով Ժնեւում հետեւել է նիստին, «Ազատություն» ռ/կ-ին ասել է, թե Արման Կիրակոսյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության սկզբունքի հիման վրա հասարակության կառուցման գաղափարին: «Ելույթում, այսպես թե այնպես, անդրադարձ էր կատարվում Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակին ամենատարբեր ոլորտներում` սկսած առողջապահությունից, կրթություն, խոսքի ազատություն, հավաքների ազատություն: Անդրադարձ կար Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին: Իշխանություններին հատուկ լավատեսական տրամադրություն էր: Այսինքն, եթե անտեղյակ մեկը լսեր այդ զեկույցը, կմտածեր, որ աշխարհի լավագույն երկրներից մեկի մասին է խոսքը»,- փոխանցել է Լ. Բարսեղյանը:

Վերջինիս հավաստմամբ` զեկույցում շատ քիչ է եղել անդրադարձը արդարադատության համակարգին, Մարտի 1-ի դեպքերի հետաքննությանը, անազատության մեջ գտնվող ընդդիմադիրների խնդիրներին, սակայն հաջորդած ելույթներում այլ երկրների պատվիրակներն են առաջ քաշել այդ հարցերը եւ հանդես եկել առաջարկներով: Մասնավորապես, Միացյալ Նահանգների ներկայացուցիչն անդրադարձել է համաներումից հետո բանտերում մնացած ընդդիմադիրների խնդրին եւ բարձրացրել է քաղաքական ազատությունների հարցը, Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը կարեւորել է Մարտի 1-ի սպանությունների հարցում անկախ հետաքննության անհրաժեշտությունը, Գերմանիան ու Հունգարիան առաջարկել են հատուկ զեկուցողներ հրավիրել դատարանների եւ փաստաբանների անկախության մասով:

Լեւոն Բարսեղյանի փոխանցմամբ, առաջարկները պետք է կցվեն զեկույցին, եւ առաջիկա ամիսներին կառավարությունը պետք է որոշի՝ դրանցից որոնք են իր համար ընդունելի, եւ որոնք է իրականացնելու առաջիկա 4 տարիներին:

Նշենք, որ Արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, զեկույցի ընդունումը Մարդու իրավունքների խորհրդի աշխատանքային խմբի կողմից նախատեսվում է մայիսի 10-ին, իսկ դրա վերաբերյալ որոշում կընդունվի իր սեպտեմբերյան նստաշրջանին: