ԴԱՀԿ-ն իր գործն արեց

10/05/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մեր թերթի նախորդ համարներում անդրադարձել ենք Նոր Արեշ 46 փողոց, 37 տան բնակիչ Աղասի Հարությունյանի պատմությանը: Հիշեցնենք, որ նրա ընտանիքին պատկանող բնակարանը գաղտնի ճանապարհով յուրացրել են: Բնակարանը ժառանգությամբ ԱՄՆ քաղաքացի Ս. Թովմասյանին փոխանցելու համար փաստաթղթեր կեղծելու մեջ Ա. Հարությունյանը մասնավորապես մեղադրում է նոտար Էմմա Շաբոյանին, քննիչ Արթուր Պետրոսյանին, դատավորներ Մանուշակ Պետրոսյանին, Գոհար Մատինյանին, Լյովա Գրիգորյանին, Վարդան Գրիգորյանին, Էրեբունի համայնքի դատախազ Հ. Սուքիասյանին: Ինչպես մամուլում տպագրված հրապարակումները եւ բաց նամակները, այնպես էլ ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀ Արդարադատության նախարարին, ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմում-բողոքները մնացել են անպատասխան: Ա. Հարությունյանը տեղեկացրեց, որ ապրիլի 28-ին ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության աշխատակիցները ներխուժել են իրենց բնակարան, երբ իրենք տանը չեն եղել: «ԴԱՀԿ ծառայության աշխատակիցներն ապօրինի կերպով, առանց մեզ տեղեկացնելու եւ առանց համապատասխան որոշման, ներխուժել եւ կոտրել են տան դուռը: Նրանք խախտել են մեր սահմանադրական իրավունքը, այսինքն` մեր բնակարանի անձեռնմխելիությունը, եւ հիմա խոչընդոտում են մեզ օգտվել օրենքով սահմանված մեր իրավունքից: Մեզ սպառնում են` տուն մուտք գործելուն պես քրեական գործ հարուցել մեր նկատմամբ: Այն հարցին, թե՝ ունե՞ք համապատասխան որոշում տան դուռը կոտրելու համար, ԴԱՀԿ աշխատակից Գ. Հովհաննիսյանը պատասխանեց, որ այդ մասին գիտի Էրեբունի Ոստիկանության թաղային «եզդի Գուգոն»: Եզդի Գուգոն նախկինում թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցների հետ բազմիցս այցելել էր մեր տուն, հետապնդել եւ սպառնացել` պահանջելով ազատել բնակարանը»,- ասում է Ա. Հարությունյանը: Այդուհանդերձ, վերջինս պնդում է, որ իրենց վտարելու վերաբերյալ դատական որոշում չկա, բացի դա` իրենք բնակարանի հանդեպ բնակտարածության օգտագործման իրավունք ունեն, որը կարող է դադարեցվել միայն դատարանի որոշմամբ եւ միմիայն փոխհատուցման դեպքում: «Բազմիցս դիմել ենք ՀՀ Արդարադատության նախարարություն եւ ԴԱՀԿ ծառայություն` ներկայացնելով մեր բնակտարածության օգտագործման իրավունքի ապացույցները (դատարանի վճիռը, սեփականության վկայականի պատճենը եւ այլն), սակայն ԴԱՀԿ ծառայությունը շարունակել է իր ապօրինի գործողությունները»,- ասում է Ա. Հարությունյանը` պնդելով, որ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների գործողություններն անօրինական են, սակայն վերադաս մարմինը` ՀՀ արդարադատության նախարարությունը, հակված չէ արձագանքել այս ապօրինությանը: Ի դեպ, Ա. Հարությունյանը վստահեցնում է, որ շուտով` առանց դատարանի համապատասխան որոշման, ապօրինի կերպով բնակարան ներխուժելու, դուռը կոտրելու համար հայց է ներկայացնելու դատարան եւ բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու է իր ընտանիքի իրավունքները վերականգնելու համար: «Բոլոր հնարավոր տարբերակներով պայքարելու եմ, որ էս կեղծ գործի մեղավորները պատժվեն, մինչեւ անգամ` Եվրոդատարան եմ դիմելու: Իսկ մեր իշխանությունները թող աչք փակեն էն հանգամանքի վրա, որ նոտարական գրասենյակը կեղծ փաստաթղթերով ժառանգական գործ է կազմում»,- հայտարարում է Ա. Հարությունյանը: