Ընտրությունները տաուշցիներին չեն հուզում

27/09/2005 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Սպասվում է, որ նոյեմբերին էլ տեղի կունենա սահմանադրական
փոփոխությունների հարցով հանրաքվեն: Մի խոսքով, այս աշունը Հայաստանում
ընտրական է լինելու: Եվ, եթե մայրաքաղաքում այս ամենի հետ կապված որոշակի
աշխուժություն է նկատվում, ապա մարզերում, հատկապես գյուղերում, մարդիկ
ոչնչից տեղյակ չեն: Օրինակ՝ Տաուշի մարզի Դիլիջան քաղաքում մարդկանցից
շատերը չգիտեն էլ, որ շուտով իրենց քաղաքում քաղաքապետի ընտրություններ են
տեղի ունենալու, իսկ հանրաքվեի մասին խոսելն ավելորդ է: Դիլիջանում
տեղեկատվության հիմնական աղբյուրը «Հայլուրն» է: Քաղաք ուշացումով մի քանի
թերթ էլ է հասնում: Արդյունքում շատ քիչ թվով մարդիկ են տեղյակ երկրի
անցուդարձին՝ իմացած տեղեկություններում էլ զգացվում է «Հայլուրի»
ազդեցությունը: Քաղաքապետի սպասվող ընտրություններում ընդդիմության
մասնակցության որեւէ նշան չկա: Ավելի տխուր պատկեր է Դիլիջանին հարակից
գյուղերում՝ Թեղուտում ու Հաղարծինում: Այստեղի բնակիչները
տեղեկատվություն ստանում են միայն «Հայլուրից», այն էլ` դիտելով Հանրային
հեռուստատեսության արբանյակային հեռարձակումը, իսկ վերջինով, ինչպես
հայտնի է, չեն հեռարձակվում ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանը, չի
հեռարձակվել սահմանադրական փոփոխությունների հարցով հրավիրված արտահերթ
նիստը: Ավելին՝ նախորդ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների
հեռուստատեսային քարոզարշավին հետեւելու հնարավորություն եւս այս
գյուղերում չեն ունեցել, քանի որ քարոզարշավը հանրայինի արբանյակային
հեռարձակմամբ չէր սփռվում: Իսկ այս գյուղերում ստիպված են դիտել Հանրային
հեռուստատեսության միայն արբանյակային հեռարձակումը, քանի որ 1999 թվականի
ԱԺ ընտրությունների ժամանակ պատգամավորության թեկնածուներից մեկն իրեն
ընտրելու դիմաց գյուղացիներին արբանյակային անտենաներով զինված
հեռուստատեսային աշտարակներ է պարգեւել: Այս գյուղերում թերթեր
ընդհանրապես չեն հասնում. կարդացող չկա: Սակայն գյուղացիները տեղյակ են,
որ հոկտեմբերի 16-ին պետք է նոր գյուղապետ ընտրեն: Երկու գյուղերում էլ
հիմնական թեկնածուներ են համարվում գործող գյուղապետերը, որոնք այդ
պաշտոնին հավակնում են 3-րդ կամ 4-րդ անգամ: Սահմանադրական
փոփոխությունների սպասվող հանրաքվեի մասին գյուղացիների ճնշող
մեծամասնությունը բառացիորեն ոչինչ չգիտի: Իսկ փոփոխությունների
բովանդակության մասին ոչ ոք պատկերացում չունի: Այս անգամ հետաքրքիր
նորամուծություններ են ի հայտ եկել ընտրացուցակների ձեւավորման հարցում:
Հավանաբար հանրաքվեի հաջող ելքն ապահովելու համար փորձ է արվել
«թեթեւացնել» ընտրացուցակները, սակայն այնտեղից մահացածներին կամ
գոյություն չունեցող անձանց հանելու փոխարեն, ընտրացուցակները
«թեթեւացվում» են շատ կոնկրետ մարդկանց ու ընտանիքների դուրս թողնելով:
«Փոքր տեղ է, մարդիկ բոլորն իրար գիտեն: Գիտեն՝ ով ում կողմից է, ով ոնց է
քվեարկելու, դրա համար էլ ցուցակներից դուրս են մնում քաղաքական որոշակի
հայացքներ ունեցող մարդիկ»,- ասում է ընտրական հանձնաժողովներում
աշխատանքի մեծ փորձ ունեցող գյուղացիներից մեկը:

Իսկ ցուցակներում իրենց անուններն ընդգրկելու հարցում գյուղացիներն այնքան
էլ հետեւողական չեն: Ընտրության օրն էլ, եթե իրենց անունը ցուցակում չեն
գտնում, փորձ էլ չեն անում դատական կարգով վերականգնել իրենց ընտրելու
իրավունքը, քանի որ դրա համար ստիպված են հասնել Դիլիջան: Ինչեւէ, այս
ընտրությունները Թեղուտի ու Հաղարծինի բնակիչներին այնքան էլ չեն
հետաքրքրում. մարդիկ բերքահավաքով են զբաղված: