Աքլորանո՞ւմ են

07/05/2010

Ժամանակը, որ խնդրել էր Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ, սպառվել է մի քանի ամիս առաջ։ Երեկ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը: «Հայաստանը երկու շաբաթ էր խնդրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հետ կապված, բայց անցել է արդեն մի քանի ամիս, եւ որեւէ արձագանք չի հետեւել»,- երեկ ասել է Մամեդովը: Նշելով, որ ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են աշխատանքը հակամարտության կարգավորման ուղղությամբ, եւ նրանց հետ կապ է պահպանվում, Նովրուզ Մամեդովն ասել է. «Համանախագահներն ասել են, որ Հայաստանը մոտ ժամանակներս կարտահայտի իր դիրքորոշումը»: «Բարձրացված հարցերը հակամարտության լուծման ամենաճիշտ եղանակն են` Հայաստանը պետք է դա հասկանա: Սա պետք է որոշակի ուղերձ լինի համանախագահ երկրների ղեկավարներին, որ Ադրբեջանը համաձայն է իրենց առաջարկներին, եւ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է ճնշում գործադրել Հայաստանի վրա»,- հավելել է նա:

Արձագանքելով այս հայտարարություններին, երեկ ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասել է. «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջնայինը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումն է, որն արտահայտվել է դեռ 1991թ. հանրաքվեով»: Նաեւ հավելել է. «Հայաստանը սատարել է եւ կշարունակի սատարել այդ դիրքորոշումը: Ադրբեջանը միայն ժամանակ է կորցնում. միեւնույն է` ուշ թե շուտ, նա ստիպված է լինելու հաշվի նստել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության հետ: Բանակցային գործընթացում իրենց ապակառուցողական դիրքորոշման ընկալումը չգտնելով, Ադրբեջանի որոշ պաշտոնյաներին այլ բան չի մնում, քան անվերջ կեղծիքներով եւ շարունակաբար սուր ճոճելով փորձեր կատարել` աքլորանալ սեփական ժողովրդի առջեւ»: