Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների
բարձրագույն խորհրդի անդամ, Շարժայի էմիր, շեյխ դոկտոր Սուլթան բեն
Մոհամմադ ալ Քասիմին երեկ, մեկնումից առաջ, այցելեց նաեւ Մատենադարան, եւ,
ինչպես նախատեսված էր՝ պատասխանեց լրագրողների հարցերին:
«Իմ հարաբերությունները նորին գերազանցություն նախագահի հետ շատ ջերմ ու
եղբայրական են»,- առիթը բաց չթողնելով եւ լրագրողների բոլոր հարցերին ի
պատասխան՝ մեկ անգամ եւս հայտարարեց Շարժայի էմիրը: Եվս մի անգամ էլ
կրկնեց, որ իրենց հարաբերությունները ջերմացել են հատկապես ՀՀ նախագահի
Արաբական Էմիրություններ այցի ժամանակ: Շարժայի շեյխը հայտարարեց նաեւ, որ
իր մեկնումից հետո, հաջորդ շաբաթ, ԱԷՄ-ից Հայաստան կայցելի մեկ այլ
պատվիրակություն՝ հիմնավոր քննարկելու Հայաստանի եւ էմիրությունների միջեւ
հետագա համագործակցության ծրագրերը: Ուշագրավ որեւէ այլ բան շեյխի
շուրթերը չարտաբերեցին: Ինչ վերաբերում է Մատենադարան այցին՝ Մոհամմադ ալ
Քասիմին մեծ հաջողություն համարեց նման հաստատություն ունենալը: Պարզվում
է, շեյխն ինքն էլ է մատենասեր եւ իր տանը հին փաստաթղթերի մեծ հավաքածու
ունի՝ շուրջ 5 մլն էջ: «Երեւի այդ պատճառով էլ ես այստեղ զգում եմ, ինչպես
իմ տանը՝ իմ փաստաթղթերի արանքում, միայն երկու տարբերություն կա՝ շոգ
եղանակի ու վերելակի բացակայությունը»,- նկատեց շեյխը: Նա Մատենադարանից
իր հետ նվեր տարավ 13-րդ դարի՝ ծագումով ասորի, սակայն արաբական գիտական
մտքի ներկայացուցիչ Ֆարաջի «Բժշկարան ձիոյ» աշխատության հայերեն եւ
գերմաներեն թարգմանությունների հրատարակությունները:
Ն.Ա.