Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ տեղի ունեցող դատավարությունից ներկաների մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ իրենք մասնակից են ոչ թե Մարտի 1-ի գործով դատավարության, այլ` լավ կազմակերպված եւ նախօրոք ծրագրված շոուի:
Երեկ շարունակվեց 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ, «Չերյոմուխա-7» հատուկ միջոցի կիրառման հետեւանքով զոհված 23-ամյա Տիգրան Խաչատրյանի, 34-ամյա Արմեն Ֆարմանյանի եւ 29-ամյա Գոռ Քլոյանի հարազատների բողոքի քննությունը: Նախքան նիստի սկսվելը, դատավոր Գայանե Կարախանյանը հայտարարեց, որ վարույթն իրականացնող մարմինը, այսինքն՝ Հատուկ քննչական ծառայությունը դատարանին է ներկայացրել զոհվածների ծնողների ստորագրություններով մի փաստաթուղթ: Ըստ այդ փաստաթղթի, իբրեւ վերջիններս հրաժարվում են ծանոթանալ իրենց երեխաների մահվան վերաբերյալ նախաքննական նյութերին: Այս հայտարարությունը զայրացրեց զոհվածների ծնողներին, որոնք պնդեցին, որ իրենք նման որեւէ փաստաթղթի տակ չեն ստորագրել: «Իզուր մի բորբոքվեք, ես պարզապես կարդում եմ այն, ինչ ինձ ներկայացվել է»,- ասաց Գ. Կարախանյանը: Ապա փաստաթուղթը փոխանցվեց զոհվածների ծնողներին, որպեսզի նրանք հաստատեն՝ դա իրե՞նց ստորագրությունն է, թե՞ ոչ: Պարզվեց, որ ստորագրությունները կեղծ չեն, բայց ահա թե ինչպես են դրանք հայտնվել այդ տեքստի տակ: Մեզ հետ զրույցում Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը, պարզաբանեց. «Ես շատ լավ հիշում եմ այդ դեպքը: Մեզ հրավիրեցին Հատուկ քննչական ծառայություն: Քննիչ Գոռ Հովակիմյանը հարցնում էր, թե իմ տղան որեւէ կապ ունի՞ «7-ի գործով» դատապարտված քաղբանտարկյալների հետ, ճանաչո՞ւմ է նրանց: Ես էլ ասացի, որ՝ ոչ, Տիգրանս նրանց հետ ոչ մի կապ չի ունեցել: Հետո Գոռը ինձ հարցրեց՝ ուզո՞ւմ եմ ծանոթանալ «7-ի գործի» նյութերին: Ասացի` չէ, մեր ինչին էր պետք մի քանի տասնյակ հատորից բաղկացած այդ գործին ծանոթանալ: Հետո ասաց՝ դե, ստորագրիր, որ քո տղան նրանց չի ճանաչել ու դու նրանց գործին չես ուզում ծանոթանալ: Տեսնելով, որ թերթը, որի տակ ստորագրելու էի, համարյա դատարկ էր, հրաժարվեցի, ասացի, որ չեմ ստորագրի: Քննիչը շատ վիրավորվեց ու ասաց. անհարմար չէ՞, տիկին Ալլա, կարո՞ղ է մենք բաներ ավելացնենք: Ահա այսպիսի խաբեությամբ են մեզանից ստորագրություն կորզել»: Տիկին Ալլային դատարանում հնարավորություն չտրվեց այդ մասին պատմելու: «Կարեւորն այն է, որ դա ձեր ստորագրությունն է, եւ վերջ»,- հայտարարեց նիստը նախագահող Գ. Կարախանյանը: Սրան հաջորդեց, այսպես կոչված, հարցուպատասխանի փուլը, երբ բողոքարկող կողմը ներկայացնող փաստաբան Արտակ Զեյնալյանը պետք է հարցեր տար որպես պատասխանող կողմ ներկայացած ՀՔԾ Մարտի 1-ի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին եւ Գլխավոր դատախազության ավագ դատախազ Հարություն Հարությունյանին: Հենց առաջին հարցը հնչելուց հետո պարզ դարձավ, որ պատասխանող կողմը առանձնապես հակված չէ պատասխանելու Ա. Զեյնալյանի հարցերին: Ա. Զեյնալյանը փորձում էր հստակեցնել, թե կոնկրետ որ ամսաթվով է ՀՔԾ մուտքագրվել իր կողմից նշված եւ գործի հետ առնչվող մի փաստաթուղթ, ինչը եւս մեկ ապացույց կհանդիսանա իրենց բողոքը, այսինքն` ՀՔԾ անգործությունը վիճարկելու հարցում: Իսկ Հ. Հարությունյանն ընդամենը 2 նախադասությունից բաղկացած իր խոսքում 3 անգամ հիշատակեց, որ ինքը ավագ դատախազ է եւ շատ ավելի կարեւոր գործառույթներ ունի, քան փոստային հարցերով զբաղվելը: «Ձեր հարցը պատասխանի արժանի չէ»,- ակնհայտ ցինիզմով պատասխանեց ավագ դատախազը: Այնուամենայնիվ, նա մեծահոգաբար մի քանի ընդհանրական նախադասություններ ասաց, որոնք հարցի պատասխանի հետ ոչ մի կապ չունեին: Հավելենք, որ նրա ելույթը ուղեկցվում էր Վ. Հարությունյանի կողմից Ա. Զեյնալյանին ուղղված ռեպլիկներով, որը Գ. Կարախանյանը չնկատելու էր տալիս: Մոտ կես ժամ Ա. Զեյնալյանը փորձում էր ստանալ իր հարցի պատասխանը՝ դատարանին անընդհատ մատնացույց անելով, որ հակառակ կողմը չի պատասխանում իր հարցերին: Իսկ դատավորը միայն արձագանքում էր, որ ինքը որեւէ լիազորություն չունի վարույթն իրականացնող մարմնին պարտադրելու, որպեսզի վերջինս պատասխանի հարցերին: «Ես հարց եմ տալիս եւ պատասխան չեմ ստանում: Այսպես շարունակելը անիմաստ զբաղմունք կլինի: Եթե չհնչեն պատասխաններ, ապա հնարավոր չէ իրականացնել գործի արդար, օբյեկտիվ եւ արդյունավետ քննություն»: Ա. Զեյնալյանը ստիպված եղավ այս նախադասությունը կրկնել 5-6 անգամ` ակնկալելով, որ հարցերը չեն մնա անպատասխան, սակայն Գ. Կարախանյանն ասաց. «Պատասխանները հնչում են, իսկ նստածներն էլ լսում են»:
Հաջորդ հարցը, որը եւս պատասխանի չարժանացավ, հետեւյալն էր. «Խախտվե՞լ է արդյոք Տիգրան Խաչատրյանի, Արմեն Ֆարմանյանի եւ Գոռ Քլոյանի կյանքի իրավունքը»: «Պարոն Զեյնալյանը փորձում է գործը քննության վերածել: Սակայն գործը գտնվում է նախաքննության փուլում»,- հնչեց Հ. Հարությունյանի պատասխանը: Դատավոր Գայանե Կարախանյանի կողմնակալ վերաբերմունքը այնքան ակնհայտ էր, որ նա նույնիսկ միջամտում ու պատասխանում էր ՀՔԾ-ին ուղղված հարցերին: Իսկ անարդար դատավարության վերաբերյալ դահլիճից հնչող մեղադրանքներին Գ. Կարախանյանը այսպես արձագանքեց. «Դուք Ազգային ժողովում չեք, կամ պրեզիդենտսկիում միտինգ չեք անում: Ձեզ հանգիստ պահեք»:
Տեսնելով, որ դատավարությունն ընթանում է նախօրոք ծրագրված սցենարով, բողոքարկող կողմը ինքնաբացարկ հայտնեց Գայանե Կարախանյանին:
Նշենք, որ Մարտի 1-ին զոհերի գործերը քննվում են 4 տարբեր խմբերով` ըստ մահվան հանգամանքների առանձնահատկությունների: Սակայն, անկախ նրանից, թե ում դատավարությունն է, բոլոր զոհերի հարազատները ներկա են լինում դրանց։ «Բոլորս միասին ենք պայքարելու, էս դատարանից հույս չունենք, բայց Եվրոպական դատարանում հաղթելու ենք»,- ասում են նրանք:
Երեկվա նիստին ներկա էին նաեւ նախկին քաղբանտարկյալներ Գրիգոր Ոսկերչյանն ու Վարդգես Գասպարին, որն էլ նիստի ավարտին` դիմելով Վահագն Հարությունյանին ու Հարություն Հարությունյանին, բղավեց. «Մարդասպաններ, ամոթ ձեզ, մարդասպաններ»: Վերջիններս իրենց ուղղված արտահայտություններին քամահրանքով էին վերաբերվում եւ չնչին ուշադրություն անգամ չէին դարձնում:
Վարդգես Գասպարիին միացան զոհերի հարազատները, որոնք դատարանի դահլիճում պահանջում էին պատասխան տալ անտեղի սպանված իրենց երեխաների համար: