«Այս ցուցանիշները աշխատանքի արդյունք են»,- ասում է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը

07/05/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

– Պրն Ալավերդյան, չնայած մամուլում արդեն հրապարակվել են այս տարվա առաջին 4 ամիսների հարկային մուտքերի ցուցանիշները, այդուհանդերձ, չէի՞ք ամփոփի ընդհանուր պատկերը։

– Առաջին 4 ամիսների տվյալներով (ինչպես եռամսյակի դեպքում)՝ ՊԵԿ-ի կողմից հավաքագրվող փաստացի մուտքերը գերազանցեցին նախատեսված ցուցանիշները։ Մասնավորապես` եկամուտների մասով հարկային-մաքսային մարմիններին հաջողվեց անցած տարվա 4 ամիսների համեմատ 37.5 միլիարդ դրամով ավելի շատ գումար հավաքել, որն ընթացիկ տարվա ծրագրային ցուցանիշը գերազանցում է 22 միլիարդ դրամով: Նույն պատկերն է գրանցվել նաեւ սոցվճարների գծով. չորս ամիսների ընթացքում պլանային ցուցանիշը գերազանցվել է շուրջ 5 միլիարդ դրամով, իսկ անցած տարվա համեմատ՝ 6 միլիարդով: Այս ցուցանիշները խոսում են, որ ցուցանիշների կատարման ընթացքն առաջին կիսամյակում բարեհաջող է ընթանում, եւ պետք է այդպես էլ շարունակել: ՊԵԿ-ը պարբերաբար, յուրաքանչյուր ամսվանից հետո տեղեկատվություն է տրամադրում ԶԼՄ-ներին՝ հարկային մուտքերի վերաբերյալ: Նշեմ, որ ոգեւորությամբ ենք տրամադրում այդ տվյալները, որովհետեւ արդեն չորրորդ ամիսն է՝ ՊԵԿ-ի կողմից կատարվում եւ գերակատարվում են բյուջեով նախատեսված եկամուտները:

– Իսկ հասարակությանը հետաքրքրո՞ւմ են այդ ցուցանիշները:

– Այո, մեր ազգաբնակչությանն, իրոք, հետաքրքրում է, թե անկմանը հաջորդող տարում, երբ բյուջեում ծրագրված է 1.5% տնտեսական աճ, ինչպիսին էր պետական եկամուտների գծով մուտքերը: Այս առումով դա նաեւ հասարակական հնչեղություն է ստանում: Իսկապես պահանջ կա մեր հասարակության կողմից. հրապարակումները, որոնք արտացոլում են իրական պատկերը, քաղաքացիների կողմից հետաքրքիր արձագանքի են արժանանում։ Այդ մասին մենք տեղեկանում ենք եւ՛ թեժ գծերով, եւ՛ իրենց գրություններով:

– Հրապարակումներից հետո կարծիքներ հնչեցին, որ հարկային մուտքերի գերակատարումն արձանագրվել է հիմնականում սահմանի վրա գանձվող ԱԱՀ-ի հաշվին, այսինքն` ներմուծվող ապրանքների թանկացման արդյունքում։

– Իհարկե, լավ է, որ վերլուծություններ են կատարել` պարզելու համար, թե աճի հիմքերը որոնք են եղել։ ՊԵԿ-ը նույնպես վերլուծություններ է իրականացնում, թե աճի հիմնական գրավականները որոնք են եղել: Ուզում եմ նշել, որ աճ է գրանցվել ոչ միայն ԱԱՀ-ի գծով, այլ նաեւ շահութահարկի, եկամտահարկի գծով: Հետեւաբար, ասել, թե միայն ԱԱՀ-ի գծով են մուտքերն ավելացել, ճիշտ չի լինի: Ինչ վերաբերում է կոնկրետ ԱԱՀ-ին, ապա այդ հարկատեսակի գծով մուտքերի մեծությունը բնական է։ Բոլոր այն տարիներին, ինչ ԱԱՀ-ն գործում է Հայաստանում, այդ հարկատեսակի գծով մուտքերը միշտ գերազանցել են ուղղակի հարկերի մուտքերին: Դա էլ բացատրվում է նրանով, որ մեր երկրում ներկրումը շարունակում է մեծ տեսակարար կշիռ ունենալ ապրանքաշրջանառության համակարգում։ Եվ այս առումով, բնականաբար, ինչքան շատ ներմուծված ապրանք՝ այնքան շատ ԱԱՀ:

– Իսկ ներմուծումից գանձվող ԱԱՀ-ի մեծացումը կարելի՞ է միանշանակ դրական երեւույթ գնահատել։

– Խնդրում եմ բացել վիճակագրությունը եւ տեսնել՝ ԱԱՀ-ի աճի ո՞ր մասն է պայմանավորված սահմանի վրա գանձված ավելացված արժեքի հարկով, ո՞ր մասը՝ ներքին արտադրողի հաշվին: Երբ վերլուծենք, կտեսնենք, որ ներքին շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից ավելի շատ ավելացված արժեքի հարկ է սկսել վճարվել այս տարի: Օրինակ, կապի ոլորտում այս տարի երեք բջջային օպերատորների կողմից վճարված ԱԱՀ գումարները զգալիորեն գերազանցում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները։ Դա վկայում է այն մասին, որ տնտեսական աճը եւ՛ ներմուծման մեջ է արտացոլվել, եւ՛ տնտեսության տարբեր ճյուղերում: Կամ, օրինակ, պարտադիր սոցվճարները. մենք անցած տարվա համեմատ 6 միլիարդից ավելի սոցվճար ենք գանձել։ Այստեղ էլ հո ներմուծում չկա՞, սա գանձվում է աշխատավարձերից, աշխատողների թվաքանակից ելնելով։

– Պաշտոնական հաղորդագրության մեջ, որպես հարկային մուտքերի հիմնական գրավական, նշվում ՊԵԿ-ի կողմից իրականացված նպատակային եւ հետեւողական վարչարարությունը։ Կոնկրետ ի՞նչ քայլեր են արվել։

– Ընդհանրապես, հարկային մուտքերի աճը մենք կապում ենք երկու հիմնական գործոնների հետ՝ 5.5% տնտեսական աճը եւ 2009թ. ընթացքում իրականացված վարչարարական լուրջ միջոցառումները: Այս միջոցառումները կապված էին տնտեսվարող սուբյեկտների շրջանառությունները ֆիքսելու հետ: Ինչպես գիտեք, փոքր եւ միջին բիզնեսի համար մտցվեց շեմ` տարեկան 58.35 մլն դրամ, որը չգերազանցող տնտեսվարող սուբյեկտները սկսեցին ԱԱՀ չվճարել եւ հարկային մարմին հաշվետվություն չներկայացնել։ Հետեւաբար՝ մեր կողմից ավելացան կանխարգելիչ բնույթի գործողությունները։ Դրանց մեջ մտնում են, օրինակ, հսկիչ-դրամարկղային մեքենաների ճշտության ստուգումները, որպեսզի ֆիքսենք՝ կտրոններ տրամադրո՞ւմ են, թե՞ ոչ, դրանք արտացոլո՞ւմ են իրենց շրջանառության մեջ, թե՞ ոչ: Շուրջ 1000 հսկիչ գնում ենք իրականացրել, ինչը նշանակում է, որ այդքան տնտեսվարող սուբյեկտների մոտ ձգտել ենք իրականությանը մոտ շրջանառություն ֆիքսել:

– Իսկ խոշոր բիզնեսի մո՞տ։ Վերջերս հարկային մարմին-խոշոր բիզնես հարաբերությունների թեման քննարկման առարկա դարձավ նաեւ կառավարությունում։

– Խոշոր բիզնեսի մոտ անցկացրել ենք համատարած չափագրումներ։ Ընդամենը մի տվյալ նշեմ. 100 միլիոն դրամից ավելի շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտի մոտ մենք միջին հաշվով կատարել ենք տարեկան երկուսուկես ստուգում կամ այց (լինի դա՝ պետական բյուջեի հետ հարաբերությունների ստուգում, ձեռնարկատիրական գործունեության ստուգում, հսկիչ գնում, չափագրում, թե ելակետային տվյալների ճշգրտության ստուգում)։ Նշեմ, որ խոսքը ավելի քան շուրջ 2500 խոշոր տնտեսվարող սուբյեկտների մասին է։ Իսկ եթե խոշոր տնտեսվարող սուբյեկտին տարվա ընթացքում երկուսուկես անգամ հարկային մարմինն այս կամ այն հարցի շուրջ այցելում է, դա ստիպում է, որ նա իր շրջանառությունն իրականությանը մոտեցնի։ Ես չեմ ասում, որ իդեալական ցույց են տվել իրենց եկամուտները, բայց իրականությանը սկսել են մոտեցնել: Իսկ դրանից արդեն բխում է հարկային մուտքերի աճ` ԱԱՀ-ի, շահութահարկի եւ այլ հարկատեսակների գծով: Այսինքն, պետք է տնտեսագիտորեն հիմնավորի, թե այս աճը նաեւ ինչի արդյունքն էր: Դա հենց այնպես չի տրվել։ Այնպես չի, որ քնեցինք, արթնացանք եւ տեսանք, որ հարկային մուտքերը աճեցին: Այս ցուցանիշներն աշխատանքի արդյունք են։ Այս տեմպը կշարունակենք՝ նաեւ մուտքերը կշարունակեն աճել: Իսկ եթե թուլացնենք տեմպը, վարչարարությունը, հարկային մուտքերը այդպիսի աճ չեն ունենա:

– Պրն Ալավերդյան, առաջին 4 ամիսների հարկային մուտքերի գերակատարման մասին հրապարակումից հետո նաեւ կարծիքներ հնչեցին, որ բյուջեի մուտքերը դիտավորյալ քիչ են կանխատեսվել, որպեսզի ընթացքում գերակատարվեն եւ ասեն` տեսա՞ք, Հարկայինն ինչ լավ աշխատեց։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

– Պետական բյուջեի հարկային մուտքերի մեծությամբ ամենաշահագրգռվածը կառավարությունն է, որովհետեւ դա հնարավորություն է տալիս ավելի շատ սոցիալ-տնտեսական հոգսեր հոգալ։ Այնպես որ, չեմ կարծում, որ միայն հարկային կառույցին գովելու համար պետական բյուջեի ցածր ցուցանիշ ֆիքսեին: Այդ կարծիքներին ես ուզում եմ հակադարձել հետեւյալ հարցով՝ անցած տարի, երբ մենք 9% տնտեսական աճ էինք նախատեսել եւ բյուջեի այնպիսի ցուցանիշ, որը չկատարվեց, դա՞ էլ էր ճիշտ: Տնտեսական ճգնաժամը որոշակի ճշգրտումներ մտցրեց մեր վարքագծի մեջ: Ամենահամարձակ տնտեսագետները տարվա վերջին, երբ պետբյուջեի նախագիծն էր քննարկվում ԱԺ-ում, չէին կարող ասել, որ այս տարվա հունվարին նման աճ կարող է գրանցվել, դրա համար անգամ կանխատեսվող մեկուկես տոկոս տնտեսական աճը ընդհանրապես հոռետեսությամբ ընդունվեց: Պետական բյուջեն ընդունվել է նախորդ տարվա աշնանը, երբ մենք ճգնաժամի մեջ էինք։ Իսկ երբ առաջին եռամսյակի արդյունքները ամփոփվեցին եւ պարզվեց, որ արդեն 5.5% տնտեսական աճ կա, գնահատականները միանգամից որակապես փոխվեցին, եւ շուտափույթ մոռացան ճգնաժամը։ Պետք է իրողություններին, մեր տնտեսական ցուցանիշներին նայել իրատեսական: Պարզապես կարող եմ ասել, որ մենք իրատեսական եկամուտներ ենք գանձում՝ աճի ցուցանիշներին համապատասխան:

– Մեր երկրում ստվերի մեծ չափերի, հարկերից խուսափելու հիմնական պատճառ համարում են այն, որ մարդիկ (մանավանդ հայերը) դժվարությամբ են բաժանվում փողից։ Սակայն հարկերն ինքնանպատակ չեն. հարկատուներն իրենց վճարած հարկերի դիմաց պետք է որոշակի հանրային բարիքներ ստանան։ Արդյո՞ք մեր երկրում պետությունը պատշաճ կարողանում է ապահովել այդ բարիքները, որպեսզի հարկատուները գոնե իմանան` ինչի համար են փող տալիս։

– Շատ լավ հարց տվեցիք: Աշխարհի բոլոր երկրներում այդ խնդիրը կա։ Հարկ վճարողը պետք է համոզվի, որ իր կողմից վճարված հարկն արդարացի եւ արդյունավետ է օգտագործվում: Նա պետք է տեսնի դրա իրական արտացոլումը, գնահատի, օրինակ, ճանապարհները լա՞վ վիճակում են, թե՞ ոչ, հանրային ծառայությունների ոլորտում պետական դերակատարություն պահանջող խնդիրները լա՞վ են լուծվում, թե՞ վատ, բնակչության բարեկեցությունը բարձրանո՞ւմ է, թե՞ ոչ։ Կարճ ասած` բյուջետային միջոցները որքանո՞վ արդյունավետ են օգտագործվում: Իմ կարծիքով, մեր երկրում դա նոր է սկսվել, այդ մշակույթը նոր է արմատավորվել։ Ցավոք սրտի, դեռ այնպիսի բյուջե չունենք, որ շռայլություն թույլ տանք եւ մեծ ծախսեր կատարենք։ Այսօր, իհարկե, կարող ենք նայել, թե բյուջետային միջոցները ինչ ուղղություններով են ծախսվում. դա հրապարակային է, բյուջետային ծրագրով երեւում է: Կարծում եմ, կգա ժամանակ, որ հասարակությունը ավելի շատ ինստիտուտներ եւ լծակներ կունենա՝ հսկելու բյուջետային միջոցների ծախսման ուղղություններն ու դրանց արդյունավետությունը:

– Այս տարվա առաջին ամիսների տվյալներով` հարկային մուտքերի աճը զգալիորեն գերազանցել է ՀՆԱ-ի աճին։ Ըստ կանխատեսումների, տարվա կտրվածքով որքա՞ն կկազմի հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը։

– Ընդհանրապես, ՊԵԿ-ը կանխատեսումներով չի զբաղվում, քանի որ այդ գործով զբաղվում է Ֆինանսների նախարարությունը։ Իհարկե, գուշակություններ անելը անշնորհակալ գործ է, բայց մի բանում համոզված եմ՝ հարկերի մասով։ Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կոտորակ է, եւ ես այդ կոտորակի միայն համարիչի համար կարող եմ պատասխան տալ։ Իսկ պատասխանն այսպիսին է. պետական բյուջեում նախատեսված ցուցանիշների կատարման ընթացքը շատ կայուն հիմքերի վրա է դրված, աշխատանքային ճիշտ ուղղություն է ընտրված։ Այդպես կշարունակվի, եւ առաջին կիսամյակում էլ կապահովենք շատ լավ ցուցանիշներ: