Հայաստանի ու հիմնականում մեր մայրաքաղաքի դիմանկարը վերջին երկու տասնամյակում անընդհատ վերաձեւման է ենթարկվում: Շենքեր ու պուրակներ են անհետանում, փոխարենը նոր բարձրահարկեր են վեր խոյանում, վերափոխվում են փողոցներն ու այգիները: Կառուցելու ու քանդելու մասին մենք զրուցեցինք ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ, ով լինելով քաղաքաշինության փոխնախարար եւ Հայաստանի գլխավոր ճարտարապետ` լավ գիտե, թե որտե՞ղ են ավարտվում «վարդագույն քաղաքի» ռոմանտիկ պատկերացումներն, ու որտե՞ղ են սկսվում իրական բարդությունները:
– Երեւանի անկանոն ճարտարապետական վերաձեւման ու կանաչ տարածքների անհետացման մեջ հաճախ անձամբ Ձեզ են մեղադրում։ Ինչո՞ւ է Երեւանն այդքան անփույթ կառուցապատվում։
– Ես գոնե հայտնի եմ նրանով, որ ինձ վրա եմ վերցրել որոշումների ողջ պատասխանատվությունը, երբեք չեմ թաքնվել այս կամ այն քաղաքապետի թիկունքում։ Իսկ Երեւանի մասին խոսելիս՝ կուզեի առաջին հերթին շեշտել, որ բոլոր պրոբլեմների հիմքում անհասցե, այսպես ասած՝ բզկտված պատասխանատվությունն է, որը բաշխված է տարբեր կառույցների ու մարդկանց միջեւ։ Կարծում եմ, կանաչ տարածքներն ավելի քիչ չեն անհետացել ինձանից առաջ (երբ Երեւանի գլխավոր ճարտարապետն էի), ոչ էլ` ինձանից հետո։ Այսինքն` այդ պրոցեսը անձնավորված չէ, եւ դրա արմատները կոշտ քաղաքաշինական քաղաքականության բացակայության մեջ են։ Մեր հանրապետությունում քաղաքաշինական լիազորությունները տարանջատված են տարբեր մարմինների միջեւ։ Ես հաճախ եմ ասում, որ կոլեկտիվ պատասխանատվությունը հանգեցնում է զանգվածային անպատասխանատվության։ Եվ երբ մեկ անձ կարողանա պատասխանատվության ողջ բեռն իր վրա վերցնել` շատ բան կփոխվի։
– Համաձա՞յն եք, որ Երեւանը քաոտիկ, ֆրագմենտար է կառուցվում ու վերակառուցվում։
– Այս մտքի հետ կարող եմ մասնակի համաձայնել։ Կարծում եմ` խնդիրը նրանում է, որ մենք միշտ փորձում ենք պրոցեսների ետեւից, այլ ոչ թե առջեւից գնալ։ Եվ չենք կարողանում կառավարել կառուցապատման պրոցեսը, այսինքն՝ նախօրոք որոշել, թե որտե՞ղ` ի՞նչ է կառուցվելու։ 2005թ. հաստատվեց Երեւանի գլխավոր հատակագիծը, հետո արդեն մշակվեց գոտեւորման՝ զոնինգի ծրագիրը։ Եվ հարց է ծագում, թե որքանո՞վ են այդ ծրագրերը կիրառելի ու արդյունավետ։ Անձամբ ես կարծում եմ, որ դրանք պրոդուկտիվ չեն։ Նախ՝ այն պատճառով, որ պետք է հսկայական ինվեստիցիաներ անել՝ դրանք լուրջ փաստաթուղթ դարձնելու համար, եւ հետո էլ՝ հարկավոր է հասկանալ՝ արդյո՞ք գոտեւորման ծրագրերից հեռանալը իրավական պատասխանատվություն է ենթադրում։ Եթե պետականորեն հաստատված հատակագիծ կա, ուրեմն պետք է կոնկրետ նշվեն նաեւ հատակագծի խախտման հետեւանքները, որոնք հիմա հստակ չեն: Ես վստահ եմ, որ մեզ անհրաժեշտ է նաեւ Ճարտարապետների պալատի ստեղծումը։ Հիմա լուրջ քննարկումներ են ընթանում այդ ուղղությամբ։ Պալատը էթիկայի հանձնաժողով եւ արտոնագրի իրավունք կունենա։ Եվ եթե որեւէ նախագիծ նախատեսվում է կառուցել դրա համար ոչ համապատասխան վայրում, ապա նախազգուշացումից հետո նախագծի հեղինակները կարող են զրկվել արտոնագրից։ Նման կոշտ մեթոդները կարող են ազդել իրավիճակի վրա:
– Դուք նաեւ Հայաստանի գլխավոր ճարտարապետն եք։ Տարիներ առաջ նման պաշտոն զբաղեցնում էր միայն Ալեքսանդր Թամանյանը, ում եւ ցանկացած որոշում կայացնելու «քարտ բլանշ» էր տրվել, քանի որ զրոյից քաղաք կառուցելու պահանջ կար։ Իսկ այսօր ինչպիսի՞ ֆունկցիաներ է այդ պաշտոնը ենթադրում։ Դուք ունե՞ք այդ «քարտ բլանշը»։
– Ասեմ, որ բացի Թամանյանից, նման գործառույթներով պաշտոն (սակայն այլ անվանումով) զբաղեցրել է Պետշինի նախագահ Աղաբաբյանը, դա եղել է 1960-ական թվականներին, իսկ հետո այդ պաշտոնը վերացվեց։ Եվ միայն 2 տարի առաջ այն կրկին վերականգնվեց։ Կարող եմ ասել, որ Երեւանում իմ լիազորությունները շատ էպիզոդիկ են։ Եվ այդ պաշտոնի գործառույթներն իրականացվում են մասնակի. հիմնականում Հայաստանի մարզերում, որոնք հայտարարվել են հատուկ ռեժիմի տարածքներ։ Դրանք են Գյումրին, Ջերմուկը, Վանաձորը, Դիլիջանը եւ այլն։ Իսկ Երեւանի վերաբերյալ գլխավոր ճարտարապետի իրավասությունների ընդլայնման քննարկումները դեռ շարունակվում են, կարող եմ ավելացնել նաեւ, որ տարբեր կառույցներ հստակ դիմադրում են այդ պրոցեսին:
– Որպես Հյուսիսային պողոտայի նախագծի հեղինակ, կարո՞ղ եք ասել, որ գոհ եք արդյունքներից, եւ ստացվել է հենց այն, ինչը նախատեսում էիք։
– Կան մարդիկ, որոնք դժգոհ են պողոտայից, բայց կան նաեւ մարդիկ, որոնք հիացական կարծիք են հայտնում։ Գնահատական տալը իմ խնդիրը չէ, գիտեմ, որ պողոտան միշտ մարդաշատ է, մարդիկ հավաքվում են այնտեղ, զբոսնում են։ Ինքս հարց տամ. ավելի լավ կլիներ, եթե պողոտան չլիներ, ու պահպանվեր այն հին, հակասանիտարական վիճա՞կը, թե՞, այնուամենայնիվ, պետք էր ռիսկի գնալ։
– Երբ կոմպրոմիսները շատ են լինում, սովորաբար արդյունքը լավը չի լինում։
– Ցավոք, շատ հաճախ ճարտարապետները ստիպված են որոշակի զիջումների գնալ ու գրեթե երբեք լիովին գոհ չեն մնում վերջնական արդյունքից։ Կոմպրոմիսները ճարտարապետի խաչն են։ Ճարտարապետը նկարիչ չէ, նա գործ ունի բազմաթիվ գործոնների՝ ֆինանսական հաշվարկների ու օպտիմալ ներդրումների հետ, որոնք ուղղակիորեն կապված են բնակտարածքի վաճառքի հետ։ Ու թեեւ Հյուսիսային պողոտայում կան հատվածներ, որոնք բացարձակապես իմ սրտով չեն (եղել են վիճելի հարցեր, որոնց լուծումն ինձ չի բավարարում), սակայն ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ դա բացասական պրոյեկտ է։ Այդ նախագիծը ներդրումներից ու քաղաքի անհարիր հատվածը վերացնելուց բացի՝ նաեւ նոր ճարտարապետություն բերեց։ Եվ մի մոռացեք, որ պողոտան դեռ իր ավարտուն տեսքը չի ստացել։ Պետք է ավելանան կանաչ գոտիները, ջրային մակերեսները, շենքերի գիշերային լուսավորությունը, այժմ չեք տեսնում նաեւ ճարտարապետական փոքր ձեւերը, քանդակները, ինչի բացակայությունը պողոտան «մերկ» եւ «չոր» է դարձնում։ Պողոտան դեռ չի սկսել ապրել, այն իր լիարժեք տեսքը կստանա 2 տարի հետո։ Եվ չեմ կասկածում, որ Հյուսիսային պողոտան դառնալու է Երեւանը բնութագրող կարեւորագույն էլեմենտներից մեկը։
– Տպավորություն է, որ պողոտան նման է ֆիլմի կամ ներկայացման համար արված հսկայական դեկորացիայի։
– Պողոտան, անշուշտ, պետք է դեկորացիա լինի, հենց այդպես էլ գրել ենք բացատրագրում։ Ինչպես այլ երկրների նմանատիպ պողոտաները, այն պետք է թատերական բեմ հիշեցնի, որտեղ ելույթ կունենան շրջիկ թատերախմբերը։ Մեր երազանքը հենց թատերական պողոտա ստեղծելն էր, շատ էի ուզում, որ այդտեղ տեղակայվեին թանգարաններն ու թատրոնները (հատկապես Մնջախաղի թատրոնը, ինչը փայլուն լուծում կլիներ)։ Սակայն կան կոնկրետ ներդրողներ, որոնք այլ պատկերացումներ ունեն։ Երեւանի գլխավոր պողոտայում մեզ չհաջողվեց մշակութային առանցք ստեղծել, թեեւ այդ հարցում էլ լուծում կա։ Հայտնի է, որ պետք է իրականացվի «Հին Երեւան» ծրագիրը, որի արդյունքում հին քաղաքը բնութագրող սեւ շենքերը պետք է կողք կողքի տեղադրվեն ու խիտ պարագծով առեւտրային հատված ստեղծեն։ Կարելի է այգու մեջ ընդամենը մի քանի շենք տեղադրել՝ դարձնելով դրանք միաժամանակ եւ՛ էքսպոնատներ, եւ՛ գործող թանգարաններ կամ թատրոններ։
– «Հին Երեւան» ծրագիրը կարծես չի շտապում իրականություն դառնալ։
– Դա իմ ծրագիրը չէ։ Երբ Քաղաքաշինական խորհրդում քննարկվում էր այդ ծրագիրը, միակ դեմ քվեարկողը ես եմ եղել։ Ասեմ, որ ես ոչ թե ծրագրին, այլ այդ ծրագիրը հենց այդ տեղում իրականացնելուն եմ դեմ եղել, քանի որ այն հակասում է գլխավոր հատակագծի սկզբունքներին։ Այդ վայրում պետք է այգի լինի, իսկ պատմական շենքերը ցանկալի է վերածել, ասենք, տեխնիկական կամ ֆոտոարվեստի թանգարանների։ Ես այդ մասին շատ եմ մտածել, զրուցել եմ մասնագետների հետ ու համոզվել եմ, որ դա լավ լուծում կլիներ: Սակայն, կրկնում եմ, ներդրումային քաղաքականությունը իրականացնելու համար պետք է ունենալ մեկ լուրջ մարմին։ Անկեղծ ասած, ես մեծ հույսեր էի կապում ավագանիների խորհրդի հետ, չէ՞ որ նրանց ձայնը պետք է բնակչության ձայնը լիներ։ Եթե այդ մարմինն իրոք ցանկանա զբաղվել քաղաքի խնդիրներով, կարող է լուրջ արդյունքի հասնել:
– Դուք ասել էիք, որ փորձելու եք լավագույն նախագծերի «բանկ» ստեղծել, որտեղ տեղ գտած նախագծերն իրականացվելու շանս կստանան։ Հայտնի է, որ բավական շատ, հիանալի նախագծեր կան, որոնք Սովետի տարիներին այդպես էլ չեն օգտագործվել։
– Միշտ պետք է ուսումնասիրել անցյալն ու տեսնել՝ ի՞նչ ունենք պահեստում։ Օրինակ, այսօր, երբ նայում ենք Նկարիչների տան շենքին, չենք էլ պատկերացնում, որ այն անջատ է «Երեւան» հյուրանոցից, այնքան մոտ ու նման են այդ կառույցների ոճերը։ Ռաֆայել Իսրայելյանը նախագծելով Նկարիչների տունը՝ շարունակություն հաղորդեց Բունիաթովի հյուրանոցային պրոյեկտին։ Ճարտարապետների տակտն ու վարպետությունը թույլ չտվեց ինչ-որ ռադիկալ նոր բան նախագծել, այդ երկու շենքերը որպես մեկ շենք են դիտվում։ Քաղաքաշինությունն առաջին հերթին հարգանք է եղածի նկատմամբ, դա կոլեկտիվ արվեստ է։
– Սակայն Հյուսիսային պողոտան բացող բետոնե ու ապակե շենքերը նույնիսկ մեծ ցանկության դեպքում հաստատ չի կարելի նրբանկատ արվեստ անվանել: Դրանք ուղղակի տգեղ են ու խախտում են պողոտայի ամբողջականությունը։
– Պողոտայի կառուցման սկիզբն էր եւ մեր, հատկապես իմ գործընկերների պատկերացումները այդ ժամանակ այդպիսին էին։ Արդյունքում՝ եղավ այն, ինչ եղավ։
– Համաձայն չե՞ք, որ նույն կերպ խոսում են ոստիկանները կամ էլ թատրոնի ռեժիսորները, որոնք ասում են՝ դե, այդպես եղավ, ի՞նչ արած։
– Որպես Հյուսիսային պողոտայի գլխավոր ճարտարապետ, ես բոլոր շենքերի համար պատասխանատվություն եմ կրում։ Իրականում չունենալով լիարժեք լիազորություններ՝ եւ վատի, եւ լավի համար պատասխանատու եմ։ Իսկ ամբողջությամբ միայնակ նախագծել եմ պողոտայի եռանկյուն հրապարակը («Մանկական աշխարհի» հարեւանությամբ) եւ կիսակլոր հրապարակը ձեւավորող շենքերը, որոնք արտահայտում են անձամբ իմ պատկերացումները:
– Երբ խոսք գնաց Նկարիչների տան մասին, հետաքրքիր է իմանալ՝ արդյոք դրա ետնամասում կառուցվող շենքը պահպանելո՞ւ է ճարտարապետական անսամբլը, թե՞ ոչ։
– Քաղաքապետարանը դեռեւս չունի այդ վայրում կառուցվող շենքի նախագիծը։ Ես վստահ եմ, որ այդ հատվածը ամենահարմար վայրն է Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին (կամ էլ այլ եկեղեցի) կառուցելու համար։ Դա գերազանց լուծում կլիներ, քանի որ եկեղեցին արեւմուտքից մուտք կունենար ու նորմալ տեսք կստանար։ Եկեղեցի կառուցելու համար բնավ էլ հարկավոր չէ քանդել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը։
– «Փրկենք բացօթյա դահլիճը» քաղաքացիական խումբը հենց այդ առաջարկն է անում։
– Խնդիրը նրանում է, որ Նկարիչների տան ետեւի հատվածը սեփականատեր ունի, որն այդ սեփականության իրավունքը ձեռք է բերել Նկարիչների միության հետ ունեցած դատական վեճերի արդյունքում։ Սակայն իրավիճակը անլուծելի չէ, ես վստահ եմ, որ բանակցությունների արդյունքում այն կարելի է լուծել։
– Կինոդահլիճի քանդման վտանգը մեծ արձագանք ստացավ։ Առաջին անգամ քաղաքացիները համարձակվեցին տեր կանգնել քաղաքի շինություններին։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այդ դիրքորոշումը։
– Իհարկե, այդ աղմկալի արձագանքը դրական եմ գնահատում, որովհետեւ արդեն իսկ կառուցված շինությունը քանդելու համար հարկավոր է շատ լուրջ փաստարկներ ունենալ։ Եվ մարդիկ լսելով այդ փաստարկները՝ պետք է համոզվեն, որ քանդելուց բացի՝ այլ ելք չկա։ Նման նախադեպ եղել է մեր քաղաքում։ Երբ կառուցում էինք Իտալական փողոցը, Շահումյանի հրապարակի վրա գտնվող սեւ շենքը ապամոնտաժեցինք ու պահեստավորեցինք։ Այսօր մեզ հաջողվում է պատվիրատուների հետ համաձայնության գալ եւ այն մեկ այլ վայրում վերականգնելու որոշում ընդունել։ Ես համոզված եմ, որ միշտ հարկավոր է հազար անգամ չափել եւ հետո միայն՝ կտրել։ Իսկ ամառային դահլիճի վայրում ուղղակի չի կարելի որեւէ լուրջ բան կառուցել, քանի որ այդ տարածքն այդ հնարավորությունը չի տալիս։
– Իսկ հնարավո՞ր է, որ Դուք որպես ՀՀ գլխավոր ճարտարապետ՝ ամառային դահլիճը վերականգնելու ու կրկին այն վերագործարկելու որոշում ընդունեք։
– 2001-2003թթ. ես մեծ ջանքեր եմ գործադրել՝ դահլիճի ու նրա շարունակությունը հանդիսացող հատվածի վերակառուցվելու համար։ Հիմա շատերը մեղադրում են ճարտարապետներին՝ ասելով, որ երկար տարիներ բոլորը լռել են ու հիմա հանկարծ սկսել են աղմկել։ Այդպես չէ, պարզապես շատ հաճախ մեր ջանքերն անարդյունք են եղել։ Սակայն վստահ եմ, որ հիմա այդ խնդիրը լուծելու այլ ճանապարհ կա։ Մենք՝ ճարտարապետներս, կարող ենք մեր ուժերով հանգանակություններ հավաքել, երբ վերջնակապես փակվի դահլիճի քանդման հարցը (Հանրային խորհուրդն էլ է քանդմանը դեմ քվեարկել)։ Շատ լավ հիշում եմ կինոդահլիճի նախնական վիճակը, երբ կար երկրորդ հարթակն ու ծառերի համար բացվածքները, դա շատ գեղեցիկ վայր էր։ Ընդ որում, դահլիճի հետ կապված խնդրում մեծ դեր խաղաց հենց ճարտարապետ Սպարտակ Կնդեղցյանի անձը։ Նա ընդվզող փիլիսոփա, միշտ հակադրվելու պատրաստ ճարտարապետ էր, ով, ցավոք, խորհրդային տարիներին շատ քիչ բան հասցրեց կառուցել։ Եվ նրա անձը կարծես միավորեց բոլոր ճարտարապետներին։
– Միավորման հարցում մեծ դեր խաղաց նաեւ ինտերնետը։ Հիմա, երբ չի ստացվում ոչ ցանկալի այս կամ այն որոշումը անաղմուկ ու «սահուն» ընդունել, միգուցե ճի՞շտ է ուղղակիորեն դիմել հասարակությանը։
– Ես իմ կարծիքը հայտնել եմ իմ գործընկերներին` համաձայնվելով, որ դահլիճը չի կարելի քանդել։ Սակայն, մյուս կողմից, հարկավոր է հաշվի առնել, որ պատմության հուշարձանների ցանկից հանելու որոշումը ընդունել է կառավարությունը, իսկ ես առայսօր աշխատում եմ կառավարությունում, ինչպես նաեւ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետների խորհրդի երկարամյա անդամ եմ ու պարտավոր եմ եւ կառավարության, եւ Մայր Աթոռի համար օգտակար լուծում գտնել։ Ես հանրահավաքների համար պիտանի չեմ, իմ աշխատանքը կոնկրետ է։ Եվ իմ դիրքորոշման հիմքում դահլիճի լիարժեք պահպանումն ու վերականգնումն է։
– Այնպիսի տպավորություն է, որ շատ բան մեր քաղաքում դեռ չկառուցված՝ սկսում է քանդվել։ Ճաքել են, օրինակ, Հյուսիսային պողոտայի սալիկները, մայթեզրերը։ Ընդհանրապես նոր բաները շատ ավելի արագ են քանդվում, քան սպասելի է։
– Պողոտայի մասին կարող եմ ասել, որ ցանկություն կար սալահատակն ամբողջովին իրականացնել բնական քարերով, սակայն այդքան միջոցներ չունեինք եւ ստիպված եղանք բնական քարը մասնակի օգտագործել։ Մենք հիմնվեցինք այն տրամաբանության վրա, որ կգան լավ օրերը, եւ հատակը կարելի է վերափոխել։ Մի մոռացեք, որ պողոտան կառուցելը սկզբում անհավատալի գործ էր թվում։ Հիմա, նայելով պատրաստի արդյունքին, հեշտ է գնահատականներ տալ, մինչդեռ դա բարդագույն պրոցես էր՝ սկսած կառավարումից, իրացումից, ճարտարապետական նախագծումից, վերջացրած` բազմաթիվ ներդրողների հետ ունեցած դժվար քննարկումներով։ Թեեւ, իհարկե, համաձայն եմ, որ քաղաքացուն պրոցեսը չպիտի հետաքրքրի, ցանկացած գործում կարեւորն արդյունքն է։