Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ելույթը ՀՀ ԶՈՒ կազմավորման 18-րդ տարեդարձին նվիրված հանդիսության ժամանակ: Ելույթի զգալի մասը նվիրված էր պաշտպանական բարեփոխումներին:
Այսօր մեր պետության եւ ժողովրդի համար առանձնահատուկ տոն է. Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գլխավոր երաշխավորը` Հայոց բանակը, բոլորեց իր 18-ամյակը: Ճիշտ նորակոչիկ զինվորի տարիք, երբ առաջին անգամ զինվորական համազգեստ են հագնում, առաջին անգամ մուտք գործում զորամաս, զենք վերցնում եւ ապա հանդիսավոր երդվում անմնացորդ ծառայել հայրենիքին: Այնինչ մեր բանակը, որ ծնունդ է առել պատերազմի բոցերի միջից, այս ամենը հարկադրաբար անցել է իր ծննդյան առաջին իսկ օրերից, թրծվել ու առնականացել է ռազմական ծանր գործողությունների բովում, ձեռք բերել մարտական փորձ ու հմտություն, սովորել աննահանջ ու հաստատակամորեն հաղթահարել բոլոր դժվարությունները, մաքառել եւ հաղթել: Եվ այսօր ահա մեր 18-ամյա բանակը ներկայանում է ոչ թե իբրեւ մի անփորձ պատանի, այլ արդեն լիովին հասուն այր` կայացած, հզոր ու հաղթական:
1988-ի համազգային արդարացի ընդվզումը համախմբեց մեր ժողովրդի ամբողջ ուժն ու եռանդը, ի մի բերեց աշխարհասփյուռ հայության ներուժը եւ ուղղեց դեպի հայոց սահմաններ: Պատերազմ էր, ծանր ու անողոք պատերազմ, որում, սակայն, հաղթանակի գինը անչափ բարձր էր. կշեռքի նժարին էր դրված հայրենի երկրի ազատությունը: Եվ այդ նվիրական նպատակին էր ուղղորդվել ամեն բան` հայորդիների անկոտրում կամքն ու ոգեղեն զորությունը, հանուն հայրենիքի ինքնազոհաբերման պատրաստակամությունը: Ահա սրանք էին մեր հաղթաթղթերը Արցախի ինքնորոշման համար մղվող պայքարում, որոնք, զուգորդվելով մեր զորքերի մարտական պատրաստության բարձր աստիճանին, մեր ժողովրդի ազատասիրությանն ու համախմբվածությանը, վճռորոշ եղան պատերազմի վերջնական ելքի համար: Պատահական չէ, որ հակառակորդը, մշտապես ունենալով կենդանի ուժի եւ զինտեխնիկայի զգալի գերազանցություն, տանուլ տվեց բոլոր վճռորոշ ճակատամարտերը:
Մեր բանակը լիարժեք կազմավորման եւ համալրման խաղաղ ժամանակահատված չունեցավ: Հետզհետե սաստկացող ռազմական գործողություններն իրենց կնիքը թողեցին բանակի կազմավորման գործընթացի վրա` պարտադրելով կանոնավոր ստորաբաժանումները, ռազմական գերատեսչության կառույցը ձեւավորել հնարավորինս կարճ ժամանակահատվածում: Այդ ամենն իրականացվում էր անմիջապես պատերազմի թոհուբոհում. կանոնավոր ստորաբաժանումները կազմավորվում էին ռազմական գործողություններին զուգընթաց եւ անմիջապես մարտի մեջ մտնում: Եվ հաղթում էին, քանզի հայ ռազմիկի ոգին ամուր էր, մղած կռիվը` արդարացի: Նրանց` Հայոց ազգային բանակի նորակազմ կանոնավոր զորամասերին ենք պարտական Արցախյան պատերազմում կերտած մեր վերջնական հաղթանակի համար:
1994թ. զինադադարից հետո սկսվեց հանրապետության զինված ուժերի լիարժեք կայացման եւ կատարելագործման, ռազմի դաշտում կուտակած մարտական հարուստ փորձը տեսական գիտելիքներով հարստացնելու գործընթացը: Եվ արդեն շուրջ երկու տասնամյակ մեր բանակը հաջողությամբ կատարում է հայոց սահմանների պահպանության, բնակչության անվտանգության ապահովման կարեւորագույն խնդիրը: Զինված ուժերի զարգացման եւ բանակաշինության հարցերը նշված ժամանակամիջոցում մշտապես եղել են հանրապետության ղեկավարության եւ ժողովրդի ուշադրության կենտրոնում: Այսօր արդեն, ի հպարտություն բոլորի, մեր Զինված ուժերը միջազգային ռազմական վերլուծաբանների գնահատմամբ պատրաստվածության մակարդակով բնավ չի զիջում տարածաշրջանի մեր հարեւան պետություններին եւ անգամ գերազանցում է նրանց կազմակերպվածության, մարտական ոգու եւ առաջադրված խնդիրները պատվով ու պատասխանատվությամբ կատարելու առումով:
Այլոց քանակական գերազանցությանը մենք հակադրում ենք մեր զինծառայողների մասնագիտական բարձր պատրաստվածությունը, մարտական ոգին եւ նվիրվածությունը:
2009թ.-ին շարունակելով հավատարիմ մնալ իր կոչմանը` բանակը պատվով է կատարել գլխավոր խնդիրը, այն է` ՀՀ եւ ԼՂՀ սահմանների անվտանգության ապահովումը արտաքին ոտնձգություններից: Պլանային կարգով շարունակվել են մարտական եւ զորահավաքային պատրաստականության, զորքերի մարտական պատրաստության, զինվորական կարգապահության մակարդակի բարձրացման, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի արդիականացման աշխատանքները: Իրականացվել են մարտական հերթապահության բարելավման, սահմանամերձ շրջանների բնակչության անվտանգության ապահովման կարեւոր միջոցառումներ:
Մշտական բարձր մարտական պատրաստականության եւ գործնական գիտելիքների բարձրացման գործում մեծ է զորավարժությունների դերը: Դաշտային երթերին, շտաբային զորավարժություններին ու մարզումներին զուգահեռ` անցած տարի անցկացվեցին նաեւ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ, որոնք Զինված ուժերի պատմության մեջ ծավալով առաջինն էին եւ զորամիավորումների մարտական պատրաստության բաժինների ու զորամասերի հրամանատարների աննախադեպ ստուգողական հավաքի հետ միասին կատարելագործեցին ղեկավար եւ հրամանատարական կազմի տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները, բարձրացրին ստորաբաժանումների ներդաշնակման եւ մարտական խնդիրների կատարման աստիճանը:
Նշանակալիորեն աճեց հայրենական ռազմաարդյունաբերական համալիրի ծավալն ու կշիռը ԶՈՒ սպառազինության համալրման, զենքի եւ զինտեխնիկայի լիարժեք սպասարկման եւ վերանորոգման, պաշտպանական նշանակության արտադրատեսակների մշակման, արտադրական տեխնոլոգիաների ստեղծման ոլորտներում: Հագեցվեց եւ արդիականացվեց բանակի նյութատեխնիկական բազան:
ՀՀ ղեկավարության հարաճուն հոգածությունը` ուղղված հանրապետության ռազմաարդյունաբերական ոլորտին, ռազմական գիտության ու տեխնիկայի զարգացմանը, լուրջ նախադրյալներ է ստեղծում, որ մոտ ապագայում այս ոլորտը դառնա ավելի արդյունավետ եւ բարեփոխված:
Հատուկ ուշադրություն է դարձվել դաստիարակչական աշխատանքներին, որոնք նպատակաուղղվել են զորամասերում անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի եւ զինվորական կարգապահության ամրապնդմանը, գաղափարական, հոգեբանական, իրավական դաստիարակության մակարդակի բարձրացմանը: Կարելի է ասել, որ մարտունակության բարձրացման գլխավոր նախապայմանը անձնակազմի բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ամրապնդումն է` հրամանատարի եւ զինվորների փոխադարձ վստահության եւ հարգանքի առկայությունը, մարտական առաջադրանքի կատարման համար երկուստեք հավասարաչափ պատասխանատվության գիտակցումը: Առաջին հերթին սրանով էր ուժեղ մեր բանակը Արցախյան ազատամարտի ժամանակ, եւ այս ավանդույթի պահպանումն ու խորացումը պետք է դառնան մեր առաջնահերթ խնդիրներից մեկը, նոր հաջողությունների եւ հաղթանակների գրավականը:
Մարտունակության բարձրացման կարեւորագույն գործոններից են ռազմական համագործակցությունը այլ երկրների զինված ուժերի հետ, փորձի փոխանակումը, մասնակցությունը համատեղ զորավարժություններին: 2009թ. շարունակվել է ռազմական համագործակցության ընդլայնումը ինչպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության եւ Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում, այնպես էլ այդ կազմակերպությունների անդամ պետությունների եւ Հայաստանի մյուս գործընկերների հետ: Լուրջ հիմքեր են ստեղծվել միջազգային ռազմական համագործակցության աշխարհագրության ընդլայնման համար: Հարկ է նշել, որ մենք անվտանգության հարցում սոսկ պասիվ հայեցող լինելու իրավունք չունենք եւ պարտավոր ենք մեր հնարավորությունների չափով մասնակցել միջազգային անվտանգության ամրապնդման գործընթացին: Ի լրումն այդ ամենի` միջազգային համագործակցության խորացումն առավել անխոցելի է դարձնում մեր երկրի անվտանգությունը:
Անցյալ տարի ՀԱՊԿ շրջանակներում իրականացված աշխատանքների առանցքը հունիսի 14-ին Հայաստանի նախագահությամբ Մոսկվայում անցկացված ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում «ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի» մասին համաձայնագրի ստորագրումն էր: Այժմ ընթացքի մեջ է այդ ուժերին մեր կողմից տրամադրվող ստորաբաժանումների համալրման եւ արդիական սպառազինությամբ ապահովման գործընթացը: ՀԱՊԿ շրջանակներում Ղազախստանում կայացած «Փոխգործակցություն-2009» զորավարժությանը մասնակցեց նաեւ ՀՀ ԶՈՒ մոտոհրաձգային վաշտը` ստանալով «լավ» գնահատական: Ուրախալի է, որ «լավ» գնահատականի արժանացավ նաեւ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի 1-ին հրաձգային գումարտակը:
Մեր պաշտպանական քաղաքականության իրականացման շրջանակում շարունակվում է միջազգային համագործակցությունը ոչ միայն ՀԱՊԿ, այլեւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ թե երկկողմ եւ թե բազմակողմ համագործակցության շրջանակում: Պետք է ասել, որ մեր ստանձնած պարտավորությունների կատարումը ՆԱՏՕ-ի անդամ երկրների խորհրդաժողովներում մշտապես բարձր գնահատականի է արժանանում:
Կոսովոյում միջազգային խաղաղարար առաքելության ժամանակ իրենց մասնագիտական հմուտ գործողություններով աչքի ընկան մեր խաղաղապահ բրիգադի մարտիկները` վերահաստատելով իրենց բարձր վարկը եւ կայուն ու հուսալի գործընկերոջ համբավը, որ վաստակել էին նախորդ տարիների անբասիր ծառայությամբ: Շուտով մեր զինծառայողները կստանձնեն Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ գործողությունների մասնակցի պարտականությունները, վստահ եմ` պարտքի այն նույն խորը գիտակցմամբ, որ իրենք հայոց պետությունն ու բանակն են ներկայացնում:
Հաշվի առնելով տարածաշրջանային բարդ քաղաքական զարգացումները` Հայաստանի Հանրապետությունը պարտադրված է շարունակաբար կատարելագործելու իր Զինված ուժերը` բոլոր մարտահրավերներին դիմագրավելու եւ հավանական վտանգները չեզոքացնելու համար: Ըստ այսմ` պետք է անընդհատ գործել ժամանակի առաջադրած պահանջներին համահունչ: Այս առումով շատ կարեւոր են տարվա ընթացքում իրականացված պաշտպանական բարեփոխումները, որոնց նպատակը արդիական ռազմական պահանջներին համապատասխանող, առավել ճկուն եւ ժամանակակից պաշտպանության համակարգի ստեղծումն է, որն ի զորու կլինի արդյունավետորեն իրականացնել ՀՀ ռազմական անվտանգության ապահովումը: 2009 թվականին հաջողությամբ գործարկվեց ՊՆ եւ ԶՈՒ ԳՇ նոր կառուցվածքը, ակտիվացավ պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի ներդրման գործընթացը, իրականացվեցին պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթացի պլանավորման ղեկավար փաստաթղթերի մշակման աշխատանքները, եւ սկսվեց ռազմական առաջադրանքների որոշման եւ սահմանման փուլը, կենտրոնական ապարատում ներդրվեց քաղաքացիական հատուկ ծառայության համակարգը: Նոր հիմքերի վրա դրվեց ռազմավարական պլանավորումը: Կառուցվածքային բարեփոխումները շարունակվում են, զորքերում հաջողությամբ ներդրվում եւ աստիճանաբար աճում է պայմանագրային զինծառայության նշանակությունը:
Բարեփոխումների շրջանակներում իրականացվեցին նաեւ կարեւոր օրենսդրական նախաձեռնություններ, որոնց շնորհիվ իրավական կանոնակարգման ենթարկվեցին մի շարք ոլորտներ: Փոփոխություններ կատարվեցին «Զինվորական ծառայության մասին» եւ «Զինապարտության մասին» օրենքներում: Ազգային ժողով եւ Կառավարություն ներկայացվեցին սպառազինության ու ռազմական տեխնիկայի արտահանման եւ ներմուծման վերահսկողության գործընթացը միջազգային անվտանգության ապահովման շրջանակներում կանոնակարգող օրենքների նախագծեր:
Երկրի պաշտպանունակության, անվտանգության ապահովումը ողջ ժողովրդի, հասարակության յուրաքանչյուր անդամի սուրբ պարտականությունն է: Եվ սրա համընդհանուր գիտակցման համար շատ կարեւոր է բանակ-հասարակություն կապերի բարձր մակարդակը, որի ուղղությամբ եւս բավականին ընդգրկուն աշխատանքներ կատարվեցին. ստեղծվեց պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը, որը կոչված է հասարակության ավելի մեծ ներգրավվածություն ապահովելու բանակի հիմնահարցերի լուծման գործում:
Զգալի աշխատանք է կատարվել նաեւ կրթական համակարգի եւ բանակային կառույցի փոխներգործության ուղղությամբ: Հանրապետության 1450 հանրակրթական դպրոցներ կցագրվել են ԶՈՒ զորամասերին, իսկ առաջատար բուհերը` ՊՆ համապատասխան ղեկավար անձանց: Բուհերի հետ արդյունավետ համագործակցությունը առանձնապես կարեւոր է ռազմական ոլորտում հասարակության գիտական ներուժի օգտագործման տեսանկյունից:
Շարունակվել են զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքները: Լայն թափ է առել բնակարանային շինարարությունը, տարվա ընթացքում շահագործման են հանձնվել տասնյակ բնակելի շինություններ, ինչի շնորհիվ հարմարավետ բնակարաններով ապահովվել են շուրջ 400 զինծառայողների ընտանիքներ: Այդ ամենից զատ` բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն է հատկացվել զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողների եւս 400 ընտանիքների: Զգալի աշխատանքներ են կատարվել զինծառայողների, նաեւ զոհված, մահացած եւ անհայտ կորած, ինչպես նաեւ հաշմանդամ դարձած զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության ուղղությամբ:
Թեեւ ընթացիկ տարում եւս առաջնորդվելու ենք «ՀՀ ԶՈՒ պատրաստությանը` նոր որակ, պաշտպանական բարեփոխումներին` հաստատուն ընթացք» կարգախոսով, այնուամենայնիվ, 2010 թվականը Զինված ուժերում հայտարարված է «Գիտելիքների տարի»: Սա նշանակում է, որ իրականացվող պաշտպանական բարեփոխումները պիտի խարսխվեն բանակի մարտունակությունը պայմանավորող ամենակարեւոր գործոնի` գիտելիքի վրա: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու զինծառայողների անհատական պատրաստությանը` մասնագիտական որակների ու ֆիզիկական պատրաստվածության կատարելագործմանը: Վստահ եմ` համատեղ աշխատանքով մեզ կհաջողվի կյանքի կոչել մեր բոլոր ծրագրերը: Հարկավոր է միայն անխախտ վստահություն ունենալ սեփական ուժերի հանդեպ, հավատով նայել ապագային, համախմբվել եւ անխոնջ ու եռանդուն լծվել աշխատանքի: Մենք հաղթանակած բանակ ենք, խաղաղության կողմնակիցներ: Եվ այսօր հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից հաճախակի հնչող ռազմաշունչ հայտարարությունները մեզ ոչ թե սարսափ են ազդում, այլ զգոնության եւ անընդմեջ կատարելագործման են կոչում, քանզի խաղաղության պահպանման լավագույն միջոցը հակառակորդին հզոր ռազմական ուժ հակադրելն է:
2010թ. լրանում է Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 65-րդ տարեդարձը: Արդեն 65 տարի է անցել, երբ մեր ժողովրդի պատերազմական սերունդն իրեն վիճակված ծանր փորձությունից դուրս եկավ պատվով` հաղթանակած: Հաղթանակը վերահաստատեց այն իրողությունը, որ մեր ժողովուրդը վտանգի պահին ի զորու է համախմբելու իր ուժերը եւ թեկուզ ծանր զոհողությունների, թեկուզ անդառնալի կորուստների գնով հասնելու արդյունքի: Մեր ժողովուրդը հաղթեց` ոչ միայն հաջորդ սերնդին փոխանցելով հաղթանակի բերկրանքը, այլեւ դաստիարակելով նոր` հաղթողի հոգեբանությամբ սերունդ, որը դարձավ իր հերոս պապերի ու հայրերի արժանի ժառանգորդը` փառահեղ հաղթանակ կռելով Արցախյան գոյամարտում:
Մենք դեռ շատ բան պիտի ապացուցենք. մնալով հաղթողի մեր դիրքում, անառիկ պահելով նվիրական խաղաղությունը` բոլորին ներշնչենք նույն համոզմունքը, որ դրության տերը նա է, ով վերջին տասնամյակների եւ ընդհանրապես բոլոր ժամանակների ամենափայլուն ռազմական հաղթանակներից մեկի հեղինակն է: Եվ յուրաքանչյուրիս մեջ գլուխ պիտի բարձրացնի այն նույն հպարտությունը, որ մենք ազգովին հավաքական մի ուժ ենք, ու մեր անունն է ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ: