ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի Օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանի եւ Մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Իշխան Մաթեւոսյանի հարցազրույցը
– Ինչպե՞ս են անդրադառնում ՀՀ Զինված ուժերում ընթացող բարեփոխումները Ձեր ղեկավարած վարչությունների աշխատանքի վրա, կա՞ն փոփոխություններ Ձեր աշխատանքի կազմակերպման մեջ, եւ որո՞նք կարող եք հեղափոխական անվանել:
ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի Օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյան. – Այդ հարցին պատասխանեմ հարցով` իսկ մենք ուզո՞ւմ ենք խաղաղություն, ուզո՞ւմ ենք ապահովել մեր երկրի անվտանգությունը: Ինձ թվում է` պատասխանը ակնառու է` իհարկե, ուզում ենք: Եվ բարեփոխումները միտված են տվյալ խնդիրների առավել արդյունավետ կատարմանը: Բարեփոխումների նպատակը դարձել է այն, որ Ադրբեջանի քանակական զարգացումներին մենք պատասխանենք, կամ հակադրենք մեր հայկական որակը: Ահա այստեղ է, որ բարեփոխումներ պետք է իրականացնենք մեր Զինված ուժերում:
Միգուցե կարելի է օգտագործել «հեղափոխական» բառը: Մեր ամենօրյա աշխատանքը եւս հեղափոխական է: Արագ փոփոխվող տարածաշրջանային իրավիճակը, վերջերս տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները ստիպում են, որ մենք աշխատենք հեղափոխական ձեւով: Այստեղ տեղին է Նապոլեոն Բոնապարտի այն խոսքը, որ «այն երկիրը, որը պաշտպանում է բանակը, չի կարող պաշտպանվել, բայց երկիրը, որը պաշտպանում է ժողովուրդը, անպարտելի է»: Բարեփոխումները մենք հեղափոխական կարող ենք դարձնել, երբ յուրաքանչյուր հայ, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ինքը զգա, որ մասնակից է տվյալ երկրի պաշտպանությանը, ինքն ունի իր չափաբաժինը, իր մասնիկը, եւ իր աշխատանքով` անկախ նրանից, թե ինքը գյուղացի է, բանվոր է, ուսուցիչ է, թե բժիշկ, մասնակցում է իր երկրի պաշտպանությանը եւ ամեն ինչ անում է, որպեսզի այդ երկիրը դառնա անվտանգ:
Մեր վարչության աշխատանքի կազմակերպման առումով կարող եմ ասել, որ աշխատանքներում եղել են փոփոխություններ: Փոփոխություններ են եղել որակական ուղղությամբ:
Վարչությունն իրականացնում է հիմնականում մարտական հերթապահության վերահսկողության, պլանավորման, համագործակցության կազմակերպման գործընթացներ, եւ այդ առումով վարչության կատարած աշխատանքը նպաստում է բոլոր այլ վարչությունների, գերատեսչությունների աշխատանքին: Իհարկե, համագործակցում ենք բոլորի հետ, բոլորի հետ միասին իրականացնում ենք այն խնդիրները, որոնք որոշվում են պետության եւ Զինված ուժերի ղեկավար կազմի կողմից:
ՀՀ ԶՈՒ Մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Իշխան Մաթեւոսյան. – Ռազմական բարեփոխումների անհրաժեշտությունն առաջացել է` առաջին հերթին ելնելով այն հանգամանքից, որ վերջին տարիներին մենք լրջորեն վերագնահատեցինք մեր միջավայրը, ասել է թե՝ ՀՀ-ի շուրջ սպառնալիքների եւ վտանգների միջավայրը: Արդյունքում ընդունվեցին մի շարք պետական-նորմատիվ ակտեր, ՊՆ մոտ 5 տասնյակի հասնող ներգերատեսչական ակտեր, որոնք հանդիսացան պաշտպանական բարեփոխումների իրավական հիմքը:
Անդրադառնալով մոտեցումները հեղափոխական համարելու մասին հարցին` կարող եմ ասել, որ ռազմական բարեփոխումներն ի սկզբանե ուղղված են հենց նրան, որպեսզի թույլ չտանք հեղափոխական զարգացումներ, այլ բոլոր խնդիրները, որոնք առաջացել են մեր պետության, մեր Զինված ուժերի առջեւ, լուծենք պլանային կարգով, հաշվարկված, եւ, իհարկե, մեր առջեւ տեսնենք ակնկալվող արդյունքները:
Խոսելով Մարտական պատրաստության վարչությանն առնչվող խնդիրների մասին` կարող եմ ասել, որ, անշուշտ, այս բարեփոխումներն անդրադառնում են մեր գործունեությանը, քանի որ Մարտական պատրաստության վարչության շրջանակները շատ լայն են` սկսած անհատ զինվորի, սերժանտի, սպայի պատրաստությունից, ներառյալ հրամանատարական պատրաստությունը, ուսումնանյութական բազայի զարգացումը, բանակային սպորտը: Վերջին տեղում չեն նաեւ օտարերկրյա պետությունների զինված ուժերի կամ ռազմական դաշինքների հետ շփումները: Դա շատ կարեւոր է, եւ այսօր ես կարող եմ ասել, որ, ելնելով պաշտպանական բարեփոխումներից, մենք որպես առաջին քայլ՝ կատարել ենք որոշակի ճշտումներ մեր փաստաթղթերում, մարտական կանոնադրություններում: Որոշակի փոփոխություններ է կրել ստորաբաժանումների մարտավարությունը, եւ ես համոզված եմ, որ բարեփոխումները կկրեն շարունակական եւ հաջորդական բնույթ:
– Բարեփոխումների հիմնական նպատակներից մեկը առավել արդիական եւ, հետեւաբար, ավելի մարտունակ բանակ ունենալն է: Ո՞ր փոփոխությունները կարող ենք արդեն իրականացված համարել, եւ որո՞նք են հեռանկարային հիմնական անելիքները:
Արտակ Դավթյան. – Տարանջատենք հարցը երկու մասի` բուն զինվորական միջոցառումներ, որոնք Զինված ուժերում իրականացվում են բարեփոխումների շրջանակներում, եւ, այսպես ասած, ոչ զինվորական միջոցառումներ: Ես կցանկանայի կանգ առնել ոչ զինվորական միջոցառումների վրա, քանի որ դա հետաքրքրում է հասարակության ավելի լայն շրջանակի եւ վերաբերում է բոլորին: Առաջին հերթին դրանք օրենսդրական բարեփոխումներն են: Ես առանձնահատուկ կնշեի «Պաշտպանության մասին» օրենքը, որն ընդունվեց վերջերս եւ մեծ ազդեցություն ունեցավ մեր հետագա անելիքների վրա: Բացի այդ, դա սոցիալ-կենցաղային հարցերի լուծումն է Զինված ուժերում: Սոցիալ-կենցաղային հարցերի լուծումը երկու ուղղություն ունի` սպաներին, ենթասպաներին բնակարանով ապահովելու խնդիրը, որը լուրջ թափ է առել վերջին երեք տարիների ընթացքում, եւ զինվորների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումն անմիջապես զորամասերում, որը նույնպես միտված է մարտունակության բարձրացմանը: Բարեփոխումների շրջանակներում հաջորդ ուղղությունը զորակոչի բարելավումն է: Զինվորական ծառայությանը զուգահեռ՝ գործում է նաեւ պայմանագրային զինծառայությունը, որի խնդիրները բավականին լավ լուծում են ստանում վերջին ժամանակաշրջանում:
Վերը թվարկվածներն առաջին հայացքից մարտունակության հետ չեն կապակցվում, սակայն բերեմ պարզ օրինակ. ցանկացած գեղեցիկ տուն որպեսզի կանգուն մնա, պետք է ունենա ամուր հիմքեր, իսկ ամուր հիմքերը առաջին հերթին հասարակության հետ շաղկապող օղակներն են, որոնք ես թվարկեցի, եւ հասարակությունն ինքն է հանդիսանում բանակի հիմքը, քանի որ բանակը հասարակության մի մասնիկն է, եւ առանց հասարակության աջակցության ու մասնակցության՝ բանակն ուղղակի չի կարող լինել մարտունակ եւ կատարել իր մարտական խնդիրները:
Կցանկանայի անդրադառնալ նաեւ հարցի երկրորդ մասին` անցկացվող միջոցառումներին: Բարեփոխումները նախատեսում են Զինված ուժերում անցկացվող միջոցառումների շարունակականություն: Բոլոր միջոցառումները պլանավորված են, դրանք շարունակվում ու զարգացվում են: Հաջորդը ժամանակակից սպառազինության, ռազմական տեխնիկայի ձեռքբերումն է եւ Զինված ուժերի հագեցվածությունը տվյալ սպառազինության ռազմական տեխնիկայով: Եվ այստեղ կցանկանայի առանձնացնել մեր երկրի ներսում մշակվող, արտադրվող եւ բանակին մատակարարվող սպառազինությունը: Ի տարբերություն իր արտադրանքի վերաբերյալ Ադրբեջանի դատարկ գովազդների, ես կարող եմ պարզապես հպարտությամբ ասել, որ մենք բավականին լուրջ հաջողություններ ունենք տվյալ ոլորտում: Մեր գիտնականների շնորհիվ վերջերս ավարտվեց փորձարկումը, եւ սպառազինության նոր նմուշներն ընդունվեցին մեր Զինված ուժերում, ինչը թույլ է տալիս Ադրբեջանի որոշակի զինատեսակների քանակական առավելությունը ի չիք դարձնել: Մասնավորապես, դա վերաբերում է Ադրբեջանի Զինված ուժերի ավիացիային եւ հրթիռային զորքերին: Ես կարող եմ ասել, որ տվյալ սպառազինությունն ուղղակի ուրախությամբ կվերցնեին անգամ գերպետությունները, որոնք բազմաթիվ տարիներ աշխատում են այդ խնդրի լուծման ուղղությամբ: Եվ այսպիսի օրինակներ մենք շատ ունենք:
Մենք պետք է կարողանանք մեր երկրում զարգացնել Զինված ուժերի կապը հասարակության հետ եւ զարգացնել մեր երկրի տնտեսությունը, որը նպաստում է Զինված ուժերի մարտունակության բարձրացմանը. ահա բարեփոխումների անկյունաքարերից մեկը, որը կնպաստի մեր մարտունակության բարձրացմանը:
Իշխան Մաթեւոսյան. – Ես այս հարցին մի փոքր այլ տեսանկյունից կպատասխանեի: Նախ, ես ուզում եմ, որ մեր հասարակությունն իրազեկ լինի, որ անցկացվող պաշտպանական բարեփոխումները միայն Զինված ուժերի բարեփոխումները չեն: Զինված ուժերի բարեփոխումներն ընդհանուր ռազմական բարեփոխումների ընդամենը մի մասն են: Ըստ նախապես կազմված պլանների եւ մտահղացումների, բարեփոխումները մեր պետությունում, մեր Զինված ուժերում անցնում են մի քանի փուլերով:
Ձեր հարցին ես կարող եմ պատասխանել` պարզաբանելով, որ այսօր մենք ավարտված ենք համարում բարեփոխումների առաջին փուլը, որը ենթադրում էր կենտրոնական ապարատի` ղեկավար մարմնի փոփոխություններ: Մենք այսօր ունենք արդեն իրենց գործառույթներով տարանջատված Պաշտպանության նախարարություն եւ Գլխավոր շտաբ, որտեղ Պաշտպանության նախարարությունն առանձնանում է իր վարչարարական խնդիրներով, իսկ Գլխավոր շտաբը` անմիջապես զորքերի առօրյայով, գործունեությամբ եւ ղեկավարման հարցերով: Ակնհայտ է, որ զորքը` բանակը, կպատերազմի նույնքան լավ կամ նույնքան վատ, ինչպես նա պատրաստվել է խաղաղ պայմաններում, խաղաղ ժամանակ: Այդ առումով այսօր մենք շատ ենք կարեւորում մեր զորքերի դաշտային պատրաստության մակարդակը, եւ կարող եմ նշել, որ տարեցտարի, փուլ առ փուլ մենք մեր վերին օղակի` հմուտ ղեկավար կազմի, մեր զորամիավորումների, միավորումների եւ զորամասերի հրամանատարների ղեկավարությամբ ու փոխհամագործակցությամբ ունենում ենք աճող ցուցանիշներ:
Բարեփոխումների մասին խոսելով` կուզենայի նաեւ ասել, որ մեր հասարակությունը պետք է դիտի ոչ միայն Զինված ուժերում կատարվող բարեփոխումները: Ընդհանուր առմամբ ասեմ, որ սա չպետք է ընկալվի այնպես, իբրեւ մենք տարիներ շարունակ չէինք աշխատում եւ հանկարծակի որոշեցինք փոփոխություններ կատարել: Իհարկե, լուծվել են որոշակի տեխնիկական հարցեր` կապված որոշ կառույցների կառուցվածքի փոփոխության, օպտիմալացման հետ, սակայն մենք պետք է հասկանանք, որ այսպիսի մեծածավալ պաշտպանական բարեփոխումներ իրականացնելով` մենք լրջորեն ազդում ենք կառույցների ուղղահայաց եւ հորիզոնական կապերի վրա, որոնք գոյություն ունեն կառավարման եւ պատրաստման գործում: Մենք փոփոխում ենք գործառույթները` կատարելով միեւնույն խնդիրը: Այս առումով պետք է նշել, որ մենք ունենք, այսպես ասած, ընտելացման ժամանակաշրջան:
Առաջին փուլը մենք համարում ենք ավարտված: Մեր կենտրոնական ապարատում ավելացել է զինծառայողների եւ ուղղակի քաղծառայողների շերտ, ովքեր թե իրենց մտածելակերպով, թե պատրաստության մակարդակով՝ պետք է կարողանան համակերպվել զինվորական, ռազմական մտածելակերպին: Դա, կարծում եմ, ոչ միայն անձնական կամ անհատական որակների պահանջ է, այլեւ` ընդհանուր մարդկային շփումները կազմակերպելու ու հստակեցնելու խնդիր: Այս տարվանից մենք անցնում ենք մեր զորային բարեփոխումներին, որոնք, ըստ իս, ավելի մեծածավալ են եւ ավելի շատ ժամանակ կպահանջեն: Արդյունքում մենք պետք է ունենանք ավելի մարտունակ բանակ:
Հարց է առաջանում` ինչո՞վ է ապահովվելու մարտունակությունը, եթե թվակազմը գրեթե չի ավելանում, եթե սպառազինության եւ ռազմական տեխնիկայի հիմնական նմուշները մնում են գրեթե նույնը: Ես կարող եմ մեկ օրինակ բերել. եղած ուժերը պետք է վերաբաշխվեն ըստ իրենց խնդիրների, ուղղությունների, պետք է փոփոխվի կառուցվածքը, եւ դրանից ելնելով` մենք կստանանք ավելի ճկուն, տարբեր մարտահրավերներից ու մարտական իրադրություններում արագ փոփոխվող, արձագանքելու հնարավորություն ունեցող ստորաբաժանումներ:
– Ցանկացած մեծ կառույց, մանավանդ ուժային կառույցները, հեշտ չեն համակերպվում փոփոխություններին, եւ դրանց ընկալման համար երեւի թե անհրաժեշտ են նաեւ հոգեբանական փոփոխություններ թե վարչությունների ղեկավար կազմի, թե Ձեր ենթակաների մոտ: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:
Արտակ Դավթյան. – Որպես զինվորական՝ կպատասխանեմ ավելի կարճ. Օպերատիվ վարչությունը նման խնդիր չունի: Հիմնավորեմ: Նախեւառաջ, օպերատիվ վարչության անձնակազմի անդամները հիմնականում ընտրվում են որպես բարձր կարգի մասնագետներ, բարեխիղճ, պարտաճանաչ, հարուստ փորձ ունեցող սպաներ: Եվ մշտապես աշխատելով լարված վիճակում, կատարելով պատասխանատու խնդիրներ` մշտապես գտնվում են փոփոխության մեջ: Բացի այդ, կյանքն է մեզ ստիպում մշտապես կատարել փոփոխություններ. հակառակորդի մոտ ավելացավ մեկ զինվոր, մեզ մոտ կատարվում է համապատասխան փոփոխություն: Մեզ մոտ պակասեց կամ ավելացավ մեկ մարդ կամ տեխնիկա, անմիջապես կատարվում է համապատասխան փոփոխություն: Մշտական գործընթացների արդյունքում մենք լրացուցիչ ազդարարման կարիք չենք զգում, որպեսզի մեզ ասեն` բարեփոխվեք, կամ աշխատեք այլ ձեւով: Մենք աշխատում ենք մշտական փոփոխությունների համատեքստում եւ չենք ստիպում, որ բարեփոխումները հրամայական կարգով փոփոխություններ մտցնեն ընդհանուր աշխատաոճում:
Իշխան Մաթեւոսյան. – Ես այս հարցը կցանկանայի դիտարկել ոչ միայն անհատական շփումների հարթության վրա, այլեւ մյուս կառույցների հետ Պաշտպանության նախարարության շփումների համատեքստում: Այսօր մենք ունենք հետեւյալ պատկերը. մեր որոշ վարչություններ, վարչությունների մի մասը կամ այլ կառույցների մի մասը, մեր ընկերները դարձել են քաղաքացիական, այսինքն` պաշտոնապես պաշտոնաթող են եւ քաղաքացիական: Այսօր մենք այդ շփումների մեջ որեւէ խնդիր չենք տեսնում, մենք կարողանում ենք իրար հետ հաղորդակցվել նույն լեզվով, նույն գաղափարներով, որոնք եղել են նախկինում: Սակայն ես ուզում եմ մի փոքր առաջ նայել, որովհետեւ կա երիտասարդ, աճող սերունդ, որը հետագայում մեզ փոխարինելու է, եւ այն ավանդույթը, կապերն ու հիմքը, որն այսօր մենք ստեղծում ենք, պետք է լինեն այնքան ամուր, որ նրանք այդ հարցում խնդիրներ չունենան: Կրկնակի պատասխանատու կարգավիճակ է, քանի որ, առօրյա խնդիրներից բացի, մենք այսօր դնում ենք մեր Զինված ուժերի նոր կառուցվածքի հիմքը մեր երիտասարդ սերունդների աշխատանքի համար: Անհատական ոչ մի խնդիր չկա, ոչինչ չի դժվարացել, քանի որ ինձ վստահված վարչության գործառույթները չեն փոփոխվել, պարզապես առաջադրված խնդիրների լուծման կարգն է որոշակի փոփոխություն կրել: Ես համոզված եմ, որ դա լուրջ խոչընդոտ չէ, եւ դրա վրա լուրջ ուշադրություն կենտրոնացնելու կարիք չկա:
– Ներկայացրեք, խնդրեմ, Ձեր ղեկավարած վարչությունների այս տարվա հիմնական ծրագրերը:
Արտակ Դավթյան. – Ես չէի ցանկանա կոնկրետ պատասխանել. Օպերատիվ վարչության ծրագրերն ու աշխատանքներն ունեն իրենց առանձնահատկությունները, որոնք հիմնականում հրապարակման ենթակա չեն: Պարզապես նշեմ, որ այս տարի մենք հիմնականում ուշադրություն ենք դարձնելու մեծ զորավարժություններին, որոնք ղեկավարվելու եւ անցկացվելու են Զինված ուժերի ղեկավար կազմի կողմից:
Իշխան Մաթեւոսյան. – Մարտական պատրաստության վարչության խնդիրն է՝ շարունակել պատրաստել մեր Զինված ուժերի անձնակազմը, ապահովել նրա բարձր մարտունակությունը, պահպանել այն մակարդակի, այն աստիճանի վրա, որ մեր բանակը երաշխավորված կերպով պատրաստ լինի դիմակայել ցանկացած ագրեսիայի:
Ընթացիկ խնդիրների թվում կցանկանայի նշել, որ մենք այս տարի լուրջ խնդիրներ ունենք` կապված մեր զորքերում էլեկտրոնային վարժասարքերի ներդրման հետ: Այս տարի մենք ստանձնել ենք որոշակի բեռ, որը կապված է մեր երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրների հետ, դրանց հստակեցմանն ու ակտիվացմանը, եւ, իհարկե, մշտապես գոյություն ունեցող անփոփոխ խնդիրը. պահպանել մարտական պատրաստության լարվածության ընթացքը: