Ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի զորքերի կառավարման նոր համակարգը

06/05/2010

Ռուսաստանը կշարունակի զենք գնել արտասահմանում: Փոխարենը` զորքերի կառավարման նոր համակարգը, ինչպես եւ ամերիկացիների մոտ, կմշակվի «տանը» եւ արդեն աշնանը:

Նախորդ շաբաթ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները հաստատեցին, որ բանակցություններ են ընթանում ֆրանսիական «Միստրալ» ուղղաթիռակիրները ձեռք բերելու ուղղությամբ: Սակայն ռուսական բանակը չի պատրաստվում սահմանափակվել դրանով: Ինչպես Newsweek-ին հայտնի է դարձել ՌԴ Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրներից, դիտարկվում է իտալական Iveco ընկերության պատրաստած թեթեւ զրահապատ մեքենաների ձեռք բերման հնարավորությունը: Խոսքը անվավոր զրահապատ զրահամեքենաների մասին է` նման այն «Վագրերին», որոնք Ռուսաստանում թողարկում է Արզամասի մեքենաշինական գործարանը: «Բանակցությունները վերջնական փուլում են»,- ասում է Newsweek-ի զրուցակիցը: Նրա տվյալներով, ռուսաստանյան հրաձգարաններից մեկում արդեն անցկացվել են իտալական տեխնիկայի նախնական փորձարկումները: Թեեւ ռուսաստանյան պայմաններում դրա պիտանելիության մասին արձագանքները հակասական էին:

Նախորդ ուրբաթ օրը նախագահ Մեդվեդեւն անցկացրեց ՊՆ ընդլայնված կոլեգիա: Զորքերը զինամթերքի նոր տեսակներով վերահագեցնելու խնդիրը նա անվանեց «չափազանց բարդ»:

Իսկապես, ռուսական պաշտպանության ամենահավակնոտ ծրագրերը` «Բուլավա» հրթիռը եւ հինգերորդ սերնդի կործանիչը, դժվար է հաջողված անվանել: «Բուլավան» ձախողում է փորձարկումները մեկը մյուսի ետեւից, իսկ մեծ շուքով ներկայացված կործանիչը գոյություն ունի դեռեւս երեք օրինակով, որոնցից թռչում է միայն մեկը: Սակայն մեկ know-how, որը կարող է առաջիկայում իսկապես գործել ռուսական բանակում, այնուամենայնիվ, կա: Դա զորքերի կառավարման նոր համակարգն է` ինչպես այն անվանում են, Տակտիկական օղակի կառավարման միասնական համակարգը (ՏՕԿ ՄՀ/)։ Փետրվարի կեսին Գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովը հայտարարել էր, որ այն պատրաստ կլինի նոյեմբերին:

Ռուսական բանակի համար այդ համակարգը, եթե այն իսկապես ստեղծվի, տեխնոլոգիական հեղափոխություն կդառնա: Խոսքը ռազմական տեղեկատվական ուղղահայացի ստեղծման մասին է, որը սկզբունքորեն կփոխի Զինված ուժերում արձագանքման արագությունը: «Ներկայումս, որպեսզի հրամանը Մոսկվայից հասնի մարտի դաշտ, կարող է պահանջվել մեկ օր: Իսկ այս դեպքում հրամանները կհասնեն գրեթե իրական ժամանակի ռեժիմով»,- ասում է ՌԴ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: Նախորդ տարի նշանակվել է նախարարի հատուկ տեղակալ, որը պատասխանատու է կառավարման նոր համակարգի համար: Նա նախարար Անատոլի Սերդյուկովի` Հարկային ծառայությունում աշխատանքի տարիների գործընկեր Դմիտրի Չուշկինն է:

Այն կոչվում է զորքի ցանցակենտրոն կառավարում: ՆԱՏՕ-ի ուժերն արդեն գործում են այդ կերպ: Մակարովն օրինակ է բերում Իրաքի ռազմական գործողությունը. «Իրաքի բանակը կոալիցիայի ուժերին տանկերի թվով գերազանցում էր հինգ անգամ, հրետանիով` հինգ ու կես անգամ: Եվ երեք շաբաթվա ընթացքում կոալիցիայի զորքերն ամբողջությամբ գրավեցին Իրաքը, քանի որ ամեն ինչ տեսնում եւ կանխատեսում էին իրական ժամանակի ռեժիմով: Համակարգը հաշվարկում էր տարբերակներն ու որոշումներ կայացնում»: Գլխավոր շտաբում կարծում են, որ արդյունքում ամերիկյան բանակը Իրաքի բանակից ուժեղ էր 80 անգամ:

Ռազմական փորձագետ Ալեքսանդր Գոլցը նոր համակարգի ներդրմանը սպասում է անհամբերությամբ եւ պնդում է. պատերազմ վարելու տեղեկատվական հագեցումը հեղափոխություն կդառնա ռազմական գործում: Եվս մեկ փորձագետ` Անատոլի Ցիգանոկը, կարծում է, որ ներկայիս մշակվող համակարգն արդեն հնացել է: «Պաշտպանության ցանկացած նախարար իր համար խաղալիք է ընտրում,- պնդում է Ցիգանոկը: -Իգոր Սերգեեւը` «Բուլավան», Սերգեյ Իվանովը` ԳԼՈՆԱՍՍ-ը: Ներկայիս նախարարը` զորքի կառավարման համակարգը»:

Տեսականորեն կառավարման համակարգը կարելի էր գնել Արեւմուտքից: Սակայն, նախեւառաջ` ոչ ոք չի վաճառում: Երկրորդը` ռուս զինվորականները մտավախություն ունեն կախվածության մեջ ընկնել արտասահմանյան տեխնոլոգիաներից: «Գաղափարապես մենք հեռուն ենք գնացել, սակայն չկա տարրական բազա` միկրոսխեմաներ, չիպեր. ցավոք, պարզվում է, մենք այդ ամենը չենք կարող արտադրել: Իսկ արտասահմանից բաղադրիչներ գնել թույլ չի տալիս այն մտավախությունը, որ արտասահմանյան էլեկտրոնիկան արտակարգ իրավիճակում կաշխատի մեր դեմ»,- ասում է Գոլցը:

Նոր համակարգի փորձարկումները, որ երբեմն անվանում են արտադրողի` Վորոնեժի «Սոզվեզդիե» կոնցեռնի անունով, մինչեւ 2008թ. օգոստոս ամիսը ընթանում էին ոչ շատ լավ, ոչ էլ վատ: Օրինակ, մինչեւ պատերազմը մեկ տարվա ընթացքում զինվորականներին չհաջողվեց դիտարկել գաղտնագրման համակարգի օպտիկամալուխային շահագործման եւ խափանումներից պաշտպանության հայտը: Ամերիկյան Harris համակարգը, որի նմանը այժմ փորձում են ստեղծել Ռուսաստանում, ակտիվորեն կիրառվել է Հարավային Օսիայի պատերազմի ժամանակ: Վրացիների մոտ մարտի կառավարումն իրեն հիանալի դրսեւորեց, խոստովանում են ՊՆ-ում: «Երբ մարտերի ծուխը ցրվեց եւ պարզվեց, որ բանակում այլեւս չկա կապ` ոչ նոր, ոչ հին, Գլխավոր շտաբում սկսեցին շարժվել»,- հիշում է «Սոզվեզդիեի» աշխատակիցներից մեկը:

Արդյունքում «Սոզվեզդիեին» գործնական փորձարկումների համար հատկացրեցին մի ամբողջ հրաձգարան էլիտար Թամանյան դիվիզիայում: Վորոնեժցիներն այնտեղ օպերատիվ կերպով բացեցին ուսումնական կենտրոն, շուրջ հարյուր մարդու սովորեցրին օգտվել նոր համակարգից, եւ արդեն 2009թ. ամռանը ՏՕԿ ՄՀ մեքենաները մասնակցում էին «Կովկաս» ռազմավարական զորավարժություններին: Ինչեւէ, փորձարկումներից այն կողմ գործն այդպես էլ չանցավ, քանի որ «Սոզվեզդիեն» կապված չէր «Ակացիայի» հետ:

«Ակացիան» կառավարման նոր համակարգի առաջին մասն է, որը մշակվել է դեռեւս 1990-ական թվականների կեսին: Կապի այդ համակարգն աշխատում է «Գլխավոր շտաբ-ռազմական շրջանի հրամանատարություն» մակարդակում եւ մշակվել է «Սիստեմպրոմ» կոնցեռնի կողմից: Սակայն առանց տակտիկական օղակի, այսինքն, «զորամիավորում-գումարտակ-վաշտ-զինվոր» կառավարման համակարգի, այն մեծ իմաստ չունի: Այդ խնդիրն էլ հենց լուծում են 2000 թվականից Վորոնեժի կապի ԳՀԻ-ի հիման վրա, որը մինչ այդ արտադրում էր արբանյակային ռադիոկայաններ:

Այժմ «Սիստեմպրոմը» սպասում է, թե երբ «Սոզվեզդիեն» կավարտի իր համակարգը, որպեսզի դրանք համակցեն իրար հետ: Այդ ժամանակ կստացվի Զինված ուժերի կառավարման միասնական համակարգ. գեներալները կնստեն «Ակացիայում» եւ դրա միջոցով հրամաններ կտան զորամիավորումներին, որոնցում տեղակայված կլինեն ՏՕԿ ՄՀ-ի «Ակվեդուկներ»: Իսկ բրիգադների հրամանատարներն այդ «Ակվեդուկների» միջոցով պաշտպանված արագ կապուղիներով իրական ժամանակի ռեժիմով կղեկավարեն գումարտակներն ու վաշտերը, ներառյալ՝ յուրաքանչյուր զինվորականի:

Արդյունքում՝ ՏՕԿ ՄՀ համակարգչային ցանցը կմիավորի մարտի բոլոր մասնակիցներին` մարդկանց, մեքենաները, գործիքները, իսկ դրանց կառավարումը կհիշեցնի համակարգչային խաղ: Նկարներ ստանալ խուզարկու-ինքնաթիռներից, հրամաններ տալ մարտիկներին, կապ հաստատել շտաբի հետ. այս ամենը գումարտակի հրամանատարները կանեն տեսագրությունների եւ տվյալների ցանկացած այլ տեսակների փոխանցում թույլ տվող հսկայական թողունակությամբ թվային կապուղիներով: Այսօր հրաման արձակելու համար հրամանատարը պետք է գոռա ռադիոհաղորդչի մեջ: Վաղը զինվորն իր ձեռքում եղած էկրանի միջոցով կտեսնի թարթող սլաքը, որը ցույց կտա շարժման ուղղությունը եւ այն կետի կոորդինատները, որը պետք է ոչնչացնել:

Սակայն դա՝ տեսականորեն: Գործնականում ամեն ինչ հանգում է սարքավորումների հուսալիությանն ու կապուղիների կայունությանը: Ցանցը կազմված է բազմաթիվ սարքավորումներից, որոնք ընդունում եւ ուղարկում են ազդանշաններ ամենատարբեր հզորություններով` դանդաղ կարճ ալիքավոր ռադիոկայաններից մինչեւ 4G եւ WiMAX: Սակայն այդ համակարգը կարելի է արգելափակել` «լցնելով» առկա հաճախականությունների գրեթե բոլոր հզորությունները: Դա նշանակում է, որ ժամանակակից, տեխնիկապես հագեցած հակառակորդի դեմ կառավարման այդ համակարգը չի գործի:

Նախորդ տարվա դեկտեմբերին մերձմոսկովյան Ալաբինայում հանկարծ դադարեցին աշխատել բջջային հեռախոսներն ու ինտերնետը, իսկ տաքսիներում եւ շտապ օգնության մեքենաներում լռեցին ռադիոհաղորդիչները: «Նման բան երբեք չէր եղել: Կինս պատմում էր, որ իրենց հիվանդանոցում քիչ էր մնում փչանար թանկարժեք բուժսարքավորումը»,- պատմում է Թամանյան զորամիավորման սպան:

Էլեկտրոնիկան խափանվել էր հենց այն պատճառով, որ զինվորականները Թամանյան դիվիզիայի նախկին հրաձգարանում միացրել էին ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերը` ստուգելով, թե որքան հեշտությամբ կարելի է արգելափակել «Սոզվեզդիեն»:

«Ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների պատճառով մեզ մոտ իսկապես տեխնիկայի խափանումներ եղան: Ո՞վ է մեղավոր, որ ռուսական միջոցներն այնքան լավն են, որ խլացնում են շրջապատում ամեն ինչ»,- ժպտում է «Սոզվեզդիեի» ներկայացուցիչը: Նրա խոսքերով, դա մեկ հաղորդիչը մյուսով փոխարինելու խնդիր է: Այժմ ամենակարեւորը մարտի պայմաններում գործողությունների ալգորիթմ մշակելն է, որպեսզի մարտի դաշտում այն ընդունի մարտի ցանկացած մասնակից: Իսկ դրա հետ կապված կան խնդիրներ: Շատ զինվորականներ արդեն դժգոհում են, որ շատ դժվար է սովորել աշխատել նոր համակարգով: Newsweek-ի զրուցակցի խոսքերով, նույնիսկ, եթե լուծվեն տեխնիկական բոլոր խնդիրները, ծրագրի ինտերֆեյսն այնքան բարդ է, որ մինչ գումարտակների բոլոր հրամանատարները գլուխ հանեն սլաքներից ու նշաններից, բավական ժամանակ կպահանջվի:

Պաշտպանության նախարարությունում խոստովանում են, որ «Սոզվեզդիե» ՏՕԿ ՄՀ-ն դեռեւս զգալի վերամշակում է պահանջում: Սակայն այլ ճանապարհ չկա: «Մենք ստեղծում ենք զորքերի կառավարման ընդհանուր համակարգ: Նախկինում նավատորմը զարգացնում էր իր համակարգը, ռազմաօդային ուժերը` իրենց: Ծախսվում էին հսկայական միջոցներ»,- ասում է Մակարովը: ԽՍՀՄ-ում գործում էին կառավարման 16 տարբեր համակարգեր: Այժմ ստեղծվում է մեկը բոլորի համար: Նախորդ շաբաթ Վլադիմիր Պուտինը ծանոթացավ հինգերորդ սերնդի կործանիչին:

«Իսկ այն արդեն ինտեգրվե՞լ է «Սոզվեզդիեին»,- ինքնաթիռի մշակողներից մեկին հարցրել է Newsweek-ի թղթակիցը: «Իսկ դա ի՞նչ է,- զարմացել է կոնստրուկտորը,- առաջին անգամ եմ լսում»:

Աղբյուրը` Ռուսական Newsweek