Հարգելի ընթերցող, Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտը (Institute for War and Peace Reporting) ձեր ուշադրությանն է ներկայացնում իր` հայ-ադրբեջանական «Հարեւաններ» նախագծի շրջանակներում պատրաստված 6-րդ ներդիրը, որի հեղինակները Հայաստանում եւ Ադրբեջանում բնակվող երիտասարդ լրագրողներ եւ բլոգերներ են: Լրագրությունը վաղուց արդեն միայն լրագրողների մենաշնորհը չէ: Համացանցի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, ջնջվում են իրական կյանքում մարդկային հաղորդակցությանն ու հանդիպումներին հաճախ խանգարող ֆիզիկական սահմանները: Սոցիալական ցանցերում հաղորդակցությունը հեշտացնում է տեղեկատվության տարածումը, փոխանակությունը, այն դառնում է ավելի անվերահսկելի եւ արագ: Բազմաթիվ մասնագետներ պնդում են, որ դասական լրագրությունը մեռնում է, եւ սկսվել է լրագրության նոր ժամանակաշրջան, որտեղ սպառողը, բացի ընթերցող, դիտող, լսող լինելուց` դարձել է նաեւ բովանդակություն ստեղծող, տեղեկատվություն տարածող, փոխանցող: Լրագրության այս նոր ժամանակաշրջանը մեզ մամուլի եւ խոսքի ազատություն կիրառելու բացառիկ հնարավորություն է ընձեռում: Ի՞նչ վերակերպումներ են ունենում դասական լրատվամիջոցները Հայաստանում եւ Ադրբեջանում: Որո՞նք են այն խնդիրները, որոնց լրագրողներն ու քաղաքացիական լրագրողները բախվում են այս փոփոխությունների ժամանակահատվածում: Ինչպե՞ս է Համացանցը օգտագործվում քարոզչության նպատակներով: Ո՞վ է Լոբզիկը, եւ ի՞նչ կարող են անել ակտիվ, իրենց երկրի համար սրտացավ քաղաքացիները, եթե հեռախոսով կամ լուսանկարչական ապարատով ֆիքսեն կարեւոր իրադարձություն, ապօրինի ծառահատում, օրինախախտ գործողությունգ: Մենք բոլորս, անկախ մասնագիտությունից, այսօր Համացանցի օգնությամբ կարող ենք ստանձնել «պահապան շան» (watchdog) դերը. տերմին, որը ժամանակին օգտագործում էին՝ բնորոշելու համար լրագրողների առաքելությունը հասարակությունում: «Հարեւաններ» նախագծի մասնակից լրագրողները պարբերաբար մասնակցում են լրագրողական վերապատրաստման դասընթացների եւ համատեղ ուժերով թողարկում այս ներդիրը: Ներդիրը տպագրվում է հայերեն եւ ադրբեջաներեն, համապատասխանաբար` Հայաստանում եւ Ադրբեջանում, երեք ամիսը մեկ պարբերականությամբ: «Հարեւաններ» նախագիծը հանդիսանում է IWPR-ի հարավկովկասյան «Կամուրջների կառուցում/ներուժի հզորացում» ծրագրի մի մասը, որը ֆինանսավորվում է Բրիտանական կառավարության կողմից:
Սեդա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն
Ներդիրը պատրաստվում է IWPR-ի «Հարեւաններ» նախագծի շրջանակներում:
Ներդիրի պատասխանատու, գլխավոր խմբագիր Հայաստանում` Սեդա Մուրադյան
Փոխխմբագիր Հայաստանում` Սառա Խոջոյան
Ներդիրի պատասխանատու, գլխավոր խմբագիր Ադրբեջանում` Շահին Ռզաեւ
Մեջբերումներ անելիս կամ արտատպելիս հղումը Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի
«Հարեւաններ» ներդիրին պարտադիր է:
Հարցերի կամ մեկնաբանությունների դեպքում խնդրում ենք զանգահարել + 37410 539204 հեռախոսահամարին, կամ գրել [email protected] հասցեին: