Նոր լրատվամիջոցները դեմ են առնում խոչընդոտների

06/05/2010

Ադրբեջանում նոր լրատվամիջոցների զարգացման համար կան թե տեխնիկական, թե մարդկային բազմաթիվ խոչընդոտներ:

25-ամյա բլոգեր Ալի Նովրուզովը կարծում է, որ նոր լրատվամիջոցների կողմնակիցների առջեւ ծառացած խոչընդոտների պատճառը հասարակական կարծիքի վրա դրանց ազդեցության ուժի մեջ է: «Այս առումով կարեւոր դեր ունեն բլոգերները: Սոցիալական ցանցերում մարդիկ կարող են ավելի ակտիվ եւ անկեղծ ձեւով իրենց կարծիքն արտահայտել տարբեր հարցերի շուրջ, քան տպագիր մամուլում: Իսկ այն երկրներում, որոնք ժողովրդավարությունից հեռու են, քաղաքացիների նման ակտիվությունը չի քաջալերվումգ Այստեղից էլ առաջանում են բոլոր տեսակի խոչընդոտները»,- ասում է բլոգերը:

Ալին իր բլոգում տեղ գտած հոդվածների պատճառով դեռ լուրջ խնդիրներ չի ունեցել. «Բայց զգում եմ, որ այդ խնդիրները շատ մոտ են, հատկապես երկու բլոգերների ձերբակալությունից հետո: Ընկերներս հորդորում են ինձ խուսափել այդքան կտրուկ ոճով գրելուց, ավելի մեղմ ձեւով արտահայտել կարծիքս: Բայց չեմ կարծում, որ ինքնագրաքննությունը ելք է: Կարծում եմ` ինքնապաշտպանությունը պետք է կառուցել ոչ թե սեփական մտքերը թաքցնելով, այլ էթիկան պահպանելով, քննադատելով, սակայն եւ վիրավորանքներից խուսափելով»:

Սակայն նա, չնայած բոլոր խոչընդոտներին, մտադիր է շարունակել բլոգ վարել. «Դա իմ ընտրությունն է, եւ ոչ մի դժվարություն չի խանգարի ինձ շարունակել շփումն իմ բլոգի ընթերցողների հետ»:

Թրանզիշնզ (Transitions) կազմակերպության Կովկասի գծով ծրագրային տնօրեն Էմին Հուսեյնզադեն ասում է` նոր լրատվամիջոցների զարգացման հիմնական խոչընդոտները տեխնիկական խնդիրներն են:

«Ադրբեջանում նոր լրատվամիջոցներ կան այնտեղ, որտեղ կա համացանց: Այսօր երկրում ինտերնետ մատակարարող ավելի քան 20 ընկերություն է գործում: Դրանց մեծ մասը կենտրոնացած է Բաքվում: Միայն 4 ընկերություն կա Լենքարանում, 3-4-ը` Գյանջայում, 2-ը` Գուբայում եւ 1 ընկերություն` Նախիջեւանում: Ստացվում է, որ մյուս շրջանները նոր լրատվամիջոցների զարգացման համար պիտանի չեն»:

Փորձագետն ասում է, որ Կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության 2009թ. հաշվետվությունների համաձայն` Ադրբեջանում մոտավորապես մեկ ու կես միլիոն համացանցի օգտատեր է (user) գրանցված. «Մոտ 124.000-ը`այսինքն 10%-ը, բարձր արագությամբ ինտերնետից է օգտվում: Մնացած 90%-ը դեռ շարունակում է Dial-up-ից օգտվել: Նման պայմաններում նոր լրատվամիջոցների զարգացումը մեծ հարցականի տակ է»:

Նա տեխնիկական խնդիրների թվին է դասում նաեւ համացանցի բարձր սակագները եւ դանդաղ արագությունը. «Հարեւան երկրներում, հատկապես Վրաստանում, համացանցի սակագները շատ ցածր են, եւ մարդկանց մեծամասնությունը բարձր արագությամբ ինտերնետից է օգտվում»:

Հուսեյնզադեի խոսքերով` ոչ պակաս կարեւոր խոչընդոտ է նաեւ ինքնագրաքննությունը. «Մարդիկ կարծես վախենում են բացահայտ կերպով իրենց կարծիքն արտահայտել սոցիալական ցանցերում, ակնարկներով են գրում: Իրադրությունը հատկապես սրվեց երկու բլոգերների` Ադնան Հաջիզադեի եւ Էմին Միլլիի ձերբակալությունից հետո: Իհարկե, կան նաեւ համարձակ մարդիկ, ովքեր, չնայած ամեն ինչին, շարունակում են բացեիբաց արտահայտել իրենց կարծիքը: Սակայն ոչ մի երաշխիք չկա, որ նրանց Ադնանի եւ Էմինի ճակատագիրը չի սպասվում»:

Ադրբեջանում մոտավորապես 25.000 բլոգեր կա, նրանցից մոտ հազարն է ակտիվ: Ամենահանրամատչելի սոցիալական ցանցերի շարքում առաջին տեղում www.odnoklassniki.ru կայքն է, երկրորդում` www.facebook.com-ը: Կան նաեւ www.twitter. com կայքից օգտվողներ: Գործում են տեղական 9-10 սոցիալական ցանցեր, որոնցից ամենաակտիվը www.birge.az կայքն է, ինչպես նաեւ՝ երկու 2 wap սոցիալական կայքերը:

«Explorer» ամսագրի գլխավոր խմբագիր Բաբա Ալիեւը նշում է, որ նոր լրատվամիջոցների զարգացմանը խանգարելու համար նախեւառաջ պետք է օգտատերերին զրկել համացանցից. «Եթե մարդիկ դեպի համացանց մուտք ունեն, ապա նոր լրատվամիջոցների զարգացմանը խոչընդոտել հնարավոր չէ»:

Նրա խոսքերով`ամեն ինչ հենց օգտատերերից է կախված. «Նոր լրատվամիջոցները գոյատեւում են տեղեկատվության փոխանակման հաշվին. դժբախտաբար, մեզ մոտ դժկամությամբ են կիսում տեղեկատվությունը: Երկրորդ խնդիրն այն է, որ օգտատերերի դաստիարակության մակարդակը շատ ցածր է, եւ նրանք խախտում են էթիկայի նորմերը»:

Սամիրա ՀԱՍԱՆԼԻ, Ադրբեջան
IWPR-ի «Հարեւաններ» նախագծի մասնակից