Ավանդական լրատվամիջոցները զիջում են իրենց դիրքերը

06/05/2010

Նոր կամ համացանցային լրատվամիջոցները, Հայաստանում կայքերի ընթերցողների աճին զուգահեռ, օրեցօր ավելի գայթակղիչ են դառնում գովազդատուների համար: Այսօր գործող 30-ից ավելի ինտերնետային տեղեկատվական կայքերը մրցակցության լուրջ հայտ են ներկայացնում ավանդական ԶԼՄ-ներին:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի գնահատմամբ` համացանցային լրատվամիջոցների զարգացման տեմպերը Հայաստանում գերազանցել են սպասելիքները, ինչը պայմանավորված է երկու շատ կարեւոր հանգամանքներով. «Մի կողմից արագ զարգացումը կապված է նոր տեխնոլոգիաների ակտիվ ներթափանցման հետ, մյուս պատճառը քաղաքական է: Այն ժամանակ, երբ ավանդական լրատվամիջոցներից անհնար էր ստանալ քիչ թե շատ անաչառ տեղեկատվություն, ինտերնետը միանգամից մեծ դեր սկսեց խաղալ հասարակության շրջանում: Եթե չլինեին, օրինակ, 2008թ. բուռն ընտրությունները, շատ մարդիկ ինտերնետից կօգտվեին երկու տարի անց»: Նա փաստում է, որ գովազդատուն չի կարող չնկատել լրատվական ոլորտի փոխակերպումը, եւ դրա վառ օրինակն այն է, որ ավանդական ԶԼՄ-ներից գովազդը սկսում է ավելի ու ավելի ակտիվ տեղափոխվել դեպի համացանց: Այս փոփոխություններից տուժել են թե՛ թերթերը, եւ թե՛ անգամ հեռուստատեսությունը:

Միտումներին հակառակ` «Առավոտ» օրաթերթը վերջին մեկ տարում գրանցել է գովազդի քանակի աննախադեպ աճ. ամսական մոտ 1 մլն դրամով աճել է գովազդից ստացված եկամուտը` կազմելով 4 մլն դրամ, իսկ գովազդի գինը բարձրացել է 10-15 տոկոսով:

Հաշվի առնելով նաեւ ֆինանսատնտեսական ճգնաժամը` թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը չի կարողանում բացատրություն տալ այս ամենին. «Գուցե մի թեթեւ, այսպես ասած, ոչ գիտական բացատրություն ունեմ: 2009թ. 8 էջից անցել ենք 16 էջի, գուցե մարդիկ ինչ-որ քաշ կամ սոլիդություն են տեսնում, տարածք են տեսել, որը կարելի է օգտագործել գովազդի համար»:

Թեպետ «Առավոտ» օրաթերթը հաջողությամբ գոյատեւում է որպես բիզնես` Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը կարծում է, որ այսօր տպագիր լրատվամիջոցների գոյատեւման միակ ճանապարհը ոչ թե որպես ինքնուրույն բիզնես զարգանալն է, այլ օժանդակ տեղեկատվության աղբյուր դառնալը. «Այսինքն` նույն լրատվամիջոցը պետք է ունենա տարբեր խողովակներ լսարանին հասնելու համար, կարողանա տարբեր տեսք ունենալ` եւ՛ ռադիո, եւ՛ հեռուստատեսություն, եւ՛ ինտերնետ, եւ՛ տպագիր»:

Նավասարդյանը համոզված է, որ եւս երկու-երեք տարի, եւ համացանցային լրատվամիջոցները կդառնան շահութաբեր բիզնես: Այդ ճանապարհին հաջողությամբ կանգնած «Ա1+» ինտերնետային կայքի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը գովազդի` ավանդական ԶԼՄ-ներից ինտերնետ տեղափոխվելու եւս մեկ պատճառ է նշում. ճգնաժամի աղմուկի ազդեցության տակ բազմաթիվ գովազդատուներ սկսեցին նախընտրել ավելի էժան տարբերակներ, քան հեռուստատեսությունն է եւ ռադիոն:

Հոդվածի պատրաստման ժամանակ «Ա1+» կայքն ուներ 6 գովազդ միայն հիմնական էջում, 2-ը` երկրորդական էջերում: Սա սկսել է բավականացնել կայքի հիմնական ծախսերը հոգալու համար, սակայն, ըստ ընկերության նախագահի` իրենք առաջարկներ ավելի շատ են ստանում, քան տեղադրում են. «Մենք չենք ուզում կրկնել հեռուստատեսությունների սխալը, երբ հսկա գովազդի կողքին տեղադրում են մանր հաղորդումներ, չենք ուզում նյարդայնացնել մեր ընթերցողներին` ամեն տեղ գովազդ խցկելով, չնայած տեղի խնդիր չունենք»,- ասում է Մեսրոպ Մովսեսյանը:

«Ա1+»-ում վերջին տարիներին թե՛ գովազդի քանակն է ավելացել, թե՛ դրա տեղադրման գինը բարձրացել:

www.lragir.am կայքի գլխավոր խմբագիր Հայկազ Ղահրիյանը պնդում է, որ թեպետ ամբողջ աշխարհում նկատվում է գովազդատուների ուշադրության աճ դեպի նոր մեդիան, հայաստանյան բիզնես ոլորտում գործում են բոլորովին այլ կանոններ. «Գովազդի շուկան Հայաստանում առայժմ դժվար է ազատական համարել եւ զուտ տնտեսական դիրքից դիտել: Օրինակ, մեր կայքն ունի ընդդիմադիրի համբավ, եւ շատ ընկերություններ խուսափում են գովազդ տեղադրել: Եղել են դեպքեր, երբ վերջին պահին հրաժարվել են գովազդ տեղադրելուց: Այսինքն` հաշվի է առնվում ոչ թե բիզնեսը, այլ քաղաքական նպատակահարմարությունը»: Ըստ Ղահրիյանի` իրենց կայքում գովազդի գները վերջին շրջանում չեն բարձրացել: Գովազդի թվի ու գների աճի հարցում ավելի հաջողակ են կոմերցիոն-տեղեկատվական կայքերը: Նման կայքերի ուրույն մի ոստայն ունի «Մեդիամաքս ինտերնետ հոլդինգը»:

2003թ. «Մեդիամաքս» լրատվական գործակալությունը կոմերցիոն ինտերնետային նախագիծ հիմնեց եւ ստեղծեց www.auto.am կայքը` Հայաստանի ավտոմոբիլային բիզնեսում գործող բոլոր կազմակերպությունների եւ ընկերությունների գործունեությունը լուսաբանելու նպատակով: Այսօր կայքն աշխատում է շահույթով ոչ միայն մի քանի խոշոր գովազդների, այլ նաեւ որոշ վճարովի ծառայությունների շնորհիվ: Նույն մեխանիզմով է գործում 2006թ. հիմնված www.banks.am կայքը, որն այս պահին ունի 16 գովազդ, կատալոգում գրանցվելու համար վճարովի համակարգ: Հոլդինգի թարմ նախագծերից են www.itel.am եւ www.bravo.am կայքերը, որ խոստումնալից են գովազդի առատության առումով:

«Մեդիամաքս» գործակալության համահիմնադիր եւ խմբագիր Դավիթ Ալավերդյանն ասում է, որ ամեն կայք ունի գումար վաստակելու իր մեխանիզմները: Նրա խոսքերով` բոլոր կայքերը օրեցօր զարգանում են, եւ հատկապես վերջին կես տարվա ընթացքում ընթերցողների կտրուկ աճ է գրանցվել. «5 տարի առաջ մենք ստիպված էինք թեթեւ կայքեր պատրաստել, որովհետեւ ինտերնետ հասանելիության մակարդակը ցածր էր, ինտերնետի որակը` սարսափելի վատը: Այսօր ՀՀ-ում ինտերնետի «բում» է, որը դեռ երկար է շարունակվելու: Այդ հանգամանքը, բնականաբար, դրական է ազդում մեր նախագծերի վրա, եւ մենք մտածում ենք դրանց հետագա մոնետիզացիայի (գումար վաստակելու) մասին` լրացուցիչ ծառայություններ մատուցելու միջոցով»:

Լիլիթ ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ
, Հայաստան
«Հետք» թերթի թղթակից
IWPR-ի «Հարեւաններ» նախագծի մասնակից