Նոր լրատվամիջոցները դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու

06/05/2010

Վերջերս երկրում նոր լրատվամիջոցների զարգացմանը մեծ ուշադրություն են դարձնում` կազմակերպվում են դասընթացներ, սեմինարներ: Զանազան ոչ կառավարական կազմակերպությունների հիմնական նպատակը քաղաքացիական լրագրության տարածումն է ադրբեջանցիների շրջանում: Զարգացման մասին խոսելը, սակայն, դեռ վաղ է:

Նոր լրատվամիջոցների եւ շարքային ադրբեջանցիների միջեւ դեռ բազում խոչընդոտներ կան: Թույլ զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաներ, բջջային կապի եւ համացանցի բարձր սակագներ` սրանք Ադրբեջանում քաղաքացիական լրագրության զարգացման հիմնական խոչընդոտներն են:

Մյուս կողմից, ադրբեջանցիները դեռեւս հակված են ավելի շատ վստահել հեռուստատեսությանը, ռադիոյին եւ տպագիր մամուլին: Այս մասին, սակայն, շատ է խոսվել, եւ ես որոշեցի այս անգամ շոշափել հարցի մեկ այլ կողմ, որի մասին դեռ չի գրվել: Խոսքը մարդկային գործոնի մասին է:

Չնայած Ադրբեջանը վերջին երկու դարերի ընթացքում ռուսական կառավարության տիրապետության (ազդեցության) տակ է եղել, ադրբեջանցիներն իսկական արեւելյան, կովկասյան ժողովուրդ են մնացել` եւ՛ լավ, եւ՛ վատ իմաստով: Ադրբեջանական հասարակությունը յուրօրինակ ձեւով է ընկալում տեղեկատվությունը: Թբիլիսիում նոր լրատվամիջոցներին նվիրված սեմինարին մասնակցելիս` ես ավելի հստակ դա զգացի: Էկրանին ներկայացվում էին youtube-ի, facebook-ի նման հսկայական ցանցերի` գլխապտույտ արագությամբ տեղի ունեցող զարգացման ցուցանիշները եւ դրանց օրական այցելուների քանակը: Այդ պահին աչքիս առաջ տիպիկ պրոֆեսորներն էին գալիս, ովքեր թեյարանում նստած անշտապ թեյ էին խմում: Սովորաբար, Բաքվում թեյի սեղանի շուրջ նրանք 6 ժամ շարունակ Աղդաշից (որտեղ նրանք ինչ-որ մեկի հոգեհանգստին մասնակցելու նպատակով էին մեկնել) ստացած իրենց 3-ժամյա ճանապարհորդական տպավորություններն են կիսում:

Մեր հասարակությունը սովոր է տեղեկատվությունն ընկալել հիշողությունների տեսքով: Այս հասարակության տեղեկատվական պահանջը Twitter-ի միկրոբլոգների 140 գրանշանով բավարարելու համար` երկար ճանապարհ պետք է անցնել:

Այստեղ մարդիկ հասարակական առումով պակաս ակտիվ են, քան Արեւմուտքում, եւ հասարակության մասին նրանց պատկերացումները սահմանափակվում են իրենց բնակավայրի, բակի, աշխատանքի վայրի եւ ուսումնական հաստատության շրջանակներում: Սա երկրում սոցիալական ցանցերի զարգացման ցածր մակարդակի պատճառներից մեկն է: Շարքային ադրբեջանցին իրեն երկրի լիիրավ քաղաքացի չի զգում (ընդ որում, նրան դա թույլ էլ չեն տալիս): Նա անտարբեր է շուրջը կատարվող ամեն ինչի նկատմամբ, եւ ո՛չ ժամանակ ունի, ո՛չ էլ ցանկություն տեղեկատվություն փոխանակելու այն հասարակության մասին, որի անդամն է: Տոտալիտար ռեժիմի երկրներում ապրող մարդկանց մեծամասնության նման, շարքային ադրբեջանցին նույնպես հավատում է ուժի հզորությանը` համոզված, որ խոսքն անզոր է նրա դեմ: Սոցիալական ցանցերի եւ նրա միջեւ եղած հիմնական խոչընդոտը հավատի բացակայությունն է. նա պարզապես չի հավատում, որ իր ստացած կամ տարածած տեղեկատվությունը կարող է որեւէ բան փոխել:

Մասուդ ԳԱՆԻԵՎ, Ադրբեջան
(մականունը համացանցում` «Դոկտոր Ռավիկ»), Բաքու,
IWPR-ի «Հարեւաններ» նախագծի մասնակից