Հայաստանում այլընտրանքային` համացանցային հեռուստատեսությունն այլեւս հեռավոր ապագայում չէ. այն դանդաղ, բայց զարգանում է` անընդհատ բախվելով հիմնական խոչընդոտին` համացանցի ցածր որակին: «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գարեգին Չուգասզյանը կանխատեսում է, որ ընդամենը 5 տարի անց ավանդական հեռուստատեսությունը կմահանա: «Ապագան սոցիալական մեդիայինն է, այսինքն՝ ապագայում ամեն մարդ կարող է լինել լրագրող եւ ունենալ իր ալիքն ինտերնետում: Այդ ալիքները նման կլինեն YouTube-ի ալիքներին, եւ ամեն մարդ ինքը հնարավորություն կունենա որոշելու, թե ինչ է նայում»:
Իհարկե, ոլորտի մասնագետները չեն մոռանում նշել, որ Հայաստանում այս ուղղությամբ փոփոխությունները դեռ լուրջ մակարդակում չեն գտնվում:
Չուգասզյանի գնահատմամբ` նման փոփոխությունների համար պետք է հասարակական պահանջ, ինչպես եղավ բլոգների հետ` 2008թ. նախագահական ընտրությունների եւ դրան հաջորդած իրադարձությունների, մասնավորապես՝ հայտարարված հատուկ դրության ժամանակ, երբ բլոգները դարձան այլընտրանքային տեղեկատվություն տարածելու եւ ստանալու սակավ հարթակներից մեկը: Հասարակական պահանջարկից զատ, ըստ մասնագետների, կան նաեւ այլ խնդիրներ. Հայաստանում հեռուստաընկերությունները քաղաքականացված են, եւ, եթե հանկարծ սկսի զարգանալ համացանցային հեռուստատեսությունը, եթերը շատ դժվար կլինի կառավարել, ինչը քաղաքական առումով շատերին ձեռնտու չէ: Այդուհանդերձ, չնայած խնդիրներին, այսօր երկրում գործում են զարգացման փուլում գտնվող այլընտրանքային հեռուստաընկերություններ, որոնք, թեպետ, համացանցում չեն հեռարձակվում, բայց տեղադրում են տեսանյութեր, ինչպես, օրինակ, 2002-ին հեռարձակման լիցենզիայից զրկված «Ա1+» հեռուստաընկերությունը:
Միայն համացանցով չբավարարվելով`հեռուստաընկերությունը նաեւ սկսել է տրամադրել բջջային լուրերի ծառայություն, որի միջոցով կարելի է օրվա գլխավոր լուրերի կարճ տեսագրությունը ստանալ բջջային հեռախոսի վրա:
Անդրադառնալով այլընտրանքային տեսալրատվության եւ հեռուստատեսության զարգացման հետ կապված խնդիրներին` «Ա1+» հեռուստաընկերության պրոդյուսեր Սուսաննա Օհանջանյանը նշում է, որ հիմա ամենամեծ խնդիրները ինտերնետի հասանելիության ցածր մակարդակն ու վատ որակն են: Սակայն, նույնիսկ այս պայմաններում, հեռուստաընկերությունը որոշել է շուտով սկսել ինտերնետ հեռարձակում: Այս մասին «Ա1+» հեռուստաընկերության նախագահը ասել էր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:
Համացանցի ցածր որակը մատնանշելով՝ ինտերնետային ծառայություններ մատուցող որոշ ընկերությունների ներկայացուցիչներ ասում են, որ Հայաստանում համացանցային հեռուստատեսության զարգացման մասին խոսելը դեռ վաղ է:
«Լիարժեք ինտերնետային հեռուստատեսություն ստեղծելու համար պետք է լայնաշերտ, արագ ինտերնետ ցանց, որի համար պետք են մեծ ներդրումներ, ինչն այսօր չի արվում»,- ասում է Հայաստանի ինտերնետ մատակարարող ամենախոշոր ընկերություններից մեկի` «Վեբի» տնօրեն Ալբերտ Տոնեյանը: Բացի ներդրումներից, անհրաժեշտ են նաեւ բավարար քանակությամբ բաժանորդներ, որպեսզի ընկերությունը կարողանա հոգալ ցանցի ծախսերը, սակայն սա էլ այսօր իրատեսական չէ, կարծում է մասնագետը: Սակայն, ոչ բոլորն են համաձայն Տոնեյանի հետ:
«Ժամանակն արհեստականորեն անհնար է առաջ գցել, բայց պետք է գործել եւ օգտագործել հնարավորությունները. ես կարծում եմ, որ ինտերնետային կապն արդեն թույլ է տալիս զարգացնել հատկապես լրատվության այս միջոցը»,- ասում է www.slaq.am կայքի գլխավոր խմբագիր Հասմիկ Մարտիրոսյանը:
Համացանցում եթեր հեռարձակվող «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության կայքէջի պատասխանատու Տիգրան Խանիկյանի փոխանցմամբ` իրենց կայքից հիմնականում օգտվում են սփյուռքում ապրող հայերը, քանի որ հեռուստաընկերության արտադրանքը օնլայն դիտելու համար պետք է արագ ինտերնետ, ինչը խնդիր է Հայաստանում: Խանիկյանն ասում է, որ շուտով թարմացնելու են կայքը, որպեսզի այն ավելի հասանելի դարձնեն նաեւ Հայաստանում:
Հովհաննես ՄՈՎՍԻՍՅԱՆ, Հայաստան
«Ազատություն» ռ/կ-ի «Մաքսլիբերթի» հաղորդման թղթակից
IWPR-ի «Հարեւաններ» նախագծի մասնակից