Երկու տարի առաջ Հայաստանում «բլոգ» բառը շփոթում էին շինանյութի`«բլոկի» հետ: Մինչդեռ այսօր արդեն հայ բլոգերների նպատակներից է իրենց բլոգի շնորհիվ գումար վաստակելը: Հայկական բլոգոսֆերան սկսեց զարգանալ 2008թ. նախագահական ընտրություններից հետո հայտարարված արտակարգ իրավիճակի ժամանակ, երբ ինֆորմացիայի հիմնական աղբյուրը բլոգներն էին, որոնք ստանձնել էին թե՛ էլեկտրոնային, թե՛ տպագիր մամուլի դերը: Զարգացումը փուլ առ փուլ էր. սկզբում բլոգները մեծապես անդրադառնում էին քաղաքական թեմաներին, քանի որ դրանք ամենաքննարկվողն էին: Վերջին կես տարում ստեղծվեցին այլ թեմաներով բլոգներ` արվեստ, երիտասարդություն, շոու-բիզնես եւ այլն:
«Ակադեմիական եւ պրոֆեսիոնալ բլոգինգի դպրոցի» հիմնադիր, ինֆորմացիոն տեխնոլոգիաների փորձագետ Էդգար Խաչատրյանն այս զարգացումը պայմանավորում է Հայաստանում բլոգոսֆերայի զարգացմանն ուղղված բազմաթիվ միջոցառումների կազմակերպմամբ. «Մեկ տարում բլոգների թեմատիկ ուղղվածությունը հավասարակշռվեց: Քաղաքական բլոգներ գրողներից շատերը հոգնեցին եւ սկսեցին բացել կյանքի այլ ոլորտներին վերաբերող նոր բլոգներ: Սրանում մեծ նշանակություն ունեցավ բլոգային միջոցառումների (Barcamp, Summer School for Academic Blogging եւ այլն) կազմակերպումը, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող կազմակերպությունների եւ լրատվամիջոցների համագործակցությունը, որի հետեւանքով շատ ԶԼՄ-ներ բացեցին իրենց կորպորատիվ բլոգները»:
Եթե նախկինում բլոգներում գրում էին հիմնականում լրագրողները, հասարակական, քաղաքական կյանքում ակտիվ մարդիկ, ապա վերջին մեկ տարում նկատվում է տարբեր տարիքի ու մասնագիտության բլոգերների թվի աճ:
2009թ. նոյեմբերի 21-ին ինտերնետային գովազդի, վեբ կայքերի եւ բլոգների պատրաստման ծառայություններ առաջարկող NeoMedia նախագծի iSOCIAL նախաձեռնությունը կազմակերպեց «Հայ բլոգերների ակումբի» 1-ին հանդիպումը, որտեղ հայաստանցի բլոգերները հանդիպեցին իրական միջավայրում: Նախագծի համահեղինակ եւ համաադմինիստրատոր Վարդան Պապիկյանը հավաստիացնում է, որ ակումբի յուրաքանչյուր հանդիպման ընթացքում քննարկվում են տվյալ ժամանակահատվածում հայկական բլոգոսֆերայի ամենաակտուալ խնդիրներն ու իրադարձությունները. «Ակումբի առաջիկա հանդիպման նպատակն է բլոգը որպես եկամտի աղբյուր դիտարկելը, ինչպես նաեւ՝ հնարավորություններ փնտրելը Հայաստանում բլոգների միջոցով ռեալ գումարներ վաստակելու համար»:
Հայաստանում բլոգոսֆերայի զարգացման մասին են վկայում նաեւ տարբեր քաղաքական գործիչների կողմից բացված բլոգները, որ նրանք դիտարկում են որպես շահավետ ազդեցության միջոց:
Վերջին երկու տարում` հաջորդաբար իրենց բլոգները ստեղծեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը (http://serzhsargsyan.livejournal.com/), վարչապետ Տիգրան Սարգսյանը (http://tigransargsyan.livejournal.com/), Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը (http://beglaryan.wordpress.com/), քաղաքական այլ դեմքեր: Սակայն քաղաքական գործիչները բլոգոսֆերայում հատուկ ակտիվություն չեն ցուցաբերում: Սերժ Սարգսյանի բլոգն, օրինակ, 2008թ. մարտի 26-ից հետո չի թարմացվել: Իսկ արդեն 2009թ. հունվարին, երբ ստեղծվեց Տիգրան Սարգսյանի բլոգը, բլոգերների շրջանում մեծապես քննարկվում էր պաշտոնյաների բլոգների շարունակականության հարցը: «Բարի գալուստ, հուսով եմ, որ serzhsargsyan-ի բլոգից երկար կապրի ձեր բլոգը»,- այս կերպ էր ողջունել mkdotam անունով բլոգերը վարչապետին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի բլոգում կարելի է կարդալ ազատ, քննադատական մեկնաբանություններ, ինչը բացակայում է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի բլոգում: Վերջինիս բլոգը դարձել է քաղաքապետարանի պաշտոնական կայքը, քանի որ որեւէ անմիջական մեկնաբանություն քաղաքապետի կողմից բլոգում չկա:
Վարդան Պապիկյանը կարծում է, որ քաղաքական գործիչների` բլոգ ունենալու փաստն արդեն իսկ գովելի է:
Անի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստան
«Հետք» թերթի թղթակից
IWPR-ի «Հարեւաններ» նախագծի մասնակից