Եթե ցավում է ատամը, ապա անպայման պետք է դիմել ատամնաբույժին, բայց, եթե ինչ-ինչ պատճառներով այդ պահին հնարավոր չէ, ապա գոնե պետք է փորձել մեղմել ցավը: Վերցնում ենք 1 ճաշի գդալ եղեսպակի մանրացրած տերեւներ, լցնում 1 բաժակ եռացրած ջրի մեջ ու եռացնում 10րոպե: Սառեցնելուց հետո կատարում ենք ողողումներ այնքան ժամանակ, մինչեւ ցավը կանցնի:
Ատամի ցավին շատ լավ օգնում է նաեւ բրգաձեւ սոճու ձեթը: Բամբակի կտորին կաթեցնել 6-7 կաթիլ սոճու ձեթ եւ 10 րոպե թողնել ատամի վրա: Սկզբից՝ ատամի մի մասին, հետո՝ մյուս մասին: Չի կարելի չարաշահել, որովհետեւ հնարավոր է այրեք լինդը: Պրոցեդուրան կրկնել 5-6 ժամ հետո, ատամի ցավի դեպքում:
Արդյունավետ միջոց է մեղրամոմը: Վերցնել ոլոռի չափ բնական մեղրամոմի մի կտոր ու դնել ցավող ատամի անցքում: Որպեսզի մեղրամոմը փափկի, կարելի է մի քիչ տաքացնել: Կարիեսի ժամանակ պրոֆիլակտիկ միջոց է 50 գրամ դաղձի խոտի, 25 գրամ սրոհունդի խոտի եւ 25 գրամ սովորական խնկածաղկի խոտի խառնուրդից պատրաստված թուրմով ողողումները: Այս խառնուրդից վերցնել 2 ճաշի գդալ, լցնել 1 բաժակ եռացրած ջրի մեջ ու թողնել 2-3 րոպե թույլ կրակի վրա: 1-2 ժամ հետո քամել եւ կատարել ողողումներ: Այն նաեւ վերացնում է բերանի տհաճ հոտը: Թարախակալված լնդերին ու ատամներին շատ է օգնում սովորական մեղրամոմ ծամելը: Արյունահոսող լնդերին շատ լավ օգնում է կաղնու կեղեւով պատրաստված թուրմը: Վերցնել 60 գ կաղնու կեղեւ եւ 40 գ լորու ծաղիկներ: Այս խառնուրդից 1 թեյի գդալ լցնել 1 բաժակ եռացրած ջրի մեջ, թրմել 15-20 րոպե եւ ողողումներ անել արյունահոսող լնդերի դեպքում: Սրոհունդի ձեթը եւս շատ օգտակար է բերանի խոռոչի հիվանդությունների ժամանակ: Ձեթը պատրաստելու համար վերցնում ենք 1 բաժին սրոհունդի քրքրված ծաղիկներ, 2 բաժին դրա տերեւներից ու լցնում այս ամենը 4 բաժին զեյթունի ձեթի մեջ: Այս բոլորը թափանցիկ շշով 2 շաբաթ թողնել արեւի տակ: 2 շաբաթ հետո քամել ստացված կարմրավուն ձեթը, տաքացնել մինչեւ 60 աստիճան ու թողնել, որ սառի: Թաթախել բամբակն այս ձեթով ու օրվա մեջ 5-6 անգամ մաքրել հիվանդ մասերը: Արդյունքը շատ արագ կզգացվի: Ցանկալի է անել բժշկի ցուցումով: