Համային հակումների կտրուկ փոփոխությունը, ինչ-որ մթերքների պահանջ զգալը խոսում է օրգանիզմի տարբեր թերությունների մասին: Ահա, եթե օրինակ օրգանիզմը թթվի պահանջ է զգում, ուրեմն դա հաճախ ստամոքսի թթվայնության իջեցման պատճառով է: Քաղցրի պահանջ զգալը խոսում է այն մասին, որ դուք այնքան եք աշխատում, որ ձեր նյարդերը տեղի են տալիս: Գլյուկոզան ակտիվ մասնակցություն ունի ադրենալինի` սթրեսի հորմոնի արտադրությանը: Եվ հետո, նյարդային ու մտավոր լարվածության պայմաններում շաքարը օրգանիզմում շատ արագ է իրացվում: Շատ աղի սննդի պահանջ զգում են այն դեպքում, երբ օրգանիզմում ինֆեկցիայի օջախ է հայտնվում: Պրակտիկան ցույց է տալիս, որ այդ խնդիրները հաճախ կապված են լինում միզուղիների հիվանդության հետ` ցիստիտ, պրոստատիտ եւ այլն: Իսկ կծու մթերքի պահանջ զգում են մարդիկ, ում ստամոքսը, այսպես ասած, «ծուլանում» է, որովհետեւ այն դանդաղ է մարսում սնունդը եւ այս դեպքում անհրաժեշտ են խթանիչներ: Կծու մթերքներն ու համեմունքները հեշտացնում են մարսողությունը: Նաեւ կծվի պահանջը կարող է «վատ» խոլեստերինի շատացման պատճառ լինել:
Ժողովրդի մեջ տարածված կարծիք կա, որ օղին օգնում է եւ օգտակար է ստամոքսի խոցի դեպքում: Իսկ ահա գիտությանը հայտնի են միայն փաստեր, որոնց դեպքում օղին կարող է հասցնել ստամոքսի խոցի, այլ ոչ թե կատարել հակառակ` բուժիչ դերը: Բայց միեւնույն է, շատ խոցով տառապողների մոտ շրջում է «օղեթերապիայի» մասին առասպելը: Միշտ պետք է հիշել, որքան ալկոհոլը թունդ է, այնքան ավելի է վնասում լորձաթաղանթը: Որպեսզի խոցի վիճակը էլ ավելի չվատանա, պետք է ամբողջովին հրաժարվել ալկոհոլից: Թարմ մրգերից ու բանջարեղեններից շատերը պարունակում են բիոլոգիական նյութեր, որոնք կարող են գրգռել ստամոքսի լորձաթաղանթը եւ շատացնել ստամոքսահյութի արտադրությունը, ինչը, մարսողության խնդիրների հետ կապված, միշտ չէ, որ օգտակար է: Օրինակ՝ սերկեւիլը վնաս է ստամոքսի, տասներկումատնյա աղիի խոցերի ու էնտերոկոլիտների դեպքում: Անանասը կարող է վնասել լյարդի ու լեղապարկի քրոնիկ հիվանդությունների դեպքում, եւ բացի այդ էլ՝ այն համարվում է շատ ուժեղ ալերգեն: Խաղողը հակացուցված է շաքարային դիաբետի, ստամոքսի խոցի, ճարպակալման ու կոլիտների դեպքում: Բալը եւս կարող է գաստրիտի սրացման պատճառ դառնալ: Խոցի ու գաստրիտի ժամանակ անոթի վիճակում տանձ չի կարելի ուտել: Չարժե սուր գաստրիտի դեպքում ուտել կաղամբ ու վարունգ: Վերջերս շատ մոդայիկ է դարձել ստամոքսի բանդաժավորումը կամ ստամոքսի վրա օղ դնելը: Այս վիրահատության նպատակը սննդի քանակի խիստ սահմանափակումն է, հետեւաբար էլ` կալորիաների քանակի նվազումը: Այս օղի տեղադրումը ստամոքսին տալիս է ավազի ժամացույցի ձեւ: Այս դեպքում սննդից արագ հագենում են, եւ բավականին արագ տեղի է ունենում քաշի նվազում: