Շոգեբաղնիքը մեր կյանքում

06/05/2010 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Իսկական ռուսական բաղնիքը հայտնի է անհիշելի ժամանակներից, եւ դրա մասին գիտեն շատերը: Ռուսական բաղնիքի եւ սովորական շոբեբաղնիքի տարբերությունը օդի մեջ է: Սովորական շոգեբաղնիքի օդը համեմատաբար չոր է, իսկ ռուսականինը` խոնավ: Չոր օդը սովորաբար թույլ է տալիս ջերմաստիճանը հասցնել նույնիսկ մինչեւ 100 աստիճանի, իսկ ռուսական շոգեբաղնիքում` ջերմաստիճանը չի գերազանցում 60 աստիճանը: Արդեն 5-10 րոպեից հետո մարդու մաշկի ջերմաստիճանը կարող է բավական բարձրանալ: Իսկ ջերմության բարձրացումը օրգանիզմում կարող է դրական ֆունկցիոնալ փոփոխություններ առաջացնել, ինչպես նաեւ լավացնել նյութափոխանակությունը: Ռուսական շոգեբաղնիքը բարենպաստ ազդեցություն է ունենում սիրտ-անոթային համակարգի եւ շնչուղիների վրա: Շատերին է հետաքրքրում այն հարցը, թե արդյոք շոգեբաղնիք գնալով կարելի՞ է նիհարել: Պետք է ասել, որ շոգեբաղնիքում քաշից ազատվելը ընդամենը հեղուկի կորուստն է, ինչը ոչ մի կապ չունի ճարպից ազատվելու հետ: Չնայած այս ամենին, շոգեբաղնիքով նիհարելը` նիհարել ցանկացողների համար խորհուրդների շարքում երրորդ տեղն է զբաղեցնում: Առաջին երկուսը` դիետաներն ու սպորտն են: Իսկ ավելի արդյունավետ է այս բոլորի համատեղումը: Շոգեբաղնիքը որպես նիհարելու մեթոդ կիրառել ցանկացողները պետք է հաշվի առնեն մի քանի հանգամանք: Առաջինը առողջական վիճակն է: Քաշի շատ արագ կորուստը օրգանիզմի համար այնքան էլ լավ չէ: Թույլատրելի չափը ընդհանուր քաշի 2 տոկոսից ազատվելն է: Հատկապես արդյունավետ է մերսումներով շոգեբաղնիքը: Մերսումներով պրոցեդուրաները բաղնիք գնալուց առաջ օգնում են պրոբլեմատիկ մասերի ճարպերի ազատումից: Բացի այդ, այն շատ լավ արդյունք է տալիս պերիֆերիկ եւ կենտրոնական նյարդային համակարգի, ռադիկուլիտի, օստեոխոնդրոզի եւ պոլիարտրիտի բուժման համար: Իսկ ընդհանուր առմամբ շոգեբաղնիքն օգնում է հանել հոգնածությունը, նյարդային գերլարվածությունն ու վատ տրամադրությունը: Արյան շրջանառության լավացման հետ մկանային կամ այլ վնասվածքները շատ արագ են վերականգնվում: Սառի ու տաքի հերթագայությունը, կարելի է ասել, հանդիսանում է շատ լավ պրոֆիլակտիկ միջոց մրսածության դեպքում: Իհարկե, պետք է հիշել, որ սառը ցնցուղից կամ լողավազանից հետո անմիջապես տաք ջուրը սրտի համար ավելորդ ծանրաբեռնվածություն է հանդիսանում: Այդ պատճառով առողջական լուրջ խնդիրներ ունեցողներին խորհուրդ չի տրվում ժամերով նստել սաունաներում, ապա մտնել սառը ցնցուղի տակ կամ լողավազան: Շոգեբաղնիքը դրական ազդեցություն է ունենում հատկապես դեմքի մաշկի վրա: Պատահական չէ, որ դեռեւս խորհրդային շրջանում լայն տարածում էին գտել դեմքի համար սաունաները:

Շոգեբաղնիքը հակացուցված է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, հիպերտոնիայի, շնչուղիների հիվանդությունների, սուր ռեւմատիկ հիվանդությունների դեպքում: Նաեւ չի կարելի մարդկանց, ովքեր գինեկոլոգիական խնդիրներ ունեն: Սաունա գնալ խստիվ արգելվում է չարորակ ուռուցք ունեցողներին, կամ, եթե նույնիսկ դրա կասկածը կա: Եվ ընդհանրապես քրոնիկական հիվանդություններ ունեցողները ցանկալի չէ, որ գնան շոգեբաղնիք: