Ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ստուգվում է նաեւ գողություն կատարելու կասկածանքով Խալաֆյանի հետ բերման ենթարկված, հետագայում կալանավորված երեք անձանց նկատմամբ Չարենցավանի ոստիկանության բաժնում ապրիլի 13-ին բռնություններ կիրառված լինելու մասին մամուլի հրապարակումների իսկությունը: «Իրենց բերման ենթարկելու եւ Ոստիկանության բաժնում պահելու վերաբերյալ Ա. Իսպիրյանին, Շ. Մարկոսյանին եւ Դ. Գյուլումյանին առաջարկվել է ցուցմունք տալ դեռեւս ապրիլի 19-ին: Հարցաքննության ընթացքում Մարկոսյանը եւ Իսպիրյանը գրավոր հայտնել են, որ իրենց նկատմամբ որեւէ բռնություն չի գործադրվել, արժանապատվությունը վիրավորող գործողություններ չեն կատարվել, իսկ Գյուլումյանը հրաժարվել է ցուցմունքներ տալ: Իսպիրյանը, Մարկոսյանը եւ Գյուլումյանը ենթարկվել են դատաբժշկական փորձաքննության, որոնց եզրակացությունների համաձայն` նրանց մարմինների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Բացի այդ` նրանք դատաբժիշկների մոտ եւս հայտարարել են, որ իրենց նկատմամբ բռնություններ չեն կիրառվել»,- ասված է Հատուկ քննչական ծառայության հաղորդագրությունում: «Հաշվի առնելով, որ մայիսի 3-ին եւ 4-ին մամուլում վերստին եղել են հրապարակումներ առ այն, որ Դ. Գյուլումյանի նկատմամբ կիրառվել են բռնություններ` վկայակոչելով նրա հարազատներին, ապա քննիչը մայիսի 4-ին կրկին առաջարկել է Գյուլումյանին տալ ցուցմունքներ` ապրիլի 13-ին Ոստիկանության Չարենցավանի բաժնում պահվելու եւ հնարավոր կիրառված բռնությունների հանգամանքների վերաբերյալ: Սակայն վերջինս կրկին հրաժարվել է ցուցմունքներ տալ»,- նշված է հաղորդագրության մեջ: ՀՔԾ-ն մայիսի 4-ին գրավոր դիմել է Հայաստանի օմբուդսմեն Արմեն Հարությունյանին` խնդրելով տրամադրել Իսպիրյանին, Մարկոսյանին եւ Գյուլումյանին այցելության արդյունքների վերաբերյալ տեղեկություններ, հարցումներ են ուղարկվել նաեւ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ եւ Ոստիկանության Չարենցավանի բաժնի ձերբակալվածներին պահելու վայր` հիշյալ երեք անձանց տվյալ հիմնարկներ ընդունելիս բուժզննման ենթարկելու արդյունքների մասին տեղեկություններ տրամադրելու համար. «Չարենցավանի բաժնի ՁՊՎ-ից մայիսի 3-ին ստացված գրավոր պատասխանի համաձայն` վերոնշյալ անձանց մարմինների վրա մարմնական վնասվածքներ չեն եղել, եւ գրավոր կամ բանավոր հայտարարություն չեն ներկայացրել իրենց նկատմամբ կիրառված քննության խորթ մեթոդների վերաբերյալ: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից պատասխան դեռեւս չի ստացվել»:
Իսկ ինչ վերաբերում է նույն գողության գործով Ոստիկանության բաժին բերման ենթարկված, հետագայում ազատ արձակված Նորայր Չիլյանին եւ Արայիկ Առաքելյանին, ապա Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ Վ. Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործը Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել 2010թ. ապրիլի 15-ին, եւ քրգործի նյութերում այդ պահի դրությամբ որեւէ տեղեկություն չի եղել Ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված, այնուհետեւ ազատ արձակված անձանց վերաբերյալ: «Հետագայում է պարզվել, որ այդ անձինք հանդիսանում են Չարենցավանի բնակիչներ, նրանցից Նորայր Չիլյանը ապրիլի 16-ին, իսկ Արայիկ Առաքելյանը ապրիլի 18-ին մեկնել են Հայաստանից: Հիշյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ տրվել է համապատասխան հանձնարարական»,- ասված է հաղորդագրությունում: