Նվեր` Հայրենականի 65-ամյակին

06/05/2010

Երեկ Գիտությունների ազգային ակադեմիայի դահլիճում տեղի ունեցավ «Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակում հայ ժողովրդի ներդրումը (1941-1945թթ.)» գրքի շնորհանդեսը: Գրքի համահեղինակներն են տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Պողոսյանը եւ պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյանը: Հեղինակների կարծիքով՝ գիրքը շատ լավ նվեր է Հաղթանակի 65-ամյա հոբելյանի կապակցությամբ: «Հիմնական պատճառն էլ այն է, որ Մոսկվայի Հաղթանակի այգում, որտեղ Հայրենական Մեծ պատերազմի հուշահամալիրն է, նախատեսվում է կառուցել հայկական ժամ-հուշարձան` նվիրված Հայրենական պատերազմի հայ մասնակիցներին: Այդ ժամի ներքնահարկում մենք պետք է ստեղծենք նաեւ թանգարան, որտեղ կզետեղվեն այն բոլոր նյութերն ու գրքերը, որոնք նվիրված են Հայրենական պատերազմին հայերի մասնակցությանը»,- նկատում է գրքի հեղինակներից Հրանտ Պողոսյանը, ում ֆինանսական ջանքերով էլ լույս է տեսել գիրքը: 874 էջից կազմված գիրքը բաժանվում է 2 հատվածի` առաջին մասում ռազմաճակատի հերոսների մասին է ներկայացնում Կլիմենտ Հարությունյանը, իսկ երկրորդ հատվածում ներկայացված են Հայրենական պատերազմի մասնակից անվանի հայերը: «Իմ բաժնում ես ամբողջովին զետեղել եմ Անաստաս Միկոյանի ռեակտիվ ինքնաթիռներից մինչեւ ատոմային ռումբի ստեղծման շրջանը: Ես կարեւորում եմ դա, որովհետեւ ուզում եմ, որ մեր ներկա սերունդը տեղյակ լինի, որ մեր ժողովուրդը կարող է ոչ միայն լավ կռվել, այլեւ զենք ստեղծել: Առաջնահերթ պետք է զենք ստեղծել, հետո կռվել: Իսկ բոլոր տեսակի զենքերի ստեղծման գործում հայերը մեծ մասնակցություն են ունեցել»,- նշում է Հ. Պողոսյանը` հիշատակելով Գորկի քաղաքի մեքենաշինական գործարանի տնօրեն Համո Յուլյանին, ով Հայրենական պատերազմի ժամանակ իր գործարանում արտադրեց տարբեր տրամաչափերի 120.000 թնդանոթ: «Այս գիրքը նաեւ այն հանգամանքի շնորհիվ է կարեւորվում, որ այստեղ ճշտված է հայ հերոսների, հայ դիվիզիաների, կորպուսի հրամանատարների, գեներալների, Փառքի շքանշանակիրների թիվը: Գրքի իմ բաժնում ես ներկայացրել եմ հայ զինվորից մինչեւ մարշալ: Խորհրդաֆիննական պատերազմում` 1939թ. նոյեմբերի 30-ից մինչեւ1940թ. մարտի 13-ը հայերը տվել են 4 հերոս, մինչդեռ մեր հարեւանները որեւէ հերոս չեն տվել: Ընդամենը 123 մարդ է արժանացել հերոսի կոչման, իսկ Հայրենական Մեծ պատերազմին 99 հայ է արժանացել Սովետական Միության հերոսի կոչման, հետպատերազմական տարիներին` 3 հայ»,- ասում է Կ. Հարությունյանը: