Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիեւը երեկ հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ: «Թուրքիան պետք է փակի իր օդային տարածքը Հայաստանի հետ եւ պետք է դադարեցնի Վրաստանի տարածքով Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը: Բացի այդ, պետք է դադարեցվի Ադրբեջանում այն թուրքական կազմակերպությունների գործունեությունը, որոնք գործարար կապեր ունեն Հայաստանի հետ: Մենք պետք է լրջությամբ մոտենանք հարցին»,- հայտարարել է նա: Անդրադառնալով ՀՀ իշխանությունների` հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանում առկախելու մասին որոշմանը` Հասանգուլիեւը նշել է, որ այդ քայլով հայկական կողմը նպատակ էր հետապնդում ճնշումներ գործադրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վրա` Ցեղասպանություն եզրույթը գործածելու համար: