«Իհարկե, Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ սահմանը բացել, քանի որ նպատակ ունի ինտեգրվել բոլոր հարեւաններին: Բայց միայն հայ-թուրքական սահմանի բացումը բավարար չի լինի: Մենք ուզում ենք, որ բացվի նաեւ Հայաստան-Ադրբեջան սահմանը»,- երեկ Օքսֆորդի համալսարանում կազմակերպված «Փոփոխվող աշխարհում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը» խորագրով կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Նաեւ ընդգծել է, որ Անկարան ցանկանում է տեսնել վստահելի եւ անվտանգ հարեւաններ Մերձավոր Արեւելքում, Կովկասում, Բալկաններում եւ Ծոցում: «Ինչո՞ւ ենք մենք այդչափ ակտիվ իրանական միջուկային ծրագրի հարցում: Ոչ այն պատճառով, որ ցանկանում ենք պաշտպանել Իրանին: Այլ այն, որ անվտանգ տարածաշրջան ենք ուզում ունենալ: Մենք կողմ չենք, որ Իրանն ունենա միջուկային զենք, բայց միեւնույն ժամանակ չենք կամենում, որ մեր տարածաշրջանում ռազմական լարվածություն լինի»: Անդրադառնալով անցած տարի Իսրայելի մասնակցությամբ զորավարժությունը չեղյալ հայտարարելու մասին Անկարայի որոշմանը, Դավութօղլուն հայտարարել է, որ տարածաշրջանում ռազմական լարվածության դեպքում իրենք ոչ մի զորավարժություն չեն անցկացնի: «Այո, անցած տարի մենք չեղյալ հայտարարեցինք զորավարժությունը, եւ եթե մեր տարածաշրջանում նկատվի պոտենցիալ ռազմական լարվածություն, նման զորավարժություններ չեն անցկացվի»,- ասել է Դավութօղլուն` ավելացնելով, որ Անկարան չի կարող հանդուրժողաբար վերաբերվել այն իրադարձություններին, որոնք այսօր տեղի են ունենում Գազայի հատվածում: