Ո՞վ ձեռք բարձրացրեց զինվորի վրա

04/05/2010 Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ

«Ես չէի հավատում, որ իմ երեխու գործը չի բացահայտվի, միշտ մտածում էի, որ իմ երեխու գործը մեր երկրի, էս պետության պատիվն է: Չէ՞ որ իմ տղան ցուցարար կամ պատահական անցորդ չէր: Իմ տղան պագոնի տակ ծառայող զինվոր էր, ու գնացել էր էս երկրի հանդեպ իր պարտքը կատարելու, ոչ թե ինչ-որ մեկի աթոռի համար զոհվելու: Իրենք առոք-փառոք ապրում են, իսկ իմ 19 տարեկան տղայիս բոլոր ծրագրերն ու երազանքները մի օրվա մեջ մարեցին»,- երեկ մեզ հետ զրույցում արցունքն աչքերին ասում էր 2008թ. մարտի 1-ին զոհված ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը` Ռուզաննա Խաչատրյանը: Նա ցանկանում է միայն մի քանի հարցի պատասխան ստանալ. ո՞վ է հրաման տվել, որ զինվորին բերեն կանգնեցնեն քաղաքի կենտրոնում ու զինված գործողությունների մասնակից դարձնեն, ո՞վ է զինվորի վրա կրակելու հրաման տվել, եւ վերջապես՝ կա՞ մեկը, որ պարտավոր է պատասխանատվություն կրել ծառայող զինվորի անվտանգության համար: Արդեն 2 տարուց ավելի է, ինչ մարտի 1-ին զոհված քաղաքացիների ծնողները համբերությամբ սպասում են, որ Հատուկ քննչական ծառայությունը, ի դեմս մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի, կբացահայտի այս հարցերի պատասխանները, սակայն` ապարդյուն:

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ժամկետային զոհված զինծառայողի գործով 1-ին դատական նիստը: Ռ. Խաչատրյանը դատարանից պահանջում է ճանաչել ՀՔԾ-ի եւ ՀՀ գլխավոր դատախազության անգործությունը եւ վերջիններիս պարտադրել անցկացնել գործի արդյունավետ քննություն: Հիշեցնենք, որ 2008թ. ողբերգական իրադարձությունների ժամանակ այլ զինվորների հետ միասին Տիգրանին եւս դուրս են բերել զորամասից եւ մասնակից են դարձրել զինված գործողությունների: Լեոյի փողոցի սկզբնամասում Տիգրանը ստացել է հրազենային վնասվածք, որի հետեւանքով էլ, 40 օր հիվանդանոցում արհեստական շնչառությամբ ապրելուց հետո, մահացել է: Տիգրանի իրավահաջորդ է ճանաչվել մայրը` Ռ. Խաչատրյանը, որի շահերի պաշտպանությունն էլ դատարանում ներկայացնում էր Արտակ Զեյնալյանը: Վերջինս դատարանին ներկայացրեց իրենց բողոքի բոլոր հիմնավորումները:

Զեյնալյանը դատարանին ներկայացրեց նաեւ այն փաստը, որ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ ՀՀ բանակը ներգրավվել է խաղաղ ցուցարարների դեմ կիրառվող ուժային գործողություններում, ինչի հետ կապված` մինչ այսօր ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը որեւէ հակափաստարկ չի ներկայացրել: Զինվորները զինված են եղել մարտական ինքնաձիգներով, բացի այդ,ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան առջեւ տեղակայված է եղել խոշոր տրամաչափի գնդացիրով զրահամեքենա: ՀՀ զինված ուժերը բնակչության դեմ կիրառել են հատուկ միջոցներ, որի հետեւանքով տեղում զոհվել են մարդիկ, իսկ ստացած վնասվածքներից մահացել է Տ. Աբգարյանը: Ըստ Ա. Զեյնալյանի, անժխտելի է այն փաստը, որ հրազենով զինված են եղել միայն ՀՀ զինված ուժերի եւ իրավապահ մարմինների աշխատակիցները եւ նրանց վերահսկողության տակ գտնվող այլ զինված խմբավորումները: Որեւէ այլ անձի մոտ, բացի նշվածներից, հրազեն չի հայտնաբերվել: Նրա խոսքերով, ՀՔԾ-ի անգործությունը փաստում է նաեւ այն, որ սպանության առթիվ չի հարուցվել քրգործ, դեպքի վայրի տեղազննություն եւ նկարահանում չի կատարվել, չեն պարզվել կոնկրետ անձինք, որոնց ներկայությամբ կատարվել է դեպքը: Բացի այդ, առ այսօր պարզ չէ, թե որտեղ է գտնվում Տ. Աբգարյանի զրահաբաճկոնը, որը դեպքի պահին եղել է նրա հագին: Զինվորի ձմեռային բաճկոնը անհասկանալի ու անհայտ պատճառներով հիվանդանոցից հայտնվել է զորամասում, եւ նախաքննական մարմնի կողմից զննություն չի կատարվել՝ պարզելու համար, թե ինչ հանգամանքներում է այն հայտնվել զորամասում: Հայտնի չէ նաեւ, թե ուր են Տիգրանի մյուս հագուստները` տաբատը, կոշիկները, բաճկոնը:

Այս հանգամանքները կարեւոր են այնքանով, որ հագուստի վրա եղած հետքերի փորձաքննությամբ հնարավոր կլիներ պարզել, թե ինչ հեռավորությունից են կրակ արձակել նրա ուղղությամբ, ինչն էլ հնարավորություն կտար բացահայտելու, թե կոնկրետ ովքեր են գտնվել այդ տարածքում: Ըստ Ա. Զեյնալյանի, Տիգրանը զոհվել է ոչ թե մեկ կրակոցից, այլ կրակահերթից: Նա վստահ է, որ սպանությունը կատարվել է պետության գործակալների կամ պետության այլ ներկայացուցիչների կողմից:

Որպես պատասխանող կողմ՝ դատարան էր ներկայացել Վահագն Հարությունյանը, որն էլ խնդրեց մերժել բողոքը, այն համարելով անհիմն: Որպես ասվածի հիմնավորում, նա ասաց, որ իրենց գործողությունները կատարվել են օրենքին համապատասխան, եւ անձի իրավունքներ եւ ազատություններ չեն խախտվել: «Ներկա պահին գործը գտնվում է ապացույցների հավաքման, ստուգման եւ գնահատման, այսինքն` դեռեւս նախաքննության փուլում: Դրա վերջնական ընթացքը լուծված չէ, հետեւապես քրեական վարույթն իրականացնող մարմնին անգործ ճանաչելու պահանջը չի կարող լինել հիմնավոր: Ներկայումս այս քրեական գործով կատարվում է պատշաճ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն»,- իր ելույթը եզրափակեց քննչական խմբի ղեկավարն ու հավելեց, որ ներկայացված բողոքում կան եզրահանգումներ եւ տվյալներ, որոնք չեն համապատասխանում դեպքերի իրական զարգացումներին եւ «խեղաթյուրված են»: Դատական նիստը կշարունակվի մայիսի 7-ին: Նիստի ավարտից անմիջապես հետո, Տիգրանի մայրը` դիմելով Վ. Հարությունյանին, հարցրեց. «Կարո՞ղ եք ասել, այսքան ժամանակ քանի՞ տող եք ավելացրել իմ տղայի գործին»: «Քանակով չեմ կարող ասել, չեմ հաշվել»,- պատասխանեց Վ. Հարությունյանն ու շտապեց հեռանալ դահլիճից` անպատասխան թողնելով լրագրողների հարցերը, որոնք վերաբերում էին ոչ միայն Մարտի 1-ի գործի քննությանը, այլ նաեւ Չարենցավանի ոստիկանությունում սպանված Վահան Խալաֆյանի գործին:

Ա. Զեյնալյանից հետաքրքրվեցինք, թե այս գործի շրջանակում նախատեսվո՞ւմ է նաեւ քննել ու պատասխանատվության ենթարկել զորամասում Տ. Աբգարյանի վերադասներին, ովքեր պատասխանատու էին զինվորի անվտանգության համար: «Հաջորդ դատական նիստերի ընթացքում արդեն կտրվեն հարցեր, որոնց մեջ հնարավոր է, որ լինի նաեւ ձեր հարցը»,- ասաց նա: Դատական նիստից հետո մեզ հետ զրույցում տիկին Ռուզաննան ասաց, որ ինքը ոչ մի դրամական փոխհատուցում էլ չի պահանջում, իր պահանջն այլ է. «Ես երկրին զինվոր էի տվել, որ գնար հայրենի հողը թուրքերից պաշտպաներ, ոչ թե բերեին կանգնեցնեին քաղաքի կենտրոնում ու սպանեին: Ինչի՞ էին իմ երեխուն բերել էնտեղ կանգնեցրել, որ հայի վրա՞ կրակեր, թե՞ հայ մարդը իր զինվորի վրա կրակեր: Եթե էս երկրում մի հատիկ արդարություն կա, ապա առաջին հերթին պետք է Ռոբերտ Քոչարյանը կանգնի դատաստանի առաջ: Նա էր չէ՞ հրաման տվել, որ իմ 7 ամսվա ծառայող զինվորին բերեին կանգնեցնեին իրա ժողովրդի դեմ: Ոչինչ չեմ ուզում, ոչ մեկի տված փողն ու հատուցումը չեմ ուզում, մենակ ուզում եմ իմանալ, թե ով ձեռք բարձրացրեց իր երկրի զինվորի վրա»: