Թուրք ազգայնականների կոչը

04/05/2010

Քանի դեռ Թուրքիան ռազմական գործողություն չի սկսել Հայաստանի դեմ, PKK-ի (Քրդստանի բանվորական կուսակցություն) ահաբեկչական գործողությունները շարունակվելու են: Այս մասին հայտարարել է Թուրքիայի «Ազգայնական եւ պահպանողական» կուսակցության առաջնորդ Ահմեդ Ռեյիզ Յըլմազը` մեկնաբանելով վերջին օրերին հաճախակի դարձած թուրք-քրդական բախումներն ու թուրքական իշխանությունների` քրդական հարցի կարգավորման ուղղությամբ նախաձեռնությունը: «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ վարչապետի ամերիկյան այցից հետո ահաբեկության դեպքերը շատանալու են… Դուք հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո նայեք զոհված թուրք զինվորների թվաքանակին, դուք վարչապետի վաշինգտոնյան այցելությունից մի քանի օր առաջ եւ դրանից հետո ընկած ժամանակահատվածում նայեք PKK-ի գործողություններին: PKK-ն հայկական ահաբեկչական կազմակերպություն է: Եվ իշխանությունները դա հայտարարելու փոխարեն՝ հայերի հետ արձանագրության անվան տակ PKK-ի հետ զինադադար են կնքում»,- հայտարարել է նա: