Քաղբանտարկյալներ չկա՞ն

04/05/2010

Շաբաթ օրը Շիրակի մարզում ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է Հայաստանում քաղբանտարկյալների թեմային: Հարցին, թե ինչ է լինելու մարտի 1-ից հետո դատապարտված այն քաղաքացիների ճակատագիրը, ովքեր քաղբանտարկյալ են համարվում, Ա. Հովսեփյանը պատասխանել է, թե նրանք քաղբանտարկյալներ չեն. «Կա՛մ հայրենիքի դավաճաններ են, կա՛մ կավատներ: Նախ, ես համաձայն չեմ հարցադրման հետ, որ կա 14 քաղբանտարկյալ: Հայաստանում գոյություն չունեն ընդհանրապես քաղբանտարկյալներ, որոնց մասին Դուք խոսում եք. դրանք դատապարտված են քրեորեն պատժելի կոնկրետ արարքների համար: Կոնկրետ ասեմ` հայրենիքի դավաճանության համար տարիներ առաջ դատապարտվել է Բոջոլյանը, որը դիմել է Եվրոդատարան, եւ Եվրոդատարանը գտել է, որ ՀՀ իրավապահ մարմինները, ինչպես նաեւ դատարանը որեւէ խախտում թույլ չեն տվել, եւ նրան դատապարտել են օրինական կարգով` Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար: Կամ մեկ ուրիշը, որը դատապարտված է պոռնկանոց ստեղծելու համար. պոռնիկներին, մարմնավաճառներին հավաքագրելու եւ շահույթ ստանալու համար, ինչը մենք կոչում ենք թրաֆիքինգ եւ որի դեմ մենք շատ ակտիվ պայքար ենք տանում: Եվ այսպես, բոլոր անձինք դատապարտվել են կոնկրետ արարքների համար»,- ասել նա: Ա. Հովսեփյանը նաեւ հավելել է, թե ՀՀ քրեական օրենսգիրքը բոլորի համար է` թե՛ իշխանավորների, եւ թե՛ ընդդիմադիրների: «Ասեմ, որ քրեական հանցագործությունների համար դատապարտված անձինք, միայն նրա համար, որ այս կամ այն քաղաքական գործչի ընկերներ են, բարեկամներ են, մտերիմներ են, չեն կարող համարվել քաղբանտարկյալներ, որովհետեւ Քրեական օրենսգիրքը ինչպես իշխանավորների համար է, իշխանավորների բարեկամների, այնպես էլ՝ բոլոր ընդդիմադիրների եւ ընդդիմադիրների բարեկամների: Քրեական օրենսգիրքը Հայաստանի բոլոր քաղաքացիների համար է, եւ քաղբանտարկյալ կոչելը կամայական, ինչ-որ որոշ խմբերի կամ կուսակցությունների ցանկությունն է»,- ասել է Ա. Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունները, նաեւ ԱՄՆ Պետդեպարտամենտը իրենց զեկույցներում հատուկ ընդգծել են Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին: