Վերջին 3-4 օրերի ընթացքում Հայաստանի բոլոր հեռուստաալիքները երկարաշունչ ռեպորտաժներ էին ներկայացնում Շանհայից՝ «Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսից։
Մենք մինչ այդ ենթադրում էինք, որ համաշխարհային ցուցահանդես ասվածը ենթադրում է մի միջոցառում, որի շրջանակներում Հայաստանն իր ունեցած-չունեցածը ներկայացնում է արտաքին աշխարհին, արտաքին աշխարհն էլ իր ունեցած-չունեցածը ներկայացնում է Հայաստանի ժողովրդին։ Ներկայացնել ասվածն էլ հիմնականում տեղի է ունենում հեռուստատեսության միջոցով։
Իսկ ի՞նչ են մեզ մատուցում հայկական հեռուստաալիքները։ Մի երկու խոսք՝ ընդհանուր ցուցահանդեսի եւ Շանհայի մասին, եւ մնացած ողջ ռեպորտաժը նվիրված է հայկական տաղավարին։ Փաստորեն, եթե ենթադրենք, որ ցուցահանդեսի մասնակից 192 երկրների հեռուստաընկերությունները գործում են մերոնց նման՝ այսինքն, կենտրոնանում են միայն իրենք իրենց երկրի վրա, ստացվում է, որ միջազգային ցուցահանդես կոչվածը անիմաստ բան է։
Ուշադիր հեռուստադիտողները նկատած կլինեն նաեւ, որ բոլոր ալիքներով ցուցահանդեսի մասին պատմող ռեպորտաժներում հնչում է նույն տեքստը. «Հայաստանի տաղավարը տեղակայված է եվրոպական միացյալ տաղավարների տարածքում: 500 քմ ընդհանուր մակերեսով տաղավարում զետեղված «Միտք եւ Ժամանակ» խորագրով ցուցասրահով «Շանհայ Էքսպո փ2010»-ի շրջանակներում Հայաստանը աշխարհին ներկայացնում է հայկական ազգային քաղաքաշինական մտքի ներդրումը` մարդու կենսական քաղաքակիրթ տարածության ձեւավորման մեջ, եւ քննարկման է ներկայացնում առաջարկ` մարդկության պատմության մեջ առաջին անգամ համատեղ ուժերով Արարատ լեռան փեշին կառուցել Գեոպոլիս (Աշխարհի քաղաք), որի վրա ժամանակը չի կարող իշխել»։ Մնացած նախադասությունները՝ Կենաց ծառի, մոդուլային համալիրների, վիրտուալ տարածությունների եւ այլնի մասին, կրկնվում են գրեթե նույնությամբ։
Թե ինչու է սա այսպես, ունի մեկ պարզ բացատրություն։ Լրագրողները ավելորդ ջանքեր չեն գործադրել՝ հասկանալու համար, թե ինչ է ներկայացնում Հայաստանը, եւ պարզապես արտագրել են պաշտոնական «պրեսս ռելիզը»։
Սակայն լրագրողներին այս դեպքում մեղադրել չի կարելի։ Ոչ միայն այն պատճառով, որ նրանց մի մասը ընդհանրապես Շանհայ չի մեկնել։ Գլխավոր պատճառը թերեւս այն է, որ գաղափարը իրոք դժվար է հասկանալ։
Հայաստանը առաջարկում է կառուցել Աշխարհի քաղաք՝ Գեոպոլիս։ Հետո՞։ Հետո այն, որ առանձին կայքում տեղադրված է նաեւ այդ քաղաքի վիրտուալ, եռաչափ քարտեզը։ Համակարգչով մտնում ես եւ սեղմում առանձին շինությունների վրա։ Ու բացվում է առանձին պատուհան՝ Մարոկկո, Բենին եւ այլ մակագրություններով։ Սրանք առանձին երկրների համալիրներն են։ «Ցուցահանդեսի այցելուները կարող են մուտք գործել քաղաքի կենտրոնական էլ. կայք եւ իրենց ցանկությունները թողնել վիրտուալ «Աշխարհի մատյանում»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Լավ, բա հետո՞։ Ո՞վ է կառուցելու այդ քաղաքը, ե՞րբ, որքա՞ն գումար է դրա վրա ծախսվելու։ Հասարակ մահկանացուներիս մտքով անցնող այս հարցերը կազմակերպիչները չեն էլ ցանկանա լսել։ Նրանք ներկայացնում են պարզապես ԳԱՂԱՓԱՐ։ Մեծ, տիեզերական, վիրտուալ մի գաղափար, մի փիլիսոփայություն, որը հասու չէ ՀՀ շարքային քաղաքացիների մտահորիզոնին։
Սակայն, մյուս կողմից, եթե վերլուծում ենք ՀՀ տնտեսական քաղաքականության զարգացումները վերջին տարիների ընթացքում, պարզ է դառնում, որ այլ բան չէինք էլ կարող ներկայացնել։ «Հայկական աշխարհ», «Գյումրու նավահանգիստ», «Դիլիջանը՝ Ֆինանսական կենտրոն» եւ այլն. ի՞նչ է այս ամենը, եթե ոչ վիրտուալ նախագծեր, որոնց մասին ամենայն լրջությամբ խոսում է մեր կառավարությունը։ Հիմա, ըստ երեւույթին, Հայաստանի Հանրապետության աշխարհագրական սահմանները (ինչպես իրական, այնպես էլ վիրտուալ) նեղ են թվացել համապատասխան ոլորտի պատասխանատուներին, եւ նրանք որոշել են դուրս գալ միջազգային ասպարեզ։ Այլ կերպ ասած՝ Հայաստանը «Էքսպո-2010»-ին ներկայացել է մի խումբ մարդկանց հետաքրքիր ֆանտազիաներով։ Միգուցե այդ գաղափարները հետաքրքիր են, համամարդկային, բարի, տիեզերական… Բայց այդքան գումար ծախսել զուտ «վիրտուալ», ասել է թե՝ չեղած բան ներկայացնելու վրա, արդյո՞ք ճիշտ է։
Միգուցե տեղեկատվության պակասն է պատճառը, որ այս տեսանկյունից ենք մոտենում հարցին։ Միգուցե մյուս երկրները նո՞ւյնպես այդպիսի վիրտուալ, «թիթիզ» բաներով են ներկայացել աշխարհին։ Չգիտենք։ Որովհետեւ մյուս երկրների մասին մեր հեռուստաալիքները լռում են, ոչինչ չեն ասում՝ իրենց տեսախցիկներն ուղղելով միայն հայկական Գեոպոլիսի թափանցիկ մակետի վրա։
Հանուն արդարության նշենք, որ գաղափարի հեղինակներին էլ մեղադրել չի կարելի. ուրիշ ի՞նչ պետք է ներկայացներ Հայաստանը, որ աշխարհը զարմանար։ 5 տարին մեկ կազմակերպվող ցուցահանդեսը սովորաբար օգտագործվում է հիմնականում տնտեսական, գիտատեխնիկական նվաճումները աշխարհին ներկայացնելու համար։ Այսինքն՝ վիրտուալ երեւույթներից բացի, ինչ-որ ավելի իրական, շոշափելի բաներ պետք է լինեն։ Իսկ ի՞նչ ունենք մենք։ Ինչպես վերջերս Գիտությունների ազգային ակադեմիայում նշեց վարչապետը, ըստ էության՝ ոչինչ էլ չունենք։ Չունենք «փաթեթավորված» գիտական նորույթ, որը հնարավոր կլիներ ներկայացնել աշխարհին։ Բայց փոխարենը՝ ունենք խելք, մտավոր պոտենցիալ։ Այսինքն՝ եթե չենք ներկայացել գիտական նորույթներով, դա հոգ չէ. կարող ենք ապացուցել, որ բոլոր նախադրյալներն ունեինք դրա համար։ Ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվելու է, այսպես ասած, «Տեխնոլոգիաների օր»։ Հոգ չէ, որ տեխնոլոգիաները մեզանում զարգանում են միայն թղթի վրա եւ բանավոր ելույթներում, այդ ամենը կարելի է ներկայացնել այսպես. «Տեխնոլոգիաների օր» միջոցառման ընթացքում տեղի կունենա հայկական մտավոր կարողությունների ցուցադրում` շախմատից մինչեւ բարձր տեխնոլոգիա եւ գիտական արտադրանք»։ Սա ամենեւին կատակ չէ, այլ մի հատված՝ պաշտոնական հաղորդագրությունից։
Հոգ չէ նաեւ, որ հայկական հանգստավայրերը այնքան թանկ են, որ հայերը հանգստանում են Անթալիայում՝ ավելի էժան եւ ավելի հարմարավետ պայմաններում։ Շանհայի հայկական տաղավար այցելողները հո այդ մասին չգիտե՞ն։ Դրա համար էլ կարելի է ասել. «Առողջության երկիր»-ը կներկայացնի Հայաստանը հայկական ՍՊԱ-ի հայեցակարգի (Ararat Religion SPA) միջոցով` որպես առողջության երկրի նոր բրենդ, առողջարարական տուրիզմի լայն հնարավորություններ ունեցող երկիր»։ Սա եւս հատված է հաղորդագրությունից։ Մի խոսքով, ոչ «Հայկական աշխարհից» բան հասկացանք, ոչ վիրտուալ «Աշխարհի քաղաքից»։ Հուսանք, որ գոնե արտասահմանցիները մի բան կհասկանան։
Ի դեպ, վիրտուալ «Աշխարհի քաղաքի» գաղափարը հայկական իրականության հետ մի զուգահեռ ունի՝ վերաբերում է շինարարությանը։ Այսինքն՝ երեւակայությունը, այդուհանդերձ, «էլիտար շինարարությունից» շատ հեռուն փախչել չի կարողացել։