«Մամուլի գիշատիչները»

04/05/2010

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը երեկ հրապարակել է մամուլի թշնամիների ցանկը, որտեղ 40 քաղաքական, կառավարական գործիչներ, կրոնական առաջնորդներ արժանացել են «Մամուլի գիշատիչ» տիտղոսին: «Նրանք շատ ազդեցիկ են, վտանգավոր, դաժան եւ գործում են օրենքից դուրս: Նրանք չեն հանդուրժում մամուլի ներկայացուցիչներին, լրագրողներին վերաբերվում են որպես թշնամիների եւ ամենատարբեր ձեւերով հարձակումներ գործում նրանց վրա»,- ասված է կազմակերպության զեկույցի մեջ: Ի դեպ, ցանկում հայտնվել են 17 երկրների նախագահներ, կառավարությունների մի քանի ղեկավարներ, նրանց թվում` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, Չինաստանի առաջնորդ Հու Ձինթաոն, Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն, ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը: «Վերահսկողությունը ԿԳԲ-ի նախկին սպայի համար ամենահիմնական` բնորոշող բառն է: Վերահսկողություն, որ սահմանված է ողջ երկրի` տնտեսության, քաղաքականության, զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ: Միայն 2009թ. ընթացքում այս երկրում 5 լրագրող է սպանվել»,- ասված է զեկույցի` Ռուսաստանին վերաբերող հատվածում: Մամուլի թշնամի ճանաչված գործիչներից շատերը դեռ անցած տարվա ցուցակից են տեղափոխվել նորը, սակայն կան այնպիսիք, ովքեր առաջին անգամ են այս ցանկում հայտնվում, օրինակ` Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, որին կազմակերպությունը բնորոշում է իբրեւ Կրեմլից ղեկավարվող պաշտոնյա: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչները նրա հետ հանդիպել են 2009թ. մարտին: