Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Կովկասի Մահմեդականների վարչության նախագահ շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեին, լուր են տարածել, թե Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը ապրիլի 26-ին Բաքու կատարած այցի շրջանակներում գիշերով այցելել է նաեւ Բաքվի «Շահիդների պուրակ», որտեղ թաղված են Ղարաբաղի պատերազմում զոհված ադրբեջանցիները: Երեկ այս կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ, որով հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը: «Այդ լուրը միանգամայն մտացածին է եւ իրականությանը չի համապատասխանում»,- ասված է հայտարարության մեջ: Ի դեպ, Մայր Աթոռը հերքման պահանջով դիմել է նաեւ Կովկասի մահմեդականների վարչությանը: Կովկասի մուսուլմանների վարչության մամուլի ծառայությունն էլ իր հերթին է պաշտոնական հաղորդագրություն տարածել` նշելով, թե Կովկասի մուսուլմանների առաջնորդ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն իբր ապատեղեկատվության զոհ է դարձել: Նրան սխալ տեղեկություն է հաղորդել վարչության աշխատակիցներից մեկը: Ըստ հաղորդագրության, ապատեղեկատվություն տարածած աշխատակիցն արդեն պատժվել է: