Հայրենական մեծ պատերազմի վետերաններն իրենց` թերեւս միակ կոստյումի վրա կփակցնեն շքանշաններն ու նոսրացող շարքերով կբարձրանան «Հաղթանակ» զբոսայգի: Վստահ եմ, օլիգարխներից մեկ-երկուսը ճաշ կկազմակերպեն տարիքն առած եւ տաք կերակուրի այնքան կարոտ այդ մարդկանց համար: Այդ նպատակի համար վարձված օպերատորները խոշոր կադրով կցուցադրեն մենյուն, ու թե ինչպես են այդ խեղճ մարդիկ օգտվում սեղանից: Արցախյան պատերազմում հրաշքով ողջ մնացած ազատամարտիկների ընտանիքներին էլ, վստահ չեմ, սակայն գուցե հիշեն: Ինչ-որ ձեւով: Հատկապես շատ հուշեր կպատմվեն զոհվածների մասին: Նրանց երիտասարդ եւ այրիացած կանանց, երեխաների համար, ինչ խոսք, դա եւս մխիթարանք է, սակայն տարաբախտ այդ մարդիկ անհամեմատ շոյված կլինեին, եթե տարվա մեջ մի քանի օր հանրապետության տարբեր առողջարաններում հանգստանալու իրենց արտոնությունը պետությունը չհամարեր չհիմնավորված շռայլություն եւ չվերացներ այն:
Իշխանության սերուցքը` երկրի նախագահն` իր կուսակիցներով, կայցելի Եռաբլուր (կամ ավելի հեռու` Արցախ): Ընդդիմությունը եւս կգնա Եռաբլուր եւ, ամենայն հավանականությամբ, Գրետա մայրիկի հետ. եթե նկատել եք, նրա ներկայությունն է վերջին տարիներին լեգիտիմացնում նման արարողությունները:
Մայիսի ինին բանավոր կարձանագրվի պարզ մի ճշմարտություն` որքան կարեւոր են հաղթանակները, որքան անգնահատելի նվաճում է անկախությունը: Սակայն տոնական այդ օրվա խորհուրդը նեղանում է, փոքրանում շագրենի կաշվի պես: Այնպիսի տպավորություն է, թե մեր հաղթանակների, մեր երկրի անկախության հիմնական նպատակը զոհվածների շիրիմներին հայրենական ջերմոցներից երկուական մեխակ դնելն է: Իսկ թվում էր` անկախությունը, հաղթանակ տոնելը նախեւառաջ քո ինքնության գնահատումն է, քո երկրի հոգեւոր, մշակութային արժեքներն ազատորեն ճանաչելը, դրանք քոնը դարձնելը: Թե ինչպես ենք տնօրինում մեր հաղթանակները, առավել մանրամասն եւ գեղարվեստորեն գուցե կպատմեն մեր գեներալները: Եթե զրույցի կեսից չսկսեն ձանձրույթից հորանջել: Սակայն այն համառությունը, որով հասարակությունը մերժում է այն, ինչ մերն է` ազգայինը, լեզվից սկսած` մեր երեխաներին դրվող անուններով վերջացրած, ցույց են տալիս, թե որքանով է մեզ խանգարում մեր անկախությունը, որքան անէական են հաղթանակները: Եթե այդպես չլիներ, ազգությամբ հայ ամուսիններն իրենց երեխայի անունը Վիվիեն չէին դնի (ամենայն հավանականությամբ` Վիվիեն Լիի պատվին)` հիմնավորմամբ, որ այն անհամեմատ գեղեցիկ է հայկական ցանկացած անունից: Եթե այդպես չլիներ, Կրթության եւ գիտության նախարարը կառավարությանը չէր ներկայացնի «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ: Ըստ այդմ` կառավարությունը իրավունք կունենա արտոնագրել Հայաստանում օտար լեզուներով կրթությունը: Եվ, որ ամենահիասթափեցնողն է, հասարակության հիմնական մասն այդքան չէր խանդավառվի իր երեխային հայերենով կրթությունից ազատագրելու հեռանկարով: Ցեղասպանության 95-ամյա տարելիցի կապակցությամբ հաղորդում կար Կոմիտաս վարդապետի մասին: Նրա փառահեղ եւ, միեւնույն ժամանակ, ողբերգական կյանքի մասին գիտեն, թերեւս, բոլորը: Նա 1919-1935 թվականը (այսինքն` մինչեւ իր կյանքի վերջը) Փարիզի ամենաէժան հոգեբուժարանում էր. հայ մեծահարուստները հարմար չէին գտել ավելի արժանավայել վայրում կազմակերպել Կոմիտասի բուժումը: Ինչպես հայերիս մոտ է ընդունված` մահից հետո հանկարծ, բոլորի համար անակնկալ, պարզվում է, որ մահացածը հանճարեղ մարդ էր, եւ սկսվում է կռիվը` նրա անկենդան մարմնի համար: Մեծ դժվարություններով, սակայն Կոմիտասի մարմինը տեղափոխվեց Խորհրդային Հայաստան: Այն ամփոփված է իր անունը կրող պանթեոնում: Հանրագիտարանային այս ճշմարտությունները գրելու անհրաժեշտություն գուցե չլիներ, եթե մեզնից յուրաքանչյուրը ինքն իրենից հետաքրքրվեր, թե վերջին անգամ երբ է այցելել Կոմիտասի շիրմին, կամ, առհասարակ, գիտի՞, որ այն Երեւանում է, գուցե իր տան հարեւանությամբ: Ես ձեզ հավատացնում եմ` շատերը չգիտեն, որ Կոմիտասի աճյունը Հայաստանում է:
Եթե Կոմիտասի մարմինը մնար Փարիզում, բոլո՛ր հայերը կիմանային այդ մասին, եւ յուրաքանչյուրն իր պարտքը կհամարեր Փարիզում լինելիս` այցելել Կոմիտաս վարդապետի շիրմին: Դա նաեւ կստիպեր ավելի շատ տեղեկություն իմանալ Կոմիտասի մասին, հետեւաբար` գնահատել նրան ու զուգահեռաբար` իրենց: Իսկ այն, ինչ Հայաստանում է, արդեն արժեզրկվում է մեխանիկորեն: Անգամ` Կոմիտասի շիրիմը: (Ի դեպ, նույնը կարելի է ասել նաեւ Անդրանիկի մասին): Փոխարենը, արտաբերելու համար այնքան հաճելի է թվարկել. «Փարիզում տեսանք Շոպենի գերեզմանը, իսկ Վարշավայում եղանք այն եկեղեցում, ուր ամփոփված է Շոպենի սիրտը»: Կամ` «Վիեննայում Բեթհովենի, Շուբերտի գերեզմաններին եղանք. անզուգական կոմպոզիտորներ են»: Զալցբուրգի մասին խոսելն ավելորդ է` երաժշտությունից տարտամ պատկերացում ունեցող մեկն անգամ, հայտնվելով այդ քաղաքում, ուզած-չուզած, իմանում է, որ դա Մոցարտի հայրենի քաղաքն է, եւ գոնե ամոթից այցելում է կոմպոզիտորի` թանգարանի վերածված տունը:
Գուցե թվա` ի՞նչ կապ ունի Հաղթանակի օրը Կոմիտասի կամ Վիվիեն անունով գեղեցկադեմ հայ աղջնակի հետ: Ի՞նչ կապ ունի «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունը Շուշիի ազատագրման հետ: Կարծում եմ` ուղղակի: Եթե մարդիկ զոհվել են` հանուն հաղթանակի, ապա այդ հաղթանակն ինքնանպատակ չէր: Այն պիտի որ սկիզբը կամ շարունակությունը լինի մի բանի, որ կոչվում է ազգային: Որը քոնն է եւ որից ուրիշ ոչ մի այլ ազգ չունի:
Չգիտես ինչու` մեր հավաքական ինքնագնահատականն անասելի ցածր է: Իսկ ինչպիսին է յուրաքանչյուրիս ինքնագնահատակա՞նը. յուրաքանչյուրի կարծիքով` ինքը հաճելիորեն առանձնանում ու տարբերվում է մյուս հայերից: Որպիսի թյուրիմացություն…