– Պրն Շահինյան, ձեր ներկայացրած նախընտրական ծրագիրը ներառում է
Արաբկիր համայնքին հուզող բոլոր խնդիրների լուծման ուղիները: Որքանո՞վ է
իրատեսական այդ ծրագիրը:
– Ես տիրապետում եմ Արաբկիր համայնքի բոլոր հիմնախնդիրներին եւ գիտեմ
խնդիրների լուծման առաջնահերթությունները: Վստահ եմ, որ նպատակաուղղված
աշխատանքի դեպքում այդ բոլոր խնդիրների լուծումն իրագործելի է: Մենք այսօր
ուսումնասիրում ենք համայնքի տնտեսական հնարավորությունները, պատրաստում
ենք տնտեսական զարգացման ծրագիր եւ նախատեսում ենք բյուջետային
եկամուտները համալրելու նոր աղբյուրներ: Ես իմ ընտրողներին չհիմնավորված
խոստումներ չեմ տալու:
– Իսկ որո՞նք են լինելու ձեր գործունեության հիմնական ուղղությունները:
– Ուղղությունները բազմաթիվ են: Անհրաժեշտ է նախ բարելավել համայնքի
անդամների կոմունալ-կենցաղային պայմանները: Այդ նպատակով պետք է միջոցներ
ձեռնարկել համայնքի անապահով խավերի սոցիալական պայմանների բարելավման
համար, առնվազն ապահովել կոմունալ, բնակարանային, առողջապահության,
կրթության, հոգեւոր-մշակութային եւ այլ բնագավառներում բնակչության
երաշխավորվածության նվազագույն մակարդակը, ինչպես դա եղել է նախկինում,
պաշտպանել համայնքի անդամների իրավունքներն ու օրինական շահերը:
Ուշադրության կենտրոնում է լինելու նաեւ համայնքի հասարակական, կրթական,
մշակութային ու մարզական կյանքը: Դրա համար պետք է ապահովել այդ ոլորտների
կազմակերպությունների բնականոն գործունեությունը՝ պահպանելով դրանց համար
անհրաժեշտ շինությունները: Համայնքի առաջ ծառացած կարեւորագույն
խնդիրներից մեկը բազմաբնակարան շենքերի անմխիթար վիճակն է, որոնք
հիմնանորոգման կարիք ունեն: Մենք նախատեսում ենք նաեւ հաշվառել եւ
վերահսկել բնակելի տարածքները: Շատ կարեւոր է նաեւ համայնքի տարածքում
գտնվող ինչպես` քաղաքային, այնպես էլ` համայնքային նշանակության փողոցների
բարեկարգման ու լուսավորության հարցը: Անհրաժեշտ է իրականացնել
ներդրումային ծրագրեր համայնքային ենթակառույցների ոլորտում (բարեկարգում,
ներհամայնքային տրանսպորտ, սանիտարական մաքրում եւ այլն):
– Ձեր կարծիքով, համայնքի ֆինանսական ռեսուրսները բավարա՞ր են այդ ծրագիրն իրագործելու համար:
– Ռեսուրսները բավարար կլինեն, եթե դրանք օգտագործվեն արդյունավետ եւ
խնայողաբար: Նախ՝ անհրաժեշտ է բոլոր ֆինանսական հոսքերը բերել իրավական
դաշտ, այսինքն, ինչպես ասում են, հանել ստվերից, որպեսզի մենք իմանանք, թե
փաստացի ինչ ռեսուրսներ կան, եւ ինչի կարիք ունենք: Այնուհետեւ՝ պետք է
նվազագույնի հասցնել անտեղի, չհիմնավորված ծախսերն ու շռայլությունները: