Ռուսաստանը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը, համանախագահների կազմում Թուրքիայի ընդգրկման վերաբերյալ պաշտոնական առաջարկ Ադրբեջանից չի ստացել: Այս մասին երեկ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: «Ամեն դեպքում, այդ հարցը գործնական հարթություն տեղափոխելու համար անհրաժեշտ է, առնվազն, ԼՂՀ հակամարտության բոլոր կողմերի համաձայնությունը: Հաշվի առնելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունների վավերացման գործընթացն առկախված է, հազիվ թե կարելի է իրապես ակնկալել նման համաձայնություն»,- ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` ասել է Նեստերենկոն: Խոսելով ԼՂՀ կարգավորման գործընթացում Իրանի` որպես միջնորդ, ներգրավման հնարավորության մասին, նա հիշեցրել է, որ «Իրանի առաջարկը հիմնականում վերաբերում էր ԼՂ-ի հարցով Ադրբեջանի, Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման անցկացմանը»: «Նման հանդիպման դեմ մենք որեւէ բան չունենք: Եթե նման հանդիպում կայանա, ապա, ակնհայտորեն, պետք է սպասել դրա արդյունքներին եւ նոր խոսել ԼՂՀ հակամարտության կարգավորման գործում իրանական միջնորդության հնարավորության մասին»,- ասել է Նեստերենկոն: