Տակտիկական ճշգրտումներ` հանրաքվեից առաջ

20/09/2005 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Մոտ երկու ամիս հետո պետք է կայանա սահմանադրական փոփոխությունների
հարցով հանրաքվեն: Մինչդեռ մեր ընդդիմադիրները, որոնք հայտարարում են, թե
մտադիր են հանրաքվեն վերածել Ռոբերտ Քոչարյանի վստահության հանրաքվեի,
հերթական անգամ առաջնորդվում են Կռիլովի հայտնի առակի մոտիվներով:

Նախ, հերթական անգամ պառակտվեցին, հիմա էլ չեն կարողանում ընդհանուր
հայտարարի գալ՝ հանրաքվեի գնալ եւ «ոչ» ասե՞լ, թե՞ բոյկոտել հանրաքվեն:
Այս առումով հայաստանյան ընդդիմադիրներին պայմանականորեն կարելի է բաժանել
երեք խմբի: Մի մասն առաջարկում է գնալ եւ «ոչ» ասել նախագծին, մյուս մասը
կոչ է անում բոյկոտել հանրաքվեն, իսկ երրորդներն էլ դեռ չեն կողմնորոշվել,
թե վերոնշյալ երկու տարբերակներից որն է ավելի արդյունավետ: Առաջին խմբին
է պատկանում Արամ Կարապետյանի ղեկավարած «Նոր ժամանակներ» (ՆԺ)
կուսակցությունը, որն օրերս տարածած հայտարարությամբ կոչ էր անում գնալ եւ
«ոչ» ասել սահմանադրական փոփոխությունների նախագծին: Իսկ ի՞նչ է հետեւելու
այդ «ոչ»-ին: Մեր այս հարցին ՆԺ ղեկավարն այսպես պատասխանեց. «Այն
զանգվածը, որը նախագծին կասի «ոչ», մեր գլխավորությամբ խաղաղ, հանգիստ
պահանջելու է կոալիցիայի եւ նախագահի հրաժարականը»: «Հայաստանի Ազատական
առաջադիմական կուսակցությունն» էլ (ՀԱԱԿ) մոտ երկու շաբաթ առաջ արված
նույնանման հայտարարությամբ կոչ էր անում բոյկոտել առաջիկա հանրաքվեն: Իսկ
նման տեսակետի կողմնակիցները, ովքեր նաեւ այն կարծիք են հայտնում, թե
իշխանությունները մտադիր են կեղծել առաջիկա հանրաքվեի արդյունքները,
մտավախություն չունե՞ն, որ հանրաքվեն բոյկոտելով իրենք կհեշտացնեն
իշխանությունների գործը (եթե, իհարկե, վերջիններս պատրաստվում են կեղծել
հանրաքվեի արդյունքները): ՀԱԱԿ ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանն էլ է այն
կարծիքին, որ իշխանությունները պատրաստվում են կեղծել հանրաքվեի
արդյունքները: «2003-ի նախագահական ընտրությունների համար ընտրողների՝
իշխանությունների ցույց տված ուռճացված թվերը հիմա իրենց դեմ են
աշխատում»,- ասում է նա: Նրա կարծիքով՝ բոյկոտի դեպքում մարդիկ չեն գնա
ընտրատեղամասեր եւ բացարձակ քվորում չի լինի, եւ դրանով հանրաքվեի
արդյունքները կեղծելու իշխանությունների հնարավորությունները կպակասեն:
ՀԱԱԿ ղեկավարի խոսքերով՝ «ոչ»-ի ու բոյկոտի միջեւ էական տարբերություն
չկա, պարզապես բոյկոտն ավելի ակտիվ «ոչ»-ն է այդ նախագծին: «Խնդիրն այն է,
որ առաջիկա հանրաքվեն տապալվի,- ասում է Հ. Հովհաննիսյանն ու ավելացնում,-
ակնհայտ է, որ հանրաքվեն տապալվելու է: Ակնհայտ է, որ 800 հազար մարդ
«կողմ» չի քվեարկելու, ակնհայտ է, որ 1,2 մլն մարդ հանրաքվեի չի գնա:
Ուղղակի Հայաստանում ֆիզիկապես այդքան մարդ չկա»: Սահմանադրական
փոփոխությունների սպասվող հանրաքվեին իրենց մասնակցության ձեւը դեռ չեն
որոշել «Հանրապետություն» եւ «Ազգային Միաբանություն» (ԱՄ)
կուսակցություննեը: «Հանրապետություն» կուսակցությունում սահմանադրական
փոփոխությունների գործընթացին «ոչ» ասելը սկզբունքային են համարում: «Դա
կարող է արտահայտվել երկու ձեւով. գնալ եւ ակտիվ «ոչ» ասել կամ բոյկոտել
հանրաքվեն: Այս երկու ձեւերի տարբերությունները մենք համարում ենք
տակտիկական խնդիր,- ասում է կուսակցության ներկայացուցիչ Սուրեն
Սուրենյանցը եւ հավելում,- մեր կուսակցությունը դեռ չի որոշել, թե այս
երկու ձեւերից որն է ավելի արդյունավետ»: ԱՄ-ում էլ են դեռ մտորում, թե
ո՞ր դեպքում իշխանություններին ավելի դժվար կլինի կեղծել հանրաքվեն: Իսկ
ահա Ս. Սուրենյանցի խոսքերով՝ շատ կարեւոր է, որ իրենք կարողանան
մոբիլիզացնել հասարակությանը եւ սահմանադրական փոփոխությունների կեղծ
գործընթացին որպես այլընտրանք` հասարակությանը ներկայացնեն արագ
փոփոխությունների դեմոկրատական հեղափոխության ծրագիրը եւ զուգահեռ փորձեն
դա իրականացնել: «Երկու տարբերակներից որեւէ մեկն ընտրելու հարցում մեծ
դեր է խաղալու այն, թե որ դեպքում մենք կարող ենք ավելի շատ մոբիլիզացնել
մեր հասարակությասնը՝ դեմոկրատական հեղափոխություն իրականացնելու համար»,-
նշում է Ս. Սուրենյանցը: Լավ, իսկ այդ «ոչ»-ը կամ բոյկոտն ինչպե՞ս են
պատկերացնում մեր ընդդիմադիրները: Ի՞նչ է հետեւելու դրան: «Եթե ասում ենք`
«ոչ», կամ բոյկոտում ենք այդ հանրաքվեն, մենք հասարակությանն ասում ենք`
չեք գնում ընտրատեղամասեր, հավաքվում եք «Ազատության» հրապարակում՝ մեր
բոյկոտը հստակեցնելու եւ մեր իրավունքները պահանջելու: Բոյկոտին կոնկրետ
գործողություններ են հետեւելու, որովհետեւ, եթե հասարակությունը չպահանջի
քվեարկության իրական պատկերը, չասի, որ «ոչ» ասելով` ինքը «ոչ» է ասում
գործող իշխանություններին, ապա այս իշխանությունները չեն հեռանա»,-
պարզաբանում է Հ. Հովհաննիսյանը: Ս. Սուրենյանցն էլ շեշտում է, որ իրենք
սահմանադրական փոփոխությունների գործընթացին զուգահեռ այլ պրոցես են
տանելու, որի նպատակը երկրում դեմոկրատական հեղափոխություն իրականացնելն
է: «Մեզ համար գերնպատակը լինելու է այդ պրոցեսը: Իշխանության կողմից
քաջալերվող սահմանադրական փոփոխությունների կեղծ գործընթացը մենք
ծառայեցնելու ենք որպես լեգալ առիթ՝ մեր ասած ծրագրի իրականացման համար:
Ե՛վ ակտիվ «ոչ»-ը, եւ՛ բոյկոտն արդյունք չեն տա, եթե դրանք չուղեկցվեն
կոնկրետ գործողություններով»,- նշում է «Հանրապետություն» կուսակցության
ներկայացուցիչը: Իսկ այն, որ սահմանադրական փոփոխությունների սպասվող
հանրաքվեի հարցում ընդդիմության տարբեր թեւեր տարբեր դիրքորոշումներ են
որդեգրել (թեկուզ նույն նպատակի համար), չի՞ հեշտացնի հանրաքվեի հաջող
ելքով շահագրգռվածների գործը: ՀԱԱԿ ղեկավար Հ. Հովհաննիսյանի հավաստմամբ՝
ժամանակի ընթացքում բոլոր ընդդիմադիր ուժերն այս հարցում մի ընդհանուր
բանաձեւի շուրջ կհամախմբվեն եւ որքան մոտենա հանրաքվեի ժամկետն, այնքան
այդ հարցում ավելի կմոտենան ընդդիմադիր քաղաքական ուժերի տեսակետները: Մի
խոսքով, բոյկոտե՞լ, թե՞ չբոյկոտել սահմանադրական փոփոխությունների
հանրաքվեն. սա է հարցը: Մի բան կարելի է փաստել. ամեն դեպքում,
ընդդիմությունը խոստանում է կոնկրետ գործողություններ իրականացնել: