Առանց հրաշքների

01/05/2010

ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացում ԵՄ-ից հրաշքների սպասել պետք չէ: Այս մասին երեկ հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: ԵԽ չեխ պատգամավոր Ժարոմիր Կոհլիչեքին նշել է, թե` շահարկելով ԼՂՀ հիմնախնդիրը, Թուրքիան փորձում է լռեցնել 1915թ. տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների մասին բարձրաձայնողներին: «Մենք` որպես Եվրամիություն, ի՞նչ կարող ենք անել այդ հարցում: Կարո՞ղ ենք հավաքական ջանքերով ավելի ակտիվ դերակատարություն ունենալ ինչպես Հայաստանի եւ Թուրքիայի, այնպես էլ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդիրների կարգավորման հարցում»` հարցրել է Կոհլիչեքին, ինչին ի պատասխան, Ֆյուլեն ասել է. «ԼՂ հարցում անում ենք հնարավորինը… Մեր կողմից հրաշքների մի սպասեք: Սպասեք զարգացումների: Ժամանակի ընթացքում մեր դերը շատ ավելի ակտիվ եւ շոշափելի կդառնա»: Իսկ ԵԽ անդամ, սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Եվգենի Կռիլովն էլ հայտարարել է, թե ԼՂՀ հիմնախնդրի առնչությամբ ԵՄ դիրքորոշումն այնքան էլ հստակ չէ: «ԼՂՀ հարցում ԵՄ դիրքորոշումն այնքան էլ հստակ չէ: Քեթրին Էշթոնը (ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար) պետք է ավելի շատ հետաքրքրվի այդ հարցով: Միայն հայ-թուրքական հարաբերությունների մասին հայտարարություններով հանդես գալը բավական չէ: Մենք ավելի շատ հետաքրքրություն պետք է ցուցաբերենք ԼՂ հարցի առնչությամբ»,- ասել է Կռիլովը: