«Գերտերությունները Հայաստանին ճնշում են Ադրբեջանի միջոցով»,- ասում է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը

01/05/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Պարոն Զոհրաբյան, փաստորեն հայ-թուրքական այս գործընթացի եւ արձանագրությունների կասեցման արդյունքում այդ հարցով հետաքրքրված գերտերությունները հասկացան, որ առանց ԼՂՀ հակամարտության կարգավորման` Թուրքիայի հետ մեր երկրի հարաբերությունները չեն բարելավվի: Չե՞ք կարծում, որ դա վտանգներ է պարունակում ԼՂՀ հակամարտության լուծման հետ կապված, եւ Հայաստանի վրա գործադրվելիք ճնշումներն ուժեղանալու են:

– Ձեր այդ հարցադրման հետ մասամբ եմ համաձայն: Այս պահին ճնշումներ չենք զգում, մենք մեզ հանգիստ ենք պահում: Պահպանված է այդ նույն ստատուս-քվոն, բայց մենք բանակցում ենք, որպեսզի հարցը տեղից շարժենք: Թուրքիան, նաեւ Ադրբեջանը Թուրքիայի միջոցով եւ հայ-թուրքական գործընթացով՝ նախապայմաններ դրեցին: Եվ մինչեւ այսօր հնչում են ռազմատենչ հայտարարությունները, վախեցնում են, թե` դուք փոքր երկիր եք, որ ձեզ կռմբակոծենք: Սա հենց այնպես սպառնալիք չէ: Ալիեւը երեխա չէ, որ ամեն օր սպառնա: Պատերազմն արդեն հայտարարված է, բայց մեծածավալ գործողություններ չեն կատարվում: Սահմանամերձ գոտում կրակում են, մարդիկ են սպանվում, բայց դեռ առաջ չեն շարժվում: Ցույց են տալիս, թե զինադադարը հարաբերականորեն ընդհատված է: Սա ճնշում է: Անպայման չէ ճնշման մասին ասեր մի այլ հզոր գերտերություն, ինչը խայտառակ ամոթ կլիներ: Դա ասում են Ադրբեջանի բերանով, թե՝ իմացեք, ձեզ վրա կռմբակոծեն: Մենք էլ դրան հակադրում ենք, թե մենք ռմբակոծություն չենք ուզում, բայց Հայաստանն ունի դրան պատասխանելու հնարավորությունները:

– Արձանագրությունների կասեցումը չի՞ նշանակում, թե ֆուտբոլային դիվանագիտությունը կամ նախաձեռնողական քաղաքականությունը չարդարացրեց իրեն:

– Պիտի չմոռանանք, որ արձանագրությունները ստորագրելուց ունեցել ենք այդ գործընթացը երաշխավորող երկրներ, աշխարհի հզորները` ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Ռուսաստանը: Իրենք իրենց պետք է հարց տան, թե երբ ներքին կարգով պայմանավորվել են, որ որեւէ նախապայման չպիտի լինի, ինչո՞ւ Թուրքիան դա չպահպանեց: Ո՞վ դուրս եկավ անբարոյական, բնականաբար` Թուրքիան: Առավելեւս մենք հետագա բանակցությունների համար տեղ թողեցինք: Քաղաքականության մեջ բարոյականությունը չափվում է պայմանավորվածություններով: Թուրքիան այս բանակցություններում միջնորդ գերտերությունների հետ իրեն անբարոյական պահեց: Եվ դրա համար ճնշումը լինելու է ավելի շատ այդ երկրի վրա:

– Փաստորեն, հակառակ ՀՀԿ-ի հայտարարություններին, այդ գործընթացը ամենեւին էլ Ս.Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականությունը չէ: Դա դրսից պարտադրված բանակցությո՞ւն էր:

– Ես չեմ ուզում օգտագործել «պարտադրել» բառը: ՀՀ-ն ՌԴ-ի հետ ՀԱՊԿ անդամ է, ռազմական աջակցության պայմանագիր ունի: Եվ ճիշտ չէր լինի առանց այդ երկրի հետ խորհրդակցելու՝ հարաբերությունների հաստատման գնալ Թուրքիայի հետ: Այն դեպքում, երբ Թուրքիան պատերազմների մեջ է եղել նաեւ ՌԴ-ի հետ: Եթե պատերազմ լինի, ՌԴ-ն պարտավոր է աջակցել մեզ, ինչպե՞ս կարող ենք չխորհրդակցել: Բացի այդ, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Գիտենք, որ ՀԱՊԿ-ՆԱՏՕ ռազմական միավորումները դեռեւս լավ չեն համագործակցում, իրենց շահերն են հետապնդում տարածաշրջանում: Այնպես որ, այստեղ զարմանալի բան չկա, որ Ս.Սարգսյանը կարող է խորհրդակցել Մոսկվայի հետ: ՌԴ-ն ՀՀ-ում ունի նաեւ տնտեսական, ռազմավարական շահեր: ԵՄ-ն ուզում է սահմանը բաց տեսնել, որովհետեւ Թուրքիայի անդամակցության խնդիրն է քննարկվում: Այդ ճանապարհը ռազմավարական առումով անհրաժեշտ է նաեւ ԱՄՆ-ին:

– Իսկ այդ երեք գերտերությունների շահերն այս տարածաշրջանում ավելի շատ ո՞ր երկրի հետ են համընկնում: Ադրբեջանը նավթ ու գազ ունի: Թուրքիան հզոր տնտեսություն ու ճանապարհներ ունի: Հայաստանը այդ առումով ոչինչ չունի:

– Հայաստանի հենց այդ ոչինչ չունենալն է, որ մեզ դրդում է տարածաշրջանային համագործակցության, որպեսզի բան ունենանք: Թե չէ, իսկապես, նավթ ու գազ, հզոր տնտեսություն ունեցողներ կան:

– Իսկ ճիշտ չէ՞ր լինի՝ մինչեւ այդ երկրների հետ հարաբերություններ կհաստատվեն, ՀՀ իշխանությունները Հայաստանի տնտեսությունը զարգացնեն ներքին խնդիրները լուծելու ճանապարհով: Ինչպես ՀՀ վարչապետն է հայտարարում, հաստատեն սոցիալական արդարություն, պայքարեն օլիգոպոլիաների դեմ եւ, վերջապես, խոշոր ընկերություններին բերեն հարկային դաշտ:

– Ամեն դեպքում մենք պետք է վեր-վեր չթռնենք մեր տնտեսությունով, որովհետեւ ընդամենը 19 տարվա պետություն ենք, քանդուքարափ եղած Խորհրդային Միությունից բան չմնաց: Մի մասը հները տարան, մի մասը նորերը տարան: Մի մասը՝ որպես մետաղալոմեր վաճառեցին: Տնտեսությունը սկսել է քայլ առ քայլ զարգանալ, որքան էլ չուզենամ հիշել Ռոբերտ Քոչարյանին, նրա իշխանության օրոք, որովհետեւ այդ ժամանակ նաեւ վարչապետ էր մեր կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանը: Եվ դա պետք է իր զարգացումն ունենա ամեն տարի, ամեն իշխանության օրոք: Կարեւորը դա անելու ցանկությունն է: Թե որքան է ստացվում, չգիտեմ: Տնտեսության զարգացման համար պետք են բազմակողմանի գործընթացներ:

Եթե խնդիրները լուծվեն, եւ՛ թուրքերի, եւ՛ ադրբեջանցիների ու ողջ աշխարհի հետ պետք է համագործակցենք: Պետք է բազմակողմանի գործունեություն ծավալել եւ հարեւան պետությունների, եւ հայկական սփյուռքի հետ: Եթե մի տարածք տան սփյուռքի այդ 7 միլիոնին, մի գերհզոր պետություն կլինի, որովհետեւ մի քանի հարյուր միլիարդ կապիտալ ունի: Հայերի վերջին խելք որ ասում են, դա պետք է սկզբից դնենք, ոչ թե վերջում մտածենք, թե ինչ անենք: Հայ-թուրքական գործընթացում կարծես թե այդ վերջին խելքը առաջ դրեցինք եւ կուլ չգնացինք թուրքերի խորամանկություններին: Եվ եթե առանց Սահմանադրական դատարանի որոշման գնայինք հարաբերությունների կարգավորմանը, գուցե մեզ համար հավերժ փակվեր Արեւմտյան Հայաստանի հարցը, եւ Ղարսի պայմանագիրը համարվեր ճանաչված: Ղարսի պայմանագիրը վավերացված չէ Հայաստանի կողմից, եւ այդ բացը շարունակելու է մնալ:

– ԼՂՀ-ից բացի, Թուրքիան հետաքրքրություններ է դրսեւորում նաեւ Նախիջեւանի նկատմամբ: Վերջերս հայտարարություններ հնչեցին, թե Թուրքիան Նախիջեւանի երաշխավորն է, իսկ Նախիջեւանի անվտանգության սպառնալիքները գալիս են Հայաստանից:

– ՍԴ որոշումը ի չիք դարձրեց Ղարսի պայմանագրի հաստատումը ՀՀ-ի կողմից: Եվ թուրքերը մտածեցին, որ եթե ՀՀ-ն չի ուզում հաստատել, ուրեմն սպառնալիք կա, որովհետեւ Նախիջեւանին 1921թ. Ղարսի պայմանագրի տված իրավունքը օրինական չէ: Բայց այս դեպքում չեն մտածում, թե ՀՀ-ն կամ Հայաստանի երաշխավոր հզոր պետությունը կարող է հարց բարձրացնել, թե ես էլ եմ Նախիջեւանի երաշխավորը: Չէ՞ որ ՌԴ-ն էլ Ղարսի պայմանագրով Նախիջեւանի երաշխավորն է: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Թուրքիա կատարելիք այցի ընթացքում, բազմաթիվ հարցերի հետ միասին, խոսակցություն է լինելու նաեւ Նախիջեւանի կարգավիճակի մասին: Կարծես թե այստեղ կիսելու բան կա: Զարմանալի է, երբ Թուրքիան ասում է, թե ռազմական համագործակցություն պետք է ծավալի Նախիջեւանի եւ Ադրբեջանի հետ: Այսինքն` դրանց առանձին-առանձին են ներկայացնում: Դրանով իրենք վառում են իրենց քարտը, որ իրավական առումով Նախիջեւանն Ադրբեջանի կազմում չէ: Եվ Ղարսի պայմանագիրը օրինական չէ ու կարող է հետ աշխատել` Հայաստանի վավերացման կնիքը չլինելու պատճառով: