Եթե Կրթության եւ Գիտության նախկին նախարար Սերգո Երիցյանը կրթական ոլորտում անմահացավ որպես դպրոցների օպտիմալացման ծրագրի հեղինակ, ապա ներկայիս նախարար Արմեն Աշոտյանը մի քայլ առաջ անցավ: Պատմությունը վերջինիս կհիշի որպես հայկական դպրոցներ փակող նախարար:
Արդեն հայտնի է, որ ՀՀ ԿԳ նախարարության որոշմամբ, կասեցվել է «Հույսի փարոս», «Բացվող այգ», «Բարիկա-Ա» եւ «Կյանքի խոսք» մասնավոր դպրոցների գործունեությունը: Ընդամենը մեկ օրվա մեջ այս դպրոցների տնօրենները դպրոցի գործունեությունը դադարեցնելու հրահանգ ստացան: Նրանց տեղեկացվեց, որ հանկարծ որոշվել է, որ 10 տարուց ավելի գործող դպրոցները չեն համապատասխանում ինչ-ինչ պահանջների: Իսկ այդ պահանջներից ոմանք այնքան տարօրինակ են, որ ինքնին հասկանալի է դառնում` խնդիրն այլ ենթատեքստ ունի: Մասնավորապես, ՀՀ ԿԳ նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի անդամները, յուրաքանչյուր դպրոցում ընդամենը մի քանի րոպե շրջելուց հետո, դպրոցի տնօրեններին անակնկալի են բերել: Նրանք հայտարարել են, որ ուսումնական հաստատությունները չեն կարող գործել, քանի որ չունեն գերժամանակակից համակարգչային տեխնիկա, սպորտային ժամանակակից սարքավորումներով հագեցած մարզադահլիճ, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության լաբորատորիաներ, դասարան-խաղասենյակ, իսկ որ ամենատարօրինակն է` հանգստի սենյակ: Հետաքրքիր է` մայրաքաղաքում կամ մարզերում գործող պետական հանրակրթական դպրոցներից քանի՞սն է համապատասխանում այս պահանջներին: Կամ, գուցե նախարարության լիցենզավորման հանձնաժողովը տեղյակ չէ, որ շատ դպրոցներում անգամ մի գնդակ չկա` ֆիզիկական կուլտուրայի դասընթացները անցկացնելու համար, ուր մնաց` գերժամանակակից սարքավորումներով հագեցած մարզասրահ: Ավելորդ է խոսել արդեն նախարարության կողմից ներկայացվող մյուս պահանջների մասին, քանի որ բոլորն էլ տեղյակ են, որ պետական համարվող շատ դպրոցներ անգամ նորմալ տանիք չունեն, ու երեխաները կիսախարխուլ շենքերում են դասեր անում:
Երեկ, նախարարի հրամանով փակված մասնավոր դպրոցներից մեկի` Արաբկիրում գտնվող «Բարիկա-Ա» դպրոցի մի քանի աշակերտների ծնողներ մեզ հետ զրույցում իրենց վրդովմունքն արտահայտեցին նախարարության որոշման դեմ: Ուսումնական տարվա ավարտին մնացել է մեկ ամսից էլ պակաս ժամանակ: Աշակերտների ծնողները, մեղմ ասած` խուճապի մեջ են: Նրանք պետք է շտապեն մի քանի օրվա մեջ իրենց երեխաների փաստաթղթերը այլ ուսումնական հաստատություն տեղափոխել, որպեսզի երեխաները հասցնեն տարեվերջյան գնահատականներ ստանալ: Սակայն, ծնողների հավաստմամբ, այլ դպրոցներին դիմելիս` խնդիրներ են առաջանում հիմնականում կապված ավարտական դասարանի աշակերտների հետ: Տնօրեններից ոմանք ըմբոստանում են, թե ինչպե՞ս կարող են ավարտական վկայական տրամադրել իրենց դպրոցում ընդամենը 20-25 օր սովորած աշակերտին: Ծնողներից մեկն էլ ասաց, որ, երբ բավականին բարձր առաջադիմություն ունեցող իր երեխայի փաստաթղթերը տարել է համայնքում գործող մեկ այլ ուսումնական հաստատություն, տնօրենը տարակուսանքով է վերաբերվել այդ գնահատականներին ու ասել. «Հիմա ով, ինչ գնահատական ուզենա, կբերի, մեզ համար դա հիմք չէ: Կարող է նախկին դպրոցում գերազանցիկ է եղել, մեր չափանիշներով` 3 բալի էլ չի համապատասխանում»: Տարբեր չափանիշների ձեռքը կրակն ընկած ծնողները համարում են, որ ոտնահարվել են թե իրենց եւ թե երեխաների իրավունքները: «Ինչ է` մենք իրավունք չունե՞նք ընտրել, թե որտեղ պետք է սովորի մեր երեխան»,- դժգոհում էին նրանք: Կոնկրետ «Բարիկա-Ա» դպրոցի հետ կապված խնդիրն այն է, որ 1994 թվականից գործող այս ուսումնական հաստատությունը բարեգործական է: Այստեղ սովորում են հիմնականում սոցիալապես խիստ կարիքավոր ընտանիքների երեխաները: Նրանք չեն ցանկանում իրենց երեխաներին տեղափոխել պետական հաստատություն, քանի որ, իրենց իսկ խոսքերով, չեն կարող բավարարել ուսուցիչների ախորժակը: «Իմ երկու երեխաներն էլ այս դպրոցում են սովորում, եւ ես շատ գոհ եմ: Թե՛ կրթության որակը, թե՛ մակարդակը, թե՛ ուսուցիչների վերաբերմունքը բոլորովին այլ է: Ի տարբերություն մեր համայնքի այլ դպրոցների, այստեղ դասղեկների ու տնօրենի համար փող չեն հավաքում, իսկ երեխան էլ ամեն անգամ վատ հոգեվիճակի մեջ չի ընկնում, երբ տեսնում է, որ իր կողքի երեխան հնարավորություն ունի դասղեկի ծննդյան օրը թանկարժեք օծանելիք նվիրել, կամ գումար հավաքել, իսկ ինքը` ոչ»,- ասում է ծնողներից մեկը` խուսափելով ներկայանալուց, որպեսզի հետագայում ուրիշ դպրոցում իր երեխաները խնդիրներ չունենան:
Երեկ շրջեցինք Արաբկիր վարչական շրջանի Րաֆֆու անվան միջնակարգ դպրոցի հարեւանությամբ գտնվող «Բարիկա-Ա» մասնավոր դպրոցում` պարզելու, իսկապե՞ս դպրոցում այնքան ծայրահեղ վիճակ է, որ անհրաժեշտ էր անհապաղ, ուսումնական տարվա վերջին փակել այն: Դպրոցի միակ թերությունը թերեւս այն էր, որ, իսկապես, այն չուներ գերժամանակակից համակարգչային սրահ ու ժամանակակից սարքավորումներով հագեցած սպորտային դահլիճ: Ինչ վերաբերում է ԿԳ նախարարության կողմից ներկայացված մյուս պահանջներին, որոնք իբրեւ դպրոցում պահպանված չեն, ապա այդ առնչությամբ Ա. Բարիկյանը գրավոր դիմել է ԿԳ նախարարի տեղակալ Արա Ավետիսյանին: Նամակում, մասնավորապես, տիկին Բարիկյանը նշել է, որ դպրոցի ուսումնական տարածքը 531քմ է, ինչը լիովին համապատասխանում է հանրակրթական դպրոցների տարածքների հաշվառման նվազագույն նորմերին, դպրոցի լաբորատոր բազան բավարարում է ուսումնական բոլոր պահանջները: Առկա են անատոմիայի, ֆիզիկայի եւ քիմիայի ուսուցման համար պահանջվող մուլյաժները, սարքերը, քիմիական նյութերի ցուցակներն ու նաեւ ֆոտոնկարները: Գրադարանն ապահովված է ուսումնամեթոդական ձեռնարկներով:
Շրջելով դպրոցում, մենք եւս ականատես եղանք վերը նշվածին, բացի այդ, բոլոր դասասենյակները` երգեցողության, կերպարվեստի, քիմիայի եւ այլն, հագեցած էին ուսումնական պրոցեսի ապահովման համար անհրաժեշտ գրականությամբ եւ դիդակտիկ նյութերով:
Իրականում պարզվում է՝ այս դպրոցը հայտնվել է ԿԳ նախարարի ուշադրության կենտրոնում բոլորովին այլ պատճառով: Բանն այն է, որ «Բարիկա-Ա» բարեգործական մասնավոր դպրոցը տեղակայված է բավական «գայթակղիչ» շենքում, որը գտնվում է քաղաքի նույնքան լավ վայրում` անմիջապես փողոցի վրա` Րաֆֆու անվան դպրոցի հարեւանությամբ: Ըստ մեր տեղեկությունների, այս շենքի նկատմամբ հետաքրքրություններ ունի Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, որն էլ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի միջոցով փորձում է այս հարցը լուծել: Թեեւ դեռեւս հայտնի չէ, թե դպրոցի շենքն ի՞նչ է դառնալու` հյուրանո՞ց, ռեստորա՞ն, թե՞ սուպերմարկետ, բայց, մեր աղբյուրների փոխանցմամբ, «Բարիկա-Ա»-ին լիցենզիայից զրկելու հաջորդ առավոտյան դպրոցի տնօրենին հրահանգել է լքել տարածքը: Դա մեզ հետ զրույցում հաստատեց տիկին Բարիկյանը:
Ուշագրավն այն է, որ ԿԳ նախարարության կողմից դպրոցին ուղարկված լիցենզիայի դադարեցման մասին փաստաթղթում նշված է, որ դպրոցի գործունեության կասեցումը կվերանայվի, եթե ներկայացվի խախտումները վերացնելու մասին համապատասխան փաստաթուղթ: Ստացվում է, որ եթե անգամ դպրոցի տնօրենը պատրաստակամ է խախտումները վերացնելու հարցում, ապա դա զուտ ժամանակի եւ ֆինանսական միջոցների վատնում է: Միեւնույն է` նա պետք է լքի շենքը, իսկ խախտումները վերացնելու մասին մտածի արդեն մեկ այլ շենքում: