Թե մորդ անգամ մտքիցդ հանես, ռուսերենը չմոռանաս…

01/05/2010 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

«Լեզվի մասին» օրենքը` ընդունված 1993-ին, ամրագրում է` ուսումնական հաստատություններում, կրթական ծրագրեր իրականացնող այլ կազմակերպություններում ուսուցման լեզուն, պատկերացրեք, գրական հայերենն է: Այս օրենքի անհրաժեշտությունը 90-ականներին հատկապես արդիական էր, քանի որ հասարակության «սերուցքն» իր զավակների կրթությունը պատկերացնում էր ոչ այլ տեղ` միմիայն ռուսական դպրոցներում: Բայց ոչ այն հիմնավորմամբ, որ, դիցուք, Դոստոեւսկի, Չեխով, Գոգոլ կարդան բնագրով, այլ՝ որովհետեւ ռուսական առոգանությունն ու կոտրտված հայերենը համարվում էին ինտելիգենտության, կրթվածության ցուցանիշ: Սակայն ԿԳՆ-ն ձեռքերը ծալած չի նստել եւ առաջարկում է «բյուրեղացնել» օրենքը: Կառավարությանն է առաջարկվել նախագիծ, ըստ որի` կառավարությունը կարող է արտոնագրել մասնավոր դպրոցներում, մասամբ` պետական դպրոցներում, ուսուցումն իրականացնել օտար լեզուներով: Ըստ այդմ` «Ներկայումս «Լեզվի մասին» ՀՀ օրենքը սահմանափակում է օտարերկրյա եւ միջազգային հեղինակավոր հանրակրթական այլընտրանքային դպրոցների մուտքը ՀՀ այն դեպքում, երբ այդ դպրոցներում կրթություն ստանալու պահանջը մեծ է, իսկ օտար երկիր մեկնելու հնարավորություն ունեցողները քիչ են: Օրենքի ընդունումը կկարգավորի սովորողների սոցիալական խնդիրների եւ այլընտրանքային կրթություն ստանալու հնարավորության հարցը»: Այս թեմայով զրույցը հետաքրքիր է հատկապես լրագրող, հոգեբան Լուսինե Հովհաննիսյանի հետ, ով իր դասախոսի` Ռաֆայել Իշխանյանի հորդորով, ժամանակին տնից տուն էր գնում եւ հայերին համոզում` իրենց երեխաներին տանել հայկական դպրոցներ:

– Լուսինե, որպես հոգեբան` թերեւս կարող եք բացատրել` ինչո՞ւ ենք հայերս այդքան օտարամոլ, ինչո՞ւ մաքուր հայերենով խոսելը հարգի չէ, եւ ինչո՞ւ է այդքան բարդ հասկանալը, որ հայերենում շեշտը դրվում է բառի ո՛չ թե առաջին, այլ վերջի՛ն վանկի ձայնավորի վրա:

– Oտարին կապկելու մեր ցանկության արմատները շատ հեռուներում են, բայց շատ հեռու չգնանք: Խորհրդային տարիներին ձեւավորվեց մի ախտանիշ, որը շարունակությունն էր ուժեղին բարեհաճ լինելու ավանդույթին, պարզապես փոխվել էր օբյեկտը, սկսել էր ձեւավորվել ռուսական կայսրությանը բարեհաճ լինելու երկարատեւ կենսակերպը, որի լավագույն դրսեւորումը ռուսալեզու լինելն էր: Սա, իհարկե, ինչպես մեկ անձի, այնպես էլ ամբողջ ժողովրդի համար անառողջ վիճակ է: Մենք, ըստ իս, ունեցանք (եւ ունենք) ռուսախոսների երկու մեծ խումբ. մի մասը բնական ռուսախոսներն են, ովքեր ձեւավորվեցին պատմական իրողության արդյունքում, եւ մյուսները, ովքեր ամեն կերպ փորձեցին նմանվել նրանց, այսինքն` ոչ թե իմանալ ռուսերեն, այլ չիմանալ հայերեն:

– Անել հնարավորը` հայերեն չիմանալու համար:

– Ցույց տալ, որ հայերեն չգիտեն: Պատճառն, ըստ էության, ճնշված լինելն է: Երբ մեկին երկար ժամանակ ճնշում ես, ճնշողին նմանվելու ձգտում է առաջանում:

– Դուք նշեցիք ռուսախոսներին, բայց դա, կարծես, անցյալում էր, այսօր ռուսերենին բարեհաջող փոխարինում է անգլերենը:

– Արդեն սկսել էինք չամաչել մեր մայրենիից, ավարտել էինք ռուսերենի փուլը, եկավ անգլերենը: Սրա վառ օրինակը մեր հաղորդավարներն են: Եթե ուշադիր չլսենք` ինչ են ասում, հետեւենք միայն առոգանությանը, շեշտին, կզգանք, որ սա անգլախոս ալիքներից ծաղրանկար հիշեցնող կապկում է, ընդ որում, բոլորովին չի նշանակում, թե հաղորդավարը անգլերեն գիտի:

– «Լեզվի մասին» օրենքում այս «փոքրիկ» խմբագրումը, թվում է, փորձ է` ինտեգրվել աշխարհին, երեխաներին տալ բազմակողմանի կրթություն:

– Ես ձեւավորվել եմ մի շրջանում, երբ սկսվեց պայքարը Հայաստանում հայ երեխաներին ռուսական դպրոց տանելու դեմ: Բարձր դասարանում էի եւ տեսնում էի` ինչ է կատարվում շրջապատում: Դա անբացատրելի, անկրկնելի, նախադեպ չունեցող երեւույթ է, երբ մի ազգ իր միատարր հայրենիքում դիմադրում ու չի ուզում սովորել մայրենի լեզվով: Հիմա, երբ, կարծես, անցել էինք այդ ամենը, նորից ենք վերադառնում: 88թ.-ից հետո, ըստ իս, եթե մեզ մի բան միանշանակ, լիարժեք ու բացարձակորեն հաջողվեց` մայրենի լեզվով հանրակրթական դպրոցում սովորելու, կրթություն ստանալու խնդիրն էր: Մնացած բոլոր նվաճումները, որոնք թվարկում ենք, վիճարկման ենթակա են` սկսած հարաբերական անկախությունից, հարաբերական անդորրից, գրավյալ տարածքներից, որ անընդհատ վտանգի տակ ենգ Հայոց լեզվի մեր ձեռքբերումը միակն էր, որ լիարժեք էր: Երբ մի քանի օր առաջ ինտերնետում տեսա, որ «Հայաստանը վերանայում է դպրոցական կրթության լեզվական համակարգին իր մոտեցումը», սկզբում ինձ հանգստացրեցի, որ սա այն չէ, ինչի մասին մտածում ես, բայց երբ հաջորդ տողերից հասկացա, որ խոսքը հենց դրա մասին է, այսինքն` Հայաստանում հնարավորություն է «ընձեռվում» այլ լեզուներով կրթություն ստանալու, սարսափեցի: Հետո տեսա հիմնավորումը. «Հատկապես խոսքը վերաբերում է ռուսերենին»: Սա մեր կրթության նախարարի արտասանած տեքստից է: Ամեն ինչ հասկանալի է` անգլերենի, ֆրանսերենի քողի տակ նորից վերադառնում ենք մի խնդրի, որը, կրկնեմ, միակ լուծվածն էր: Քանդել այն, ինչ նվաճվել է, մարդուն բերում է հուսահատության, որովհետեւ հենց սրա՛ն ձեռք տալ չէր կարելի: Խորհրդային ժամանակ ռուսական դպրոց գնալու մղումը երկու հիմնավորում ուներ` ա) որպեսզի երեխաս կարողանա գնալ դուրս` Մոսկվա եւ Լենինգրադ, բ) հայկական դպրոցների մակարդակը ցածր է: Այսօր այս երկու մոտիվացիան էլ չունենք:

– Այսօր այդ մոտիվացիաները չկան, քանի որ բոլոր դպրոցները հայկական են եւ բոլոր դպրոցներն էլ ունեն անասելի ցածր մակարդակ: Իսկ ժամանակին, իրո՛ք, հայկական դպրոցները զիջում էին ռուսականներին:

– Համաձայն եմ: Չեմ ուզում ձեւ անել, թե այդպես չէր: Այո, ռուսական դպրոցներում մակարդակը բարձր էր, բայց ոչ այն պատճառով, որ Գեյ-Լյուսյակի օրենքը ռուսերեն ավելի լավ է հնչում, կամ, որ ռուսական աղբյուրները հողաթափիկ ինֆուզորիայի մասին ավելի խորը գիտելիք են տալիս, այլ այն պարզ պատճառով, որ մեր մտավորականությունը, կրթված, գրագետ մարդիկ գերադասում էին իրենց զավակներին տանել ռուսական դպրոց: Այ նրանք էին բարձր մակարդակ ապահովում: Այս հարցում ես միշտ բերում եմ Կրուպսկայայի անվան դպրոցի օրինակը: Սա միակ հայկական դպրոցն էր, ուր իրենց երեխաներին բերում էին մտավորականության այն մասը, որը խեղված չէր: Այս դպրոցի մասին ասում էին` լավագույն հայկական դպրոց: Այստեղ լավագույն ոչինչ չկար. նույն ուսուցիչներն էին, նույն ծրագիրը, պարզապես կրթված, գրագետ, մտավոր աշխատանքով զբաղվող մարդկանց երեխաներն էին գերակշռում, որոնք էլ թելադրում էին ընդհանուր կանոնակարգը, խոսելաձեւը, գիտելիքի չափաձողը:

– Տեսե՛ք, նախագիծն ընդամենը քննարկման փուլում է: Այսօր (եւ երեկ) գործում է «Լեզվի մասին» նույն օրենքը, որով կրթություն ստանալու լեզուն դեռեւս հայերենն է: Սակայն դրանից հայերենի որակը կամ, առավել եւս, կրթության որակը չի բարձրանում: Ստացվում է` խնդիրը գուցե ամենեւին էլ օրենքը չէ, այլ այն մարդիկ, ովքեր կրում են լեզուն, մտածում են այդ լեզվով:

– Այս դեպքում հայերենի որակը, կարծում եմ, պետք չէ առանձնացնել, որովհետեւ ոչ մի բանի որակն էլ լավ չէ` ոչ ֆիզիկայի, ոչ մաթեմատիկայի, ոչ ռուսերենի ու անգլերենի:

– Այսինքն` ստացվում է այն, ինչ ասացինք` խնդիրն օրենքը չէ, այլ մենք` հայերենի կրողներս: Մենք չենք ուզում հայերեն սովորել: Հասարակության մեծ մասը հայերեն խոսելու, միտքը հայերենով ձեւակերպելու հաճույքը չի զգում, չի ցանկանում հայերեն գրագետ խոսել եւ գրել իմանալ: Եվ այս դեպքում օրենքն անզոր է:

– Հանրակրթական դպրոցն այլալեզու դարձնելն այլ խնդիր է, հայերեն չիմանալը` այլ խնդիր: Հայերեն չենք խոսում, որովհետեւ ընդհանուր կրթվածության մակարդակն իջել է: Այսօր շատ քիչ երեխա գիտի այն տարրական գիտելիքները, որ պարտադիր էր համարվում մի քանի տարի առաջ: Մենք այսօր ոչ մի բանի իմացություն չունենք: Եվ այս պայմաններում բերել եւ մի անգամ էլ ավերել ավերակը, ասել` հիմա էլ այլալեզու դպրոց ենք ստեղծում, նշանակում է՝ ջնջել եղածն ու վերադառնալ խորհրդային անցյալ:

– Կարծում եմ, Ձեր մտահոգության հիմքում այն մտավախությունն է, որ եթե այս նախագիծը օրենք դառնա, վստահ եք, որ ծնողների մեծ մասը երեխաների ձեռքից բռնած` տանելու է հենց այդ` օտարալեզու դպրոցներ:

– Ես կարող եմ ստորագրել, անգամ երդվել, որ այդպես էլ կլինի: Ես ամեն օր, մյուս ծնողների հետ, դպրոցի բակում սպասում եմ երեխաներիս դուրս գալուն: Այդ դպրոցը նախկին ռուսական դպրոց է: Ես տեսնում եմ ծնողների մի հոծ զանգված, որ վազելով կգնան ռուսական դպրոց: Այդ մարդիկ՝ լինելով հայ, չունենալով որեւէ այլ արյուն, ամեն օր հայերենի, հայալեզու կրթության մասին այնպիսի ծաղր, հեգնանք են ցույց տալիս, որ սահմռկեցուցիչ է: «Տեսա՞ք էն ստիշոկում ինչ բառ էր` «որմնանկար»: Եվ այդ բառը 6 անգամ կրկնում են այնպես, ինչպես մենք կկրկնեինք չինարեն բարդ նախադասություն, եւ մեր ականջին դա բարեհունչ չէր թվա: Նրանց համար ցանկացած հայ գրող, հայերենով ցանկացած «ստիշոկ» ծիծաղի արժանի բան է: Այս խավը հայերենի իր չիմացությունը ցուցադրելով` հավակնություններ ունի ռուսալեզու երեւալ, եւ, ըստ իրենց, ռուսալեզուն ինտելիգենտության հետ աղերսներ ունի: Նույնիսկ դպրոցում ինչ-որ մեկի մասին խոսելիս` ասում են` «ռուսախոս, ինտելիգենտ կին»: Նրանց ծնողները, տատերը սովորեցրել են` լինել ռուսալեզու, նշանակում է` լինել կրթված: Այս մտայնությունը մենք կարողացանք վերացնել: Տեսեք, այն, ծնողը, ով հեգնում էր հայերենը դպրոցի բակում, դասից դուրս եկած իր երեխային ասում է. «Նու, պոշլի դոմոյ, Ալյոշկա»: Նույն Ալյոշկան նրան պատասխանում է. «Լա՛վ, էլի, մա՛մ, մի քիչ խաղամ, նոր»: Այսինքն` երեխան չունի այդ բարդույթը, նա նորմալ հայ երեխա է մեծանում եւ նույնիսկ չի պատկերացնում՝ ինչպես պիտի լինի ռուսական կրթությունը:

– Սակայն անունները` Ալեժիկ, Մարիշ, Էլեն, Նատալի, Ալեն, Էրիկգ

– Ի դեպ, հայերն արդեն անցել են ոչ թե ռուսական, այլ վենեսուելական անուններին: Սա արդեն բարդացած հիվանդություն է:

– Նշեցիք, որ նախագիծը հիմնականում ենթադրում է ռուսաց լեզվով ուսուցում, սակայն պաշտոնյաները նշում են, որ դպրոցները լինելու են անգլալեզու, ֆրանսալեզու եւ այլն: Եվ լուծվում են նաեւ սոցիալական խնդիրներ. երեխան, ով ցանկություն ուներ Թայվանում սովորելու, սակայն միջոցներ չունի, ինչո՞ւ իրեն ճնշված զգա, եթե պետությունը կարող է հնարավորություն ընձեռել նրան` նույն կրթությունը ստանալ տան հարեւանությամբ:

– Այսօր Թայվանում կրթություն ստացող երեխաներն անգլերենը սովորել են կրկնուսույցների մոտ պարապելով: Ոչ ոք դպրոցում այսօր անգլերեն, այլ օտար լեզու չի սովորում: Եթե խնդիրը օտար լեզու սովորեցնելն է`բոլորովին չի նշանակում, որ երեխայի նախնական կրթությունը պետք է այլալեզու լինի: Դրա համար պետք է դպրոցում ունենալ օտար լեզվի բարձրակարգ մասնագետներ, իսկ դրա համար պետք է կաշառքով բուհ չընդունել ու ավարտեցնել տգետ ու սահմանափակ աղջիկների ու հինգ տարի հետո փողով խցկել դպրոցներ ու երեխա խեղել: Իսկ դրա համար պետք է արժանապատվություն ունենալ:

Մենք ունեցել ենք բազմաթիվ կրթության նախարարներ` հայկական կրթությամբ ինտելեկտուա՛լ նախարար, ունեցել ենք ինտելեկտով չծանրաբեռնվա՛ծ հայկական կրթությամբ նախարար, ունենք ռուսական կրթությամբ, բավական կրթված նախարար, ով բոլոր ուսումնական հաստատություններում, որքան գիտեմ, գերազանց գնահատականներով է սովորել, բայց սա բոլորովին չնշանակեց, թե մեր դպրոցում ինչ-որ բան փոխվել է: Այսքան ժամանակ այսքան նախարար ոչինչ չի արել, գոնե այս վերջինն էլ բարի լիներ ոչինչ չանելու ավանդույթը շարունակել: Հասկանում եմ` նախարարը չէ, որ որոշում է` մեր երկրում հանրակրթական դպրոցները պետք է հայալեզու կամ կիրգիզալեզու լինենգ

– Նախարարը չի որոշում, սակայն այնտեղ, որտեղ որոշվում է, գիտեն` հասարակությունն այս հարցում հաճույքով կօգտվի երեխաներին հայերենով կրթությամբ չծանրաբեռնելու` օրենքի ընձեռած հնարավորությունից:

– Գիտե՞ք, հոգնեցնում է ինչ-որ մի զանգվածի համար, որն ուզում է իր երեխային տանել ռուսական դպրոց, պայքարելը: Իսկ գուցե իսկապե՞ս ձեռդ թափ տաս` այս ժողովուրդն ուզում է այլ լեզվով խոսել, իր մայրենին չիմանալ, օտար անուն կրել, ինչո՞ւ խանգարել: Բայց երբ դու որոշում ունես չհեռանալ այս երկրից, եւ քո երեխան էլ դեռ նման որոշում ունի, այդ դեպքում չես կարող լինել անտարբեր: Ես այստեղ եմ ապրելու եւ չեմ ուզում իմ երեխան մեծանա մի երկրում, որտեղ իր ազգակիցներն ա՛յլ լեզվով են խոսում, ա՛յլ մշակույթի կրող են, ինքն` այլ:

– Հիմնավորումներից մեկն էլ այն է, որ, օրինակ, Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթեւի` օտար լեզուների փայլուն իմացությունը ազգափրկիչ նշանակություն ունեցավ, մասնավորապես` թարգմանվեց հունարենից «Աստվածաշունչը»:

– Ազգափրկիչ նշանակություն կարող է ունենալ այն, որ նախարարը, փոխնախարարը, վարչության պետը դադարեն տհասներին բուհերում տեղավորել, պայմաններ ստեղծեն, որ դպրոցի տնօրենը, ուսուցիչը, ուսմասվարը երկչոտ հայացքներով դողէրոցքի մեջ չընկնեն պաշտոնյայի ու նրա երեխայի առաջ: Այ սա ազգափրկիչ կլինի: Աշոտյանն ասում է՝ «աշխարհի հետ խոսենք աշխարհի լեզվով»: Մի՞թե մեր նախարարը չգիտի, որ աշխարհի լեզուն անգլերենը, գերմաներենը, ռուսերենը չեն, դրանք մի տարում կարելի է սովորել, աշխարհի լեզուն գրագիտությունն է, պրոֆեսիոնալիզմը, այստեղից բխող վստահությունը, արժանապատվությունը: Ազգափրկիչն այն չէ, որ երեխային տանեն ռուսական դպրոց: Կարծում եմ` 20 տարին մեկ հայ ժողովրդին չպիտի ստիպենք, որ երեխաներին տանեն հայկական դպրոց: Մինչեւ մեր բարձրաստիճան պաշտոնյաները, կրթության նախարարը ցավ չզգան այս երկրի համար, այլ ոչ թե շտապեն վայելել իրենց պաշտոնավարությունը, ոչինչ չի փոխվի: Ոչինչ չփոխվելուն մի կերպ համաձայնել ենք, եկեք չկործանենք եղածը: