Թեեւ Իտալիայի «Աի Լեոնի» («Ai Lieoni») ռեստորանի խոհարար Մարկո Մարկետտոն առաջին անգամ է Հայաստանում, բայց արդեն հասցրել է նկատել իտալական ու հայկական խոհանոցների միջեւ որոշ նմանություններ, ինչպես նաեւ այն, որ Հայաստանում մարդիկ շատ հաճախ իտալական խոհանոցից գիտեն միայն պիցցան ու մակարոնեղենը:
«Մինչդեռ իրականում իտալական խոհանոցը հրաշալի ավանդույթներ ունի, որոնք մենք փորձելու ենք ներկայացնել առաջիկա փառատոնի ընթացքում: Մենք մեր բոլոր ջանքերն ենք ներդնելու, որ ստանանք լավ արդյունք: Դրա համար պետք է շատ աշխատել»,- ասում է Մարկոն` նկատելով, որ Վենետոյում պակաս պահանջարկ չունեն նաեւ բրինձն ու ձուկը: Մարկոն Հայաստան է այցելել «Իտալական խոհանոցի փառատոնին» մասնակցելու նպատակով, որտեղ ընդգրկված են Իտալիայի եւս 10 շրջանների ներկայացուցիչներ («Անկյուն»` Տոսկանա, «Cucina»` Պիեմոնտե, «Lգ Atelier»` Էմիլյա Ռոմանյա, «Le Bouchon»` Սիցիլիա, «Mama mia»` Պուլիա, «Mezzo Classic House club»` Լոմբարդիա, «Noyan tapan»` Աբրուցցո, «Raffaello»` Լացիո, «Rembrandt»` Վենետո (ծովամթերք), «Rossini»` Կամպանիա): Եթե իտալացի խոհարարն առայժմ դժվարանում է ասել, թե հայկական խոհանոցից առավել շատ ինչն է նախընտրում, ապա Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունու Սկապինին հստակ գիտի դրա պատասխանը` Իտալիայում` լազիանա, Հայաստանում` ավելուկ ու տոլմա: «Շատ եմ հավանում նաեւ հայկական խորովածի պատրաստման եղանակը: Հայկական խոհանոցը հետաքրքիր է: Չնայած այս երկիրը ելք չունի դեպի ծով, բայց կարծում եմ, որ այն ներկայացնում է տիպիկ Միջերկրական երկրների խոհանոց: Հայկական շատ ճաշատեսակներ նման են Իտալիայի հարավում պատրաստվող ճաշատեսակներին, եւ նաեւ այստեղ արտադրվող սննդամթերքն է նման Իտալիայի հարավում արտադրվող սննդամթերքին»,- ասում է ՀՀ-ում Իտալիայի դեսպանը: Ըստ պարոն Բրունիի` Իտալիայում «սեղանի» մշակույթը, ավանդույթները ձեւավորվել են դեռեւս Հռոմեական կայսրության ժամանակ: Հենց այդ ժամանակ էլ ի հայտ եկավ հասարակական երեւույթ համարվող «բանկետը»: Այս ամենը երկար չտեւեց, քանի որ «սեղանի» մշակույթի ձեւավորված ավանդույթները փլուզվեցին հռոմեական կայսրության փլուզմանը զուգահեռ: Եվ միայն 1200-1400թթ. Վերածննդի շրջանի հետ միաժամանակ վերածնվեցին նաեւ խոհարարական ավանդույթները: «Հենց այդ ժամանակ էլ ծնվեց հակասությունը իտալական երկու խոհանոցների միջեւ` հարավային ու հյուսիսային: Հյուսիսային Իտալիայում խոհանոցը հիմնված է կարագի վրա, իսկ հարավային Իտալիայում` ձիթապտղի յուղի»,- ասում է դեսպան Բրունին` ընդգծելով Իտալիայի երկու հատվածների միջեւ առկա տարբերությունները: Օրինակ այն, որ Հարավային Իտալիայում ավելի մեծ տարածում ունի մակարոնեղենը, իսկ հյուսիսում` հորթի մսից պատրաստված կերակուրները: Դեսպանը համոզված է, որ խոհանոցը ոչ միայն արտացոլում է տվյալ երկրի տնտեսությունը, այլեւ` մշակույթը: «Իտալիայի կարեւորագույն հենասյուներից են նորաձեւությունն ու խոհանոցը: Իտալական խոհանոցն իր մեջ կրում է մշակութային որոշակի տարրեր: Այն ունի նաեւ մշակութային արժեք, քանի որ խոհանոցի միջոցով մենք սովորում-ճանաչում ենք տվյալ ժողովրդի ավանդույթները, մշակույթը: Ավելին` ժողովուրդն այսօր այն դիտարկում է որպես արվեստի արտահայտման միջոց»,- նշում է դեսպանը` նկատելով, որ մայիսի 10-16-ը մայրաքաղաքի բնակիչները հնարավորություն կունենան մասնակցելու «համեղ» խոհարարական միջոցառման, որը կազմակերպվել է Իտալիայի դեսպանության եւ միջոցառման գլխավոր հովանավոր «Ermenegildo Zegna» հանրահայտ ընկերության եւ «Անդակո» ընկերության համատեղ ուժերով: Ի դեպ, փառատոնի կազմակերպման ազդակը «Ermenegildo Zegna»-ի 100-ամյակն է, որն աշխարհում տղամարդկանց համար բարձրորակ հագուստ արտադրող ընկերություններից է: Ընդ որում` ընկերությունը տարեկան արտադրում է 500.000 վերնաշապիկ,1,7 մլն հագուստի պարագաներ, 1,5մլն սպորտային հագուստ, իսկ ընդհանուր ապրանքաշրջանառությունը մոտ 700մլն եվրո է: «Զենյան» հագուստի արտադրությամբ սկսել է զբաղվել 1968թ.-ից, իսկ մինչ այդ դեռեւս 1910թ. ընկերության հիմնադիրը` Էրմենեջիլդոն Զենյան, հիմնել է բրդի վերամշակման գործարան իտալական փոքրիկ քաղաքներից մեկում` Տրիվերոյում: «Ընդհանրապես «Զենյան» նորաձեւության ասպարեզում ընտանեկան ամենահին բիզնեսներից է: Ընկերությունը նրանց արդեն 4-րդ սերունդն է ղեկավարում: «Ermenegildo Zegna»-ն հայտնի է նաեւ որպես սոցիալական ծրագրեր իրականացնող ընկերություն: Այն մեծ ուշադրություն է դարձնում նաեւ բնապահպանական խնդիրներին: «Ermenegildo Zegna»-ի 100-ամյակը նշանավորելու համար մենք նպատակահարմար գտանք իտալական նորաձեւությունն արտահայտել հենց խոհանոցի միջոցով: Երկուսն էլ իտալական ապրելակերպի հիմնական բաղադրիչներից են»,- ասում է ՀՀ-ում «Զենյա» ընկերության ներկայացուցչության տնօրեն Ղուկաս Խաչատրյանը: Ի դեպ, կազմակերպիչների փոխանցմամբ երեւանյան տարբեր ռեստորաններում ներկայացվող իտալական ճաշատեսակների գներն այդ օրերին մատչելի կլինեն բոլորի համար: «Ամեն դեպքում, կարծում եմ, որ հայերը միշտ էլ հետաքրքրված են թե՛ իտալական նորաձեւությամբ, թե՛ խոհանոցով, այնպես որ, սա լավագույն հնարավորությունն է իտալական մշակույթին հաղորդակից դառնալու համար»,- հավելեց ՀՀ-ում Իտալիայի դեսպանը:
Ազգային խոհանոցի միջոցով տվյալ երկրի մշակույթին, պատմությանը, ավանդույթներին ծանոթացնելու մարտավարությունը շատ երկրներ են կիրառում: Ամբողջ աշխարհն է ճանաչում եւ սիրում ճապոնական «Սուշին», թաիլանդական, հնդկական, չինական, ուզբեկական խոհանոցը, նրանց մշակույթը: Հենց մեզ մոտ` Հայաստանում, վաղուց արդեն գործում են եւ մեծ հաջողություն են վայելում չինական, ճապոնական, վրացական, մեքսիկական խոհանոցներով ռեստորանները: Այս կամ այն դարաշրջանում ձեւավորված ճաշատեսակի միջոցով ծանոթանում ես նաեւ տվյալ ժողովրդի պատմությանը: Իսկ աշխարհի ո՞ր երկրում կարող եք գտնել հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող խոհանոցով ներկայանալի որեւէ ռեստորան: Ցավոք, դրսում լավագույն դեպքում կարող ենք գտնել սովետական շրջանի ճաշարան հիշեցնող կամ «ռաբիս» որեւէ «օբյեկտ», ուր նույնիսկ անհարմար կզգաս ինքդ այցելել: Թերեւս դրա համար էլ է անհրաժեշտ գեղեցիկ ավանդույթները պահպանելու ավանդույթ ունենալ: