Ինչ-որ անհասկանալի զանգեր են հնչում նաեւ աշակերտների բնակարաններում,
ծնողներին խորհուրդ են տալիս երեխաներին դպրոց չուղարկել, որովհետեւ
հերթական զոհն իրենց երեխան է լինելու: «Մի քանի օր առաջ առաջին դասարանցի
մի երեխայի ծնող վախեցած դպրոց էր վազել երեխայի հետեւից, որովհետեւ
զանգել մորն ասել էին՝ երեխայիդ ինչո՞ւ ես դպրոց ուղարկում, չե՞ս
վախենում, որ հետը մի բան պատահի»,- պատմում է Վ. Թադեւոսյանը: Այս
դպրոցում պտտվող նման լուրերից սա միակ դեպքն է եղել, երբ ծնողը դիմել է
դպրոցի տնօրինությանը. «Մենք անմիջապես դիմեցինք ոստիկանություն,
խնդրեցինք ինչ-որ բան ձեռնարկել»: Դպրոցում այս լարված իրավիճակը ստեղծվել
է մի աշակերտի մահից հետո: 8-րդ դասարանի աշակերտ Աշոտ Մակարյանին
ոստիկանները կախված են գտել Հրազդանի կիրճում, «Հաղթանակ» կամրջի մոտ:
197 դպրոցը միակը չէ, ուր նման խուճապային իրավիճակ է ստեղծվել: Վերջերս
մամուլում հայտնվեց ինքնասպանության եւս մի լուր: Անհայտ զանգողը
տեղեկացրել էր, որ ինքնասպանություն է տեղի ունեցել այս անգամ Նոր Նորքի
5-րդ զանգվածի 166 դպրոցում: Մահացածի մոտ պատին շրթներկով գրված է եղել,
որ սպասվում է նման եւս 4-5 դեպք՝ տեղեկացրել է անհայտ զանգողը: Սա այն
դեպքն է, երբ ասում են՝ բարեբախտաբար լուրն իրականությանը չի
համապատասխանում: 166 դպրոցի տնօրեն Վրեժ Ռաշոյանը եւս չկարողացավ որեւէ
մեկնաբանություն տալ, թե ի՞նչ են գուժում անհայտ զանգերը: Ծնողներն
ահաբեկված են՝ «Ասում են՝ աղանդավորական խմբավորումների գործն է,
երեխաներին գողանում, մատաղ են անում…»:
Ինքնասպանությո՞ւն, թե՞…
197 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Աշոտ Մակարյանի մահվան լուրը ցնցել է
ողջ դպրոցը: Խելոք, կարգապահ, օրինավոր ու համեստ ընտանիքի սիրված երեխա՝
պատմում են ուսուցիչներն ու հարեւանները: «Հնարավոր չի, որ իմ երեխան
ինքնասպանություն գործեր»,- միանշանակ պնդում է Աշոտի մայրը՝ Կարինեն:
Սպանության մասին լռում է, փաստեր չկան: Նոր ուսումնական տարում Աշոտը
դպրոց է գնացել ընդամենը մեկ օր: Սեպտեմբերի 1-3-ը նա մոր հետ մեկնել է
Էջմիածին՝ հիվանդ տատին տեսության, դասերից բացակայելու համար մայրը
դասղեկից թույլտվություն է խնդրել: Դասղեկ Մարիամ Հովհաննիսյանը հաստատում
է: Դպրոց գնացել է սեպտեմբերի 5-ին, ոչ ոք արտառոց ոչինչ չի նկատել: Միակ,
իր կարծիքով, արտառոցը, ինչպես հետագայում վերհիշել է դասղեկը. «Մենք
գիտեինք, թե Աշոտի տատը մահամերձ էր, ու տղան Էջմիածին էր գնացել տատին
վերջին հրաժեշտը տալու, ես ցավակցեցի նրան տատի մահվան առիթով, իսկ նա
ոչինչ չասաց»: Հետագայում, երբ դեպքի հետ կապված ուսուցիչներին
հարցաքննության են կանչել ոստիկանություն, այստեղ են իմացել, որ տատը
կենդանի է: Եվս մի կասկածելի փաստ՝ դեռեւս կես տարի առաջ տղան բնակարանի
սխալ հեռախոսահամար է տվել դասղեկին: Ուրիշ անսովոր ու կասկածելի ոչինչ
չեն հիշում: Դեպքը կատարվել է սեպտեմբերի 6-ին: Առավոտյան սովորականի նման
Աշոտը տանից դուրս է եկել 8:50-ին, մորը մի անգամ եւս զգուշացրել է ժամը
14-ին տեղի ունե նալիք ծնողական ժողովի մասին ու գնացել դպրոց: Ծնողական
ժողովի գնացած մորը տեղեկացրել են, որ որդին այդ օրը դպրոց չի գնացել:
«Հնարավոր չէ, որ Աշոտը ինչ-որ տեղ գնար կամ ինչ-որ բան աներ ու նախապես
տեղյակ չպահեր, դրա համար էլ ինձ տարօրինակ թվաց»,- պատմում է մայրը։ Նա
ժողովի կեսից տուն է շտապել: Մինչեւ ժամը 16-ը փնտրել են տղային,
հարցուփորձ արել բարեկամներին: «Հնարավոր չէր, որ նա այդքան ուշանար,
չզգուշացներ, առանձնապես ինչ-որ տեղեր գնալու սովորություն էլ չուներ,
նույնիսկ բակ շատ քիչ էր իջնում խաղալու»,- ժամը 17-ին դիմում են
ոստիկանություն: «Ժամը 23-ին նոր իմացանք կատարվածի մասին»,- ասում է
մայրը:
«Աշոտը շատ ինքնամփոփ երեխա էր, շատ քիչ էր շփվում, ընկերներ չուներ,
այդպիսի երեխաներին դժվար է ճանաչել,- պատմում է դասղեկը,- բայց քանի որ
շատ խելոք ու կարգապահ երեխա էր, բոլորիս սիրելին էր, դպրոցում որեւէ
պրոբլեմ չուներ, որը կարող էր նրան նման քայլի դրդել»: Ընտանիքը տղային
ներկայացնում է որպես կենսուրախ ու բոլորի հանդեպ խիստ հոգատար: «Դպրոցում
նա այնքան ինքնամփոփ էր, որ մենք նույնիսկ զարմացանք, երբ իմացանք, որ նա
տանը շատ աշխույժ է եղել»,- ասում է դասղեկ Մ. Հովհաննիսյանը: «Առանձնապես
լավ սովորող երեխա չէր, բայց սիրում էր կարդալ»,- շարունակում է դասղեկը:
«Կարդալու հետ հավես չուներ, կոմպյուտերով խաղալ էր սիրում»,- պնդում է
մայրը: Տարօրինակ երեխա էր՝ պատմում են դպրոցում: «Ոչ մի ընդգծված
տարօրինակություն ես չեմ նկատել,- ասում է մայրը,- երբ ինչ-որ հարցով տանը
իր վրա զայրանայինք, նույնիսկ չէր խռովում, ինչպես մեծ եղբայրը, անմիջապես
կգար, շահել, տան սիրված երեխան էր»,- պատմում է հարեւանուհի Նառան:
Դեպքի նախորդ օրը Աշոտը խնամքով սոսնձել ու կազմել է դասագրքերը, երեկոյան
կատակներ արել հիվանդ՝ բարձր ջերմություն ունեցող ու սրսկվելուց վախեցող
ավագ եղբոր հետ: Հետախուզության ժամանակ իրավապահ մարմինները նրա
տետրերում տարօրինակ նկարներ են նկատել: «Խաչի պատկերներ են եղել»,- ասում
է մայրը: Դպրոցի տնօրենն ավելացնում է. «Խաչեր են եղել՝ վրան աչքեր
նկարված, պոզավոր ձուկ»: «Տարօրինակ տգեղ դեմքերով մարդկանց նկարներ տեսել
են դասընկերները»,- շարունակում է դասղեկը: «Նա նկարելու հետ էլ հավես
չուներ, տետրում խզբզած ինչ-որ բան են եղել, ես չեմ կարող բացատրել, մեծ
եղբայրն էլ ասում է՝ ոչ մի տարօրինակ բան չկա այդտեղ, ես էլ եմ սիրում
էդպես նկարներ անել ձեռի հետ, որ մարդու նկար եմ տեսնում, վրան կամ մորուք
եմ նկարում, կամ «նակոլկա», գլխավոր դատախազն էլ է նայել էդ նկարներն ու
արտառոց բան չի նկատել»,- ասում է մայրը:
Աղանդավորական շարժման մեջ լինելու վարկածը հերքում են եւ տանը, եւ դպրոցում, եւ հարեւանները:
Իրավապահները նշել են, որ մահը վրա է հասել 11.30-12.00-ի սահմաններում:
Մորը տարօրինակ է թվում այդ փաստը. «Նա 9-ից 10 պակաս է տանից դուրս եկել,
ո՞նց կարող էր երկու ժամում հասնել Հրազդանի կիրճ ու կախվել, մանավանդ, որ
նա այդ տարածքներին ընդհանրապես ծանոթ չէր, մի քանի անգամ միայն Էջմիածին
գնալիս «Հաղթանակ» կամրջով անցել ենք ու վերջ: Իսկ մենակ նա ոչ մի տեղ չէր
գնում, նույնիսկ ման գալու չէր գնում, նա համարյա միշտ տանն էր լինում,
դուրս գալ չէր սիրում, այստեղ չէր սիրում, բայց, այ, որ Էջմիածին էինք
գնում տատի-պապի մոտ, դուրս էր գալիս, զբոսնում էր, եկեղեցի էր գնում»:
Մայրը հերքում է նաեւ այն լուրերը, թե տղան կախվել է տանից վերցրած
մետաղալարե պարանով. «Տանը մենք այդպիսի պարան ունեինք, պետք էր՝ հայրը
գնել էր, բայց հետո, երբ չափեցինք պարանը՝ չէր պակասել, ինչքան առել էր,
էդքան էլ կար, հետո՝ նա չէր կարող գնել (ուսուցիչներն էլ են
հավաստիացնում, որ թեեւ Աշոտը միշտ պարտաճանաչ էր ներդպրոցական
վճարումները կատարելիս, բայց մոտը երբեք ավելորդ դրամ չէր լինում.- Ն.Ա.),
շրջակայքի վաճառողներն էլ են հարցաքննվել՝ նա ոչինչ չի գնել»: Բացառում է
նաեւ հոգեկան որեւէ հիվանդություն. «Մամուլում գրել էին, թե Աշոտը հոգեկան
հիվանդություն է ունեցել, ինչի հետեւանքով էլ ինքնասպան է եղել, դա
բացարձակ սուտ է, նա, ճիշտ է, 6 տարեկանում բակում խաղալիս մուտքի մոտ
ընկել՝ ուղեղի թեթեւ ցնցում է տարել, բայց դա լուրջ ազդեցություն չի
թողել, հիվանդության պատմությունը կա, ուսումնասիրվել է»: Մայրը ոչ մի
բացատրություն չի կարողանում գտնել տղայի մահվան առիթով:
Ինքնասպանությունը բացառում է: Նրա հավաստմամբ՝ չկա նաեւ որեւէ փաստ, որ
կատարվածը սպանություն է:
Իրավապահ մարմիններն այս առիթով վերջնական խոսք դեռ չեն ասել: Գործը
քննում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունը: Հարուցվել է քրեական
գործ՝ ՀՀ Քրօրի 104 հոդվածի 1-ին մասով: