Հրապարակվել է «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության մամուլի ազատության 2010թ. զեկույցը: Հայաստանը համարվում է ոչ ազատ երկիր. սա վերջին խումբն է` մամուլի համար կան ազատ, մասամբ ազատ ու ոչ ազատ երկրներ: Հայաստանը նույն ցուցանիշներն ունի Կամերունի, Կոտ դգԻվուարի, Մարոկկոյի, Կատարի հետ։ Այս հինգ երկրները նույն ցուցանիշով 146-151-րդ տեղերում են: Չնայած Հայաստանը մնացել է ոչ ազատ երկրների շարքում, այդուհանդերձ, «Freedom House»-ը որոշ բարելավում է արձանագրել: «Հայաստանում եւ Մոլդովայում մենք տեսնում ենք գրաքննության կրճատում, ինչպես նաեւ լուրերի թողարկումների վրա վերահսկողության նվազեցում»,- նշված է զեկույցում։
Անցյալ տարի Հայաստանը 68 միավոր ուներ, հիմա` 66, այսինքն, մնալով հանդերձ նույն խմբում` Հայաստանը անցյալ տարվա համեմատությամբ 2 կետով բարելավում է արձանագրել: Հիշեցնենք, որ Հայաստանը ոչ ազատ երկրների խմբում հայտնվեց «Ա1+» հեռուստաընկերության եթերազրկումից հետո: Հարավային Կովկասի երկրներից առաջատարը Վրաստանն է, որը դասակարգված է մասամբ ազատ երկրների շարքում: Իսկ Ադրբեջանը Հայաստանի հետ ոչ ազատ երկրների շարքում է, բայց ավելի հետին տեղում է: Ընդհանուր առմամբ, զեկույցում ներառված է 196 երկիր: Աշխարհի երկրների 35 տոկոսում մամուլը ազատ է, 33 տոկոսում` մասամբ ազատ, 32 տոկոսում` ոչ ազատ: Քրիստոֆեր Ուոքերը նշում է, որ այս տարի ընդհանուր առմամբ մամուլի ազատության սահմանափակումները շարունակվում են` միտում, որ արձանագրվում է վերջին ութ տարիների համար: Աշխարհում վեց մարդուց ընդամենը մեկն է ապրում ազատ մամուլ ունեցող երկրում: